Jump to content

Նախկին մարդիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Նախկին մարդիկ» կամ «նախկիններ» (ռուս.՝ «бывшие люди», «бывшие»), 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո իրենց սոցիալական կարգավիճակը կորցրած մարդիկ՝ արիստոկրատներ, թագավորական բանակի սպաներ, բյուրոկրատիա, հոգևորականություն, վաճառականություն, հարուստ գյուղացիություն (կուլակներ և այլն[1]։ Նախկին սոցիալական կարգավիճակը կորցնելուց բացի նրանք հաճախ ընկել են «ձայնազուրկների» կատեգորիայի մեջ[2]։

Տերմինի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նախկիններ» տերմինը (ֆր.՝ ci-devant) օգտագործվել է Ֆրանսիայում Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին այն ազնվականների նկատմամբ, որոնց տիտղոսներն ու արտոնությունները վերացվել են, և ովքեր հրաժարվել են ընդունել տեղի ունեցած քաղաքական, մշակութային և սոցիալական փոփոխությունները։

«Նախկին մարդիկ» արտահայտությունը Ռուսական կայսրությունում գործածության մեջ է դրվել 1897 թվականին Մաքսիմ Գորկու «Նախկին մարդիկ» (ռուս.՝ «Бывшие люди») պատմվածքի հրապարակումից հետո, որը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր բարեկեցիկ կյանքից հետո հայտնվել են տառապանքի անդունդում։ Եթե 19-րդ դարի վերջին Գորկու համար «նախկին մարդիկ» խղճահարության և կարեկցանքի արժանի մարդիկ էին, ապա խորհրդային իշխանության հաստատումից հետո «նախկին մարդիկ» նոր իմաստով դարձել են տարբեր տեսակի հետապնդումների օբյեկտ։

Բռնաճնշումներ «նախկինների» նկատմամբ ԽՍՀՄ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր գնահատականներով՝ 1913 թվականին Ռուսաստանում եղել է համեմատաբար բարեկեցիկ կյանքով ապրող 22-35 միլիոն մարդ, որոնք բնակվել են ինչպես քաղաքներում, այնպես էլ գյուղերում[3]։

Սերգեյ Կիրովի սպանությունից հետո սկիզբ առած բռնաճնշումների ալիքի ժամանակ ԽՍՀՄ ՆԳԺԿ-ն իրականացրել է «Նախկին մարդիկ» գործողությունը, որի ընթացքում 1935 թվականի մարտին այդ կատեգորիայում ներառված ավելի քան 11 000 մարդ ձերբակալվել է կամ արտաքսվել Լենինգրադից (որի կուսակցական կազմակերպությունը ղեկավարում էր Կիրովը, և որտեղ էլ նա սպանվել է)՝ համաձայն 1935 թվականի փետրվարի 27-ի № 29 հրահանգի՝ «Լենինգրադից և արվարձաններից հակահեղափոխական տարրը երկրի հեռավոր շրջաններ վտարելու մասին»։ 1935 թվականի ապրիլի 1-ից ՆԳԺԿ-ի վարչությունն ընդլայնել է գործողության շրջանակը (ՆԳԺԿ-ի 1935 թվականի մարտի 28-ի «Լենինգրադի մարզի և Կարելիայի ԻԽՍՀ-ի սահմանային շերտերը կուլակներից և հակասովետական տարրերից մաքրելու մասին» (ռուս.՝ «Об очистке погранполосы Ленинградской области и АК СССР от кулацкого и антисоветского элемента») հրամանը), որի ընթացքում վտարվել է 22 511 մարդ (5100 ընտանիք), այդ թվում՝ 101 «նախկին մարդկանց» ընտանիքներ։ Այնուհետև, մինչև 1935 թվականի հունիսի 15-ն անձնագրային գործառնություններով քաղաքից և սահմանային շերտից արտաքսվել է ավելի քան 8000 մարդ[4]։

Մեծ տեռորի ժամանակ խորհրդային իշխանությունը, երկիրը «մաքրելով» «նախկին մարդկանցից» այդ տերմինի ամենալայն իմաստով, այսինքն՝ խորհրդային իշխանության «ավանդական» թշնամիների բոլոր կատեգորիաներից (ՆԳԺԿ տերմինաբանության մեջ՝ «վարկաբեկող սոցիալական և քաղաքական անցյալ» ունեցող անձինք)՝ «չջախջախված» կուլակներից, նախկին հողատերերից, թագավորական պաշտոնյաներից, սպիտակ սպաներից, եկեղեցականներից, էսէռներից, մենշևիկներից և այլն, ինչպես նաև ռեցիդիվիստներից։ Զանգվածային ձերբակալություններով և գնդակահարություններով ՆԳԺԿ-ն պետք է վերացներ ԽՍՀՄ-ում «ապստամբական բազան» պատերազմի դեպքում[5]։

ԽՍՀՄ ՆԳԺԿ 1939 թվականի հոկտեմբերի 11-ի № 001223 հրամանը սահմանել է բյուրոկրատական ընթացակարգեր «հակասովետական և սոցիալապես օտար տարրին» հետևելու համար՝ «նախկին մարդկանց» կատեգորիան սահմանելով հետևյալ կերպ. «նախկին ցարական և սպիտակգվարդիական վարչակազմը, նախկին ազնվականները, հողատերերը, վաճառականները, առևտրականները, որոնք օգտագործում են վարձու աշխատանք, ձեռնարկությունների սեփականատերեր և այլն[6]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Малая церковка. Свечи оплывшие.
Камень дождями изрыт добела.
Здесь похоронены бывшие, бывшие.
Кладбище Сент-Женевьев-де-Буа.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Российский гуманитарный энциклопедический словарь. — М.: Гуманит. изд. центр ВЛАДОС: Филол. фак. С.-Петерб. гос. ун-та. 2002.
  2. Мешковая С. И. Состав служащих засорен «бывшими людьми»: лишенцы Харькова и Донецка в период чистки советского аппарата 1930—1931 гг. Արխիվացված 2022-04-03 Wayback Machine // Вісник НТУ «ХПІ». 2014. — № 25 (1068)
  3. Смирнова Т. М. Бывшие люди Советской России. Стратегии выживания и пути интеграции. 1917—1936 годы, Мир истории, 2003. — 296 pp. — ISBN 5-98308-002-4
  4. «Энциклопедия Санкт-Петербурга». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
  5. Охотин Н., Рогинский А. Из истории «немецкой операции» НКВД 1937—1938 гг. Արխիվացված 2013-05-19 Wayback Machine // Репрессии против российских немцев. Наказанный народ. — М.: «Звенья», 1999
  6. Приказ НКВД от 11.10.1939 № 001223
  7. «Кладбище под Парижем». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.