Միջնակարգ մասնագիտական կրթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջնակարգ Մասնագիտական Կրթություն, մասնագիտական կրթության ձեվերից մեկը։ Նպատակն է կադրեր պատրաստել արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, մշակույթի տարբեր ճյուղերի, առողջապահության համար, միաժամանակ իրականացնել այդ կադրերի որակավորման բարձրացումը։ Միջնակարգ մասնագիտական կրթությունը, որպես մասնագիտական և ընդհանուր կրթության ինքնուրույն աստիճան, ձևավորվել է 20-րդ դարի 1-ին կեսին, չնայած առանձին միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ երևան են եկել 18-րդ դարում (Եվրոպայում և ՌուսաստանումԽՍՀՄ-ում Միջնակարգ մասնագիտական կրթությունը ժողկրթության օրգանական մասն է, համընդհանուր միջնակարգ կրթության իրականացման հիմնական ձևերից մեկը, իրականացվում է ավելի քան 450 տարբեր մասնագիտություններով, որոնք միավորվում են ճյուղային խմբերի մեջ (երկրաբանական, լեռնային, էներգետիկայի, մետալուրգիական, մեքենաշինական, սարքաշինական, էլեկտրատեխնիկական, ռադիոտեխնիկական, քիմիական, շինարարական, տեքստիլ, սննդի, ինդուստրիալ, երկրագործական, ֆոտոկինո-տեխնիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսական, բժշկական, մանկավարժական, երաժշտական, թատերական, գեղարվեստական և այլն)։ Առանձին ճյուղ է ռազմական կրթությունը։ Միջնակարգ մասնագիտական կյրթության համակարգում ուսումնական հաստատությունների հիմնական տեսակներն են

  • տեխնիկումները (արդյունաբերական, շինարարական, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսական, տնտեսագիտական, կոոպերատիվ և այլն)
  • ուսումնարանները (բժշկական, ծովագնացության, մանկավարժական, երաժշտական, գեղարվեստական, պարարվեստի, թատերական և այլն)
  • դպրոցներ

Ուսումնական առարկաների կոմպլեքսն ու ծավալը, յուրաքանչյուր մասնագիտության ուսումնական ժամկետը որոշվում են Միջնակարգ մասնագիտական կրթության ողջ համակարգի համար ԽՍՀՄ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության հաստատած ուսումնական պլանով։ Կիրառվում են ընդունելության միասնական կանոններ։ Ընդունվելու իրավունքը երաշխավորված է 8-ամյա միջնակարգ դպրոցն ավարտած ԽՍՀՄ բոլոր քաղաքացիներին։ Ցերեկային բաժիններ ընդունվում են մինչե 30 տարեկանները, երեկոյան և հեռակա բաժիններ՝ առանց տարիքի սահմանափակման։ Միջնակարգ պրոֆտեխնիկական ուսումնարաններ ավարտածների համար գոյություն ունեն խմբեր՝ ուսուցման կրճատված ժամկետով։ Ընդունվողները, որպես կանոն, հանձնում են 2-3 մրցութային քննություն։ Ցերեկային ուսուցումը 8-ամյա դպրոցն ավարտածների համար 3-4 տարի է, միջնակարգն ավարտածների համար՝ 2-3։ Ավարտողները հանձնում են պետական քննություններ կամ պաշտպանում դիպլոմային աշխատանք (նախագիծ) ու ստանում միասնական նմուշի դիպլոմներ։ Ուսուցման հիմնական կազմակերպչական ձեերն են՝

  • դասը,
  • դասախոսությունը,
  • լաբորատոր պարապմունքները,
  • ուսումնական, արտադրական պրակտիկաները,
  • կուրսային և դիպլոմային նախագծերը։

ԽՍՀՄ-ում հրատարակվում է «Սրեդնեե սպեցիալնոյե օբրազովանիե» («Среднее специальное образование», 1954) ամսագիրը։ Սովետական իշխանության տարիներին միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ են հիմնվել բոլոր միութենական հանրապետություններում։ 1930 թվականին դրանցում բացվել են երեկոյան և հեռակա բաժիններ, 1950-ական թվականներին ստեղծվել են երեկոյան և հեռակա մասնագիտացված տեխնիկումներ։ 1978-1979 ուսումնական տարում ԽՍՀՄ-ում գործում էր 4332 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն (4671 հազար սովորող)։ Սովետական իշխանության տարիներին Միջնակարգ մասնագիտական կրթության համակարգում պատրաստվել է ավելի քան 20 միլիոն մասնագետ։ Սոցիալիստական մյուս երկրներում նույնպես գոյություն ունեն Միջնակարգ մասնագիտական կրթության պետական համակարգեր, որոնք համապատասխանում են այդ երկրների ազգային առանձնահատկություններին և ժողտնտեսության պահանջներին։ Միջնակարգ մասնագիտական կրթությունը կազմակերպվում է նաև Ասիայի և Աֆրիկայի զարգացող երկրներում։ Միջնակարգ մասնագիտական կրթության համակարգը բազմատեսակ է կապիտալիստական երկրներում։ ՀԽՍՀ-ում 1921—1922 ուսումնական տարում գործում էր 3 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն (268 սովորող), 1978-1979 ուսումնական տարում՝ 65 (55 հազար սովորող, այդ թվում՝ 42, 2 հազար ցերեկային, 5, 1 հազար երեկոյան, 7, 7 հազար հեռակա բաժիններում)։ Միջնակարգ մասնագիտական կրթությամբ կադրեր են պատրաստվում 158 մասնագիտությամբ։ 1929—1976 թվականները պատրաստվել է 193, 5 հազար մասնագետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 594