Համամասնություն
Համամասնություն, համաչափություն պլաստիկ արվեստներում, ստեղծագործության տարրերի, նաև առանձին տարրերի և ամբողջության չափային հարաբերակցումը։ Մասնավորապես տարբերակում են ճարտարապետական և մարդու մարմնի, դեմքի համամասնություններ։ ճարտարապետական համամասնությունները մեծությունների (գծային չափերի, մակերեսների, ծավալների) տարածական հարաբերությունների որոշակի համակարգ է, որի շնորհիվ ներդաշնակվում են կառույցի մասերը, և ստեղծվում է ամբողջական ճարտարապետական կերպար։ Համամասնությունների տարբեր համակարգեր պայմանավորված են գիտության մակարդակով, տվյալ ժամանակի գեղագիտությամբ, արվեստի ընկալման ազգային առանձնահատկություններով, բնության մեջ գոյություն ունեցող համամասնություններով են։ Համամասնությունների համակարգերը հիմնվում են պարզ ամբողջական թվերի (թվաբանական կամ այսպես կոչված մոդուլային համակարգ) հարաբերությունների կամ երկրաչափական եղանակների վրա, որոնց միջոցով ստացվում են իռացիոնալ հարաբերություններ (օրինակ, քառակուսու անկյունագծի հարաբերությունը նրա կողմին, տես՝ Ոսկե հատում)։ Հնարավոր է նաև թվաբանական և երկրաչափական համակարգերի զուգակցումը։ Մարդու մարմնի համամասնությունների համակարգերում որպես միավոր ընդունվում է գլխի չափը, մատնահատվածը։ Համամասնության մասին պատկերացումները ծագել և կազմավորվել են Հին աշխարհի ճարտարապետների, նկարիչների գործունեության ընթացքում։ Ճարտարապետության և դիզայնի բնագավառում իրերի և պարամետրերի ժամանակակից միօրինականացման պայմաններում համամասնությունների համակարգերի մշակումը մեծ նշանակություն ունի։ Ճարտարապետության մեջ համամասնություն տերմինի փոխարեն օգտագործվում է համաչափություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 95)։ |