Նատալի Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նատալի Գալստյան
Ծնվել էնոյեմբերի 25, 1975(1975-11-25) (48 տարեկան)
Մասնագիտությունդիրիժոր
ԱշխատավայրԳոհար սիմֆոնիկ նվագախումբ և երգչախումբ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1999)

Նատալի Արեգի Գալստյան (նոյեմբերի 25, 1975(1975-11-25)), հայ դիրիժոր։ ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի գլխավոր դիրիժոր (2015)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալի Գալստյանը նախնական երաժշտական կրթությունն ստացել է Երևանի Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում։ Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, որն ավարտել է երաժշտագետ-տեսաբանի մասնագիտությամբ։ 1999 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժինը (պրոֆեսոր` Ռաֆայել Մանգասարյանի, Ս. Հովհաննիսյանի դասարան)։ Որպես դիպլոմային աշխատանք ներկայացրել է հայկական ժողովրդական երգերի սեփական մշակումները`«Հովվական», «Արծաթ ջուրը»։ 2001 թվականին ավարտել է ասպիրանտուրան (ղեկավար՝ պրոֆեսոր՝ Դ. Ղազարյան), նշանակվել է Հայաստանի երաժշտական ընկերության Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբի գլխավոր խմբավար (գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր՝ Դ. Զալյան)։ 2007 թվականին ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային-սիմֆոնիկ դիրիժորության բաժինը (պրոֆեսոր՝ Արամ Ղարաբեկյանի դասարան)։ 2008 թվականին որպես դիրիժոր ելույթ է ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ։ Հայաստանի երաժշտական ընկերության կողմից արժանացել է պատվոգրի՝ ազգային երաժշտարվեստին բերած ծառայությունների համար։ 2009-2011 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում։ 2009 թվականի ապրիլին հիմնադրել է «DOMINATUS» vox նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է եղել։

Բազմաթիվ համերգներով հանդես գալով Մոսկվայում, Երևանում և այլ քաղաքներում ներկայացրել է հատուկ «DOMINATUS»-ի կազմի համար արված սեփական գործիքավորումները (երգող գործիքներ, նվագող ձայներ)։ Հիմնել է նաև «ARCUS - CANTUS» մանկական նվագախումբ-երգչախումբը։ 2012 թվականից աշխատել է ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախմբում և երգչախմբում, որպես դիրիժորի օգնական (գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր՝ Սեպուհ Աբգարյան)։ 2015 թվականին նշանակվել է ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի գլխավոր դիրիժոր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Daily, AZG. ««ԳՈՀԱՐ» ՀԱՄՈՒՅԹԻ ՆՈՐ ԴԻՐԻԺՈՐԸՙ ՆԱՏԱԼԻ ԳԱԼՍՏՅԱՆ». AZG Daily. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]