Յակչալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառնարան
Յակչալ
یخچا
Յակչալ իրանի Յազդ քաղաքում
ԵրկիրԻրան

Յակչալ (պարս.՝ یخچا՝ «փոս սառույցով»), հնադարյան սառնարանի տեսակ, գոլորշիացնող տիպի սառցապահարանի տեսակ։

Շինությունն ունի վերգետնյա գմբեթաձև մաս և ստորգետնյա պահեստներ։ Օգտագործվել է սառույցի պահպանման համար, երբեմն նաև պարենմթերքի։ Ստորգետնյա հատվածն ունեցել է հաստ, ջերմակայուն պատեր։ Այս կառույցները գլխավորապես կառուցվում էին Իրանում։ Յակչալների մեծ մասը կառուցվել են հարյուրավոր տարիներ առաջ, բայց կանգուն են մինչև օրս[1]։

Պատրաստման տեխնոլոգիա և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա 400 թվականին պարսիկ ճարտարագետները յուրացրին անապատներում յակչալների օգտագործման տեխնոլոգիան, ձմռանը սառույցը ստեղծելու և ամռանը պահելու համար։ Յակչալների մեծ մասում տարվա ցուրտ եղանակներին սառույցը ստեղծվում է ինքն իրեն, ջուրը ակվեդուկից (ջրանցույց) հոսում է դեպի յակչալ և սառում է կառույցի ներսում։ Սովորաբար ակվեդուկի պատը ձգվում է արևելքից արևմուտք յակչալին կպած, իսկ ջուրը լցվում է հյուսիսային կողմից, որպեսզի պատի ստվերը ջուրը սառեցնի։ Որոշ դեպքերում սառույցը բերում են հարևան սարերից, պահպանելու կամ սառեցնելու պրոցեսն արագացնելու համար։

Շինության ձևը թույլ է տալիս որպեսիզի սառը օդը ներթափանցի կառույցի հիմքի մոտ գտնվող մուտքից և իջնի մինչև յակչալի ամենացածր մասը՝ մեծ ստորգետնյա տարածություններ, մինչև 5000 մ3 ծավալով։ Միևնույն ժամանակ շինության բարձր կոնաձև ձևը ջերմությունն ուղղում է դեպի վերև և դուրս է բերում կառույցի ամենավերևի հատվածում գտնվող անցքից։ Շնորհիվ այս ակտիվ պրոցեսի յակչալի ներսում օդը մնում է ավելի սառը, քան դրսում է։ Յակչալը կառուցվում է յուրահատուկ ջրակայուն խառնուրդից, որ կոչվում է «սարուջ» (պարս.՝ ساروج): Խառնուրդը կազմված է ավազից, կավից, հավկիթի սպիտակուցից, կրաքարից, այծի բրդից և մոխրից, որոշակի համամասնություններով։ Այս շինարարական նյութը խիստ իջեցնում է ջերմափոխանակությունը և համարվում է ամբողջովին անջրանցիկ։ Սարուջից պատերը հիմքի մոտ ունեն 2 մետրից ոչ պակաս հաստություն։

Հաճախակի յակչալներն ունեն հասանելիություն ակվեդուկներին և երբեմն էլ հագեցվում էին քյարիզով և բադգիրով՝ (պարս.՝ بادگیر) հնադարյան քամի որսացողներ կամ քամու աշտարակներ, որոնք ունակ են յակչալի ներսում ջերմաստիճանի արագ իջեցմանը մինչև 0 աստիճան, նույնիսկ ամռանը։

Հարդաշաղախ աղյուսից քառակուսի կամ կիսաքառակուսի կառույցները՝ բադգիրները, վերևի անցքերից բռնում են նույնիսկ ամենաթույլ քամին և սառացված օդը՝ ներսում ուղղահայաց ամրացված փայտե շերտաձողիկներով ուղղում են ներքև, դեպի ջուրը կամ ներքևում գտնվող կազմությունը։ Անապատային քաղաքներում տներից շատերը ևս ունեն բադգիրներ։

Յակչալներում պատրաստված և պահպանված սառույցը օգտագործվում է տարբեր նպատակներով ամբողջ տարվա ընթացքում, հատկապես ամառային շոգ օրերին, սնունդի պահածոյացման և պահպանման համար, Ֆալուդեհի՝ ավանդական պարսկական սառեցված աղանդերի պատրաստման համար։

Յակչալ իրանի Մեյբոդ քաղաքում։ Տեսքը ներսից և դրսից

Քերմանում յակչալը տեղակայված է քաղաքի կենտրոնից մոտ մեկուկես կիլոմետր հեռավորության վրա։ Այն կոնաձև շինություն է և ունի մոտ տասնութ մետր բարձրություն։ Հաստ ջերմամեկուսացումը և ջրի անդադար հոսքը ամբողջ ամառվա ընթացքում պահպանում են ցածր ջերմաստիճանը։

Իրանի Քերման քաղաքի մոտ գտնվող յակչալ

Մեր օրերում իրանում, Աֆղանստանում և Տաջիկստանում «յակչալ» տերմինը կիրառվում է նաև որպես ժամանակակից կենցաղային և առևտրային սառնարանների անվանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mahdavinejad M., Javanrudi K. Assessment of Ancient Fridges: A Sustainable Method to Storage Ice in Hot-Arid Climates(անգլ.) // Asian Culture and History. — 2012. — Т. 4. — № 2. — doi:10.5539/ach.v4n2p133

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]