Միքայել Սերյան (Պանդուխտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքայել Սերյան
1884 - 1920
ԾննդավայրՀունան, Մուշ
Մահվան վայրՍարիղամիշ, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Ծառայության տարիներ1903-1920
Հրամանատարն էրՀայաստանի երկրապահ զորամասի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Էրզրումի ճակատամարտ, Սարիղամիշի ճակատամարտ և Զանգեզուրի ինքնապաշտպանություն

Միքայել Սերյան (Պանդուխտ) (1884, Հունան, Մուշ - 1920, Սարիղամիշ, Հայաստանի Առաջին Հանրապետություն), հայ ռազմական գործիչ, ֆիդայի, Հայաստանի երկրապահ զորամասի հրամանատար: Եղել է 1918 թվականի Սարդարապատի հերոսամարտի հրամանատարներից մեկը: Եղել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն կուսակցության մարտական դպրոցի ներկայացուցիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Սերյանը ծնվել է 1884 թվականին Մշո շրջանի Հունան գյուղում: 1903 թվականին Հունան գյուղը Համիդյան ջարդերի օրերին ոչնցացվել է, իսկ բնակչությունը՝ կոտորածի ենթարկվել:

Մեկնելով Բուլղարիա՝ Միքայելը ստանում է զինվորական կրթություն: Միքայել Սերյանը մասնակից է եղել Սասնա շրջանի ինքնապաշտպանությանը: 1909 թվականին Կոստանդնուպոլիսում մասնակցել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության համագումարին: 1909 թվականին Ադանայի ջարդերի ժամանակ, Կոստանդնուպոլիսի հայաշատ շրջաններում ինքնապաշտպանություն կազմակերպելու նպատակով շրջել է այդ շրջաններում:

Մեկնելով Ամերիկա՝ նվիրվում է քարոզչական-կազմակերպչական աշխատանքներին Հնչակյան կուսակցությունում: Վերջինիս գործունեության պատմական էջերից հայտնի է, որ 1912 թվականին Միքայելն այցելել է Չիկագո, որտեղ բացել է ակումբ-գրադարան: Եղել է դերասանական ակումբի հիմնադիր Հնչակյան կուսակցությունում:

1915 թվականին դառնում է ամերիկահայ կամավորականների առաջին խմբի հրամանատար և հասնում Կովկասյան ռազմաճակատ: Իր հրամանատարական գործունեությունը նա նախ սկսել է Կարսում՝ դառնալով Ամերիկայից ժամանած հնչակյան 350 կամավորների հրամանատար: Հրամանատարներ Գրիգոր Ավշարյանի մահից և Հայկ Բժշկյանի վիրավորվելուց հետո ստանձնում է այդ գնդի հրամանատարի պաշտոնը:

1915-1916 թվականների Էրզրումի ինքնապաշտպանության օրերին Միքայել Սերյանը շուրջ 1000 կամավորներով դառնում է Փարատովի հրամանատարության տակ գտնվող ռուսական բանակի առաջապահ: 1917 թվականի սեպտեմբերին Թբիլիսիում որպես 6-րդ գնդի ներկայացուցիչ Հայ ազգային համախորհրդակցությանն է մասնակցում նաև Միքայել Սերյանը: Երբ Ազգային բյուրոյի նախաձեռնությամբ ստեղծվում է Հայաստանի երկրապահ զորամասը, հրամանատար է նշանակվում Անդրանիկ Օզանյանը: Ազգային ժողովի զինվորական կոմիտեի առաջարկությամբ Միքայելը նշանակվում է Անդրանիկի բանակի մի զորամասի հրամանատար:

1915 թվականին Միքայել Սերյանը ակտիվ մասնակցություն է ունենում նաև Սարիղամիշի ինքնապաշտպանություն կազմակերպելու գործում: Իր 200 հեծյալներով մայիսի 27-ին Արագածի լանջին անակնկալ կերպով հարձակվում է թուրքական բանակի թիկունքի վրա և ապահովում հայերի հաղթանակը Սարդարապատի ճակատամարտում[1]: Այնուհետե իր զորքով Զանգեզուրում միանում է Անդրանիկ Օզանյանին և հաղթական մարտեր մղում Ղարաբաղում և Զանգեզուրում:

1920 թվականին Միքայել Սերյանը Սարիղամիշում թունավորվում և մահանում է: Մահվան կապացությամբ Բուլղարիայի շրջանի «Պալքանյան մամուլը» գրում էր. «Տարաբախտ ընկեր Պանդուխտի ընկերները դատական իշխանություններին դիմելով պահանջում են, որ բացվի քննություն՝ Պանդուխտին թունավորող դաշնակցականներին երևան հանելու համար, և հետապնդում կատարվի ոճրագործների դեմ»: «Երիտասարդ Հայաստան», «Նոր սերունդ» մամուլները ևս պնդում էին, որ Միքայել Սերյանը մահը ոճրագործության արդյունք էր:

Աղբյուրներ և գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համբարյան Ա., Ազատագրական շարժումները Արևմտյան Հայաստանում (1898-1908 թթ.), Երևան, 1999, 478 էջ։
  • Հովհաննիսյան Գ., Հնչակյան կուսակցության պատմություն (1887-1915 թթ.), Երևան, 2012, 354 էջ։
  • Չելեպյան Անդրանիկ, Զորավար Անդրանիկ և հայ հեղափոխական շարժումը, Երևան, 1990, 720 էջ։
  • Չորմիսեան Լևոն, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Բ. հատ. (1878-1908 թթ.), Պէյրութ, 1974, 572 էջ։
  • Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան (1887-1962), հատ. Ա., խմբ. Ա. Կիտուր, Պէյրութ, 1962, 640 էջ։
  • Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան (1887-1962), հատ. Բ., խմբ. Ա. Կիտուր, Պէյրութ, 1963:
  • Սերոբեան Մ., Մեր պայքարը հայ ազատագրութեան ուղիով (վերլուծումներ Հայկական հարցին շուրջ), Գահիրէ, 1948, 384 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]