Սասունի ինքնապաշտպանություն (1915)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սասունի ինքնապաշտպանություն, 1915 թվական Սասունի հայերի գոյամարտը Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում իրականացվող հայկական ցեղասպանության ժամանակ։ Առաջին համաշխարհային պատերազմը (1914-1918) թուրք կառավարությանը հնարավորություն տվեց իրագործել Սասունը վերջնականապես ընկճելու և հայերին ոչնչացնելու ծրագիրը։ Սակայն Արևմտյան Հայաստանի տարբեր մասերից եկող լուրերը հայերի զանգվածային կոտորածների մասին սասունցիներին հարկադրեցին պատրաստվել ինքնապաշտպանության՝ ունենալով միայն 1000 հին ու նոր մարտական և որսորդական հրացան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սասանի պաշտպանների խմբերը, որոնց գլխավորում էին Փեթարա Մանուկը, Ռուբենը, Կոմսը, Իշխան Շառոն, Մուշեղը, Սաղտունցի Հովհաննեսը, Վահան Վարդանյանը, Մշեցի Աճոն (Մկրտիչ Պոլեյան), իշխանաձորցի Արթինը և Կրպոն, Ստեփան վարդապետը և ուրիշներ, դիրքեր գրավելով կարևորագույն կետերում, 1915 թվականի մարտին հետ շպրտեցին թուրք, ու քրդական ուժերը, որոնք հարձակվել էին Տալվորիկի վրա։ Ապրիլ-մայիսին համառ մարտեր տեղի ունեցան Խուլփի, Խիանքի, Իշխանաձորի, Սրսփանքի շրջանում։ Չնայած անձնվեր դիմադրությանը, այդ վայրերի հայերը թուրք-քրդական գերակշիռ ուժերի, հրանոթային կրակի ճնշման տակ նահանջեցին դեպի Անդոկ սարը։

Հունիսին թուրքերը հարձակվեցին Փսանքի շրջանում։ Իրենց հայրենակիցներին օգնության եկած Տալվորիկի մարտիկները հանկարծակի հարձակումով խուճապի մատնեցին քրդերին և գրավեցին կարևոր նշանակություն ունեցող Մազի (Սատանի) կամուրջը։ Այնուամենայնիվ, թուրք-քրդական մեծաքանակ ուժերն աստիճանաբար բոլոր կողմերից սեղմեցին պաշարման օղակը, հունիսին Սասունի պաշտպանների ձեռքին մնաց ընդամենը 1200 կմ² տարածություն։ Հուլիսին թուրք-քրդական ուժերն անցան վճռական հարձակման։ Հուլիսի սկզբին թուրք-քրդական 30 հազարանոց բանակը մեծ կորուստների գնով գրավեց Կուրտիկը։ Հուլիսի 20-ին հայերը հետ գրավեցին Շենիկը՝ ձեռք բերելով ռազմավար, այդ թվում՝ 3 թնդանոթ։

Թուրք-քրդական հրոսակները, համալրվելով Մուշի կոտորածներն իրականացրած թուրք-քրդական ուժերով, հուլիսի 23-ին անցան նոր հարձակման, գրավեցին Անդոկի ստորոտին գտնվող Հրմոյի գոմերը, կոտորեցին հայերին, հատկապես՝ կանանց և երեխաներին։ Անդոկի, Ծովասարի և Գեբինի լեռներում սասունցիները դիմադրեցին մինչև օգոստոսի 3-ը։ Թուրք-քրդական բարբարոսները կոտորեցին պաշտպանների մեծ մասին, քչերին հաջողվեց մարտերով ճեղքել կրակի գիծը։

Հետագա ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկճելով Սասունի պաշտպաններին՝ թուրք-քրդական ջարդարարները 60 հազար հայերից ավելի քան 45 հազարին կոտորեցին, մնացածները թաքնվեցին լեռներում ու ձորերում և միայն 1916 թվականի գարնանը, երբ ռուսական զորքերը գրավեցին Մուշը, մի քանի հազար սասունցիներ իջան լեռներից և փրկվեցին կոտորածից։

Սասունի ինքնապաշտպանությունն ուղղված էր թուրքական կառավարության իրականացրած ցեղասպանության դեմ և հայ ժողովրդի գոյատևման պայքարի հերոսական արտահայտություններից է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։