Միջնադարյան բուլղարական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
14-րդ դարի բուլղարական ձեռագիր Թոմիչի սաղմոսագրքի էջը

Միջնադարյան բուլղարական գրականություն, 9-րդ դարից մինչև 15-րդ դարավերջ ստեղծված բուլղարական գրականությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարական առաջին կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանրանկար Իվան Ալեքսանդրի ավետարաններից, պատկերված է ցարը և թագավորական ընտանիքը
Կլիմենտ Օխրիդացի

Բուլղարական գրականության ծնունդը կապված է 886 թվականին Կյուրեղի և Մեթոդիոսի աշակերտների ժամանման հետ։ Դա տեղի է ունեցել 865 թվականին Բուլղարիայի մկրտությունից և հունարենով պաշտամունքի ընդունումից հետո։ 865-886 թվականներին Բուլղարիայում պատարագային գրականությունը գրվել է հունարենով։ Կիրիլի և Մեթոդիոսի դպիրների գրական լեզուն մոտ էր Բուլղարիայի բնակչության լեզվին։ Երբ Բուլղարական կայսրությունը ընդունեց Կյուրեղի և Մեթոդիոսի աշակերտներին Մեծ Մորավիայից վտարվելուց հետո, երկիրը դարձավ հարուստ գրական գործունեության կենտրոն, որը հայտնի է որպես միջնադարյան բուլղարական մշակույթի ոսկե դար։

9-րդ դարի վերջերից և 10- 11-րդ դարերում բուլղարական գրականությունը ծաղկում ապրեց, բյուզանդական հունարենից բազմաթիվ գրքեր թարգմանվեցին, բայց նաև ստեղծվեցին նոր գործեր։ Շատ գիտնականներ աշխատել են Պրեսլավի և Օխրիդի գրադպրոցներում՝ ստեղծելով կիրիլիցա գիրը։ Բուլղարացի գիտնականներն ու նրանց աշխատությունները ազդել են սլավոնական աշխարհի մեծ մասի վրա՝ տարածելով հին բուլղարերենը (հին եկեղեցական սլավոնական), կիրիլիցան և գլագոլիցայի այբուբենը Կիևյան Ռուսիայում, միջնադարյան Սերբիայում և միջնադարյան Խորվաթիայում։

Այս ժամանակաշրջանի կարևոր աշխատությունը՝ Դիդակտիկ Ավետարանը, քարոզների ժողովածու էր, նախատիպը Պրեսլավացի եպիսկոպոս Կոնստանտինի դիդակտիկան է, որը գրվել է հին բուլղարերեն (հին եկեղեցական սլավոնական) լեզվով 894 թվականին։ Տեքստը գրվել է հին բուլղարերենով 9-րդ դարի վերջին կամ 10-րդ դարի սկզբին, հավանաբար Բուլղարիայում։ Դրա աղբյուրը բյուզանդական իրավունքն էր[1][2]։

Քանի որ Բուլղարական կայսրությունը 1018 թվականին ենթարկվեց բյուզանդացիներին, բուլղարական գրական գործունեությունը անկում ապրեց։ Այնուամենայնիվ, Երկրորդ Բուլղարական կայսրության ստեղծումից հետո հաջորդեց վերելքի ևս մեկ շրջան 14-րդ դարում Եվթիմիոս պատրիարքի օրոք։ Եվթիմիոսը հիմնեց Տարնովոյի գրական դպրոցը, որը զգալի ազդեցություն ունեցավ Սերբիայի և Ռուսաստանի գրականության վրա։ Բուլղարական գրականությունը շարունակեց զարգանալ Օսմանյան կայսրությունում։ Այս ժամանակաշրջանի կարևոր գործերն են.

  • Իվան Ալեքսանդրի ավետարանները, 1355–1356
  • Սոֆիայի սաղմոսագիրքը, 1337
  • Թոմիչի սաղմոսագիրքը, 1360

Այս շրջանում ծաղկում է ապրել թարգմանչական գործը։ Ընդհանուր առմամբ թարգմանվել են մի քանի հազար բյուզանդական գործեր։ Ցար Սիմեոնի թարգմանիչների գործունեությունը հանգեցրեց «գրական մոդելների» ստեղծմանը Slavia Orthodoxa-ի (ուղղափառ հարավային և արևելյան սլավոնների գրական համայնքի անվանումը) մյուս ժողովուրդների համար։ Ստեղծելով Բյուզանդիայի թարգմանական գրականության «ոսկե ֆոնդը»՝ բուլղարական գրականությունը վերածվեց «միջնորդ գրականության»[3]։

Գրական առաջին հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այբբենական աղոթք, X դար

Ինքնատիպ գրականության առաջին հուշարձանները ստեղծվել են Կիրիլի և Մեթոդիոսի աշակերտների կողմից և նվիրված են օրհներգությանը։ Դրանք ներառում են Մեծ Պահքի Տրիոդիոնի բնօրինակ մասը (ավելի քան 400 շարական), որը գրվել է Կոնստանտին Պրեսլավցու մասնակցությամբ։ Վերջինս Կլիմենտ Օխրիդիացու հետ միասին կազմել է Աստվածահայտնության և Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոների շարականների շարքը։ Կլիմենտ Օխրիդացին մի քանի շարականներ է գրել առաքյալին և սրբերին, կանոն Եվթիմիոս Մեծին, մի քանի տասնյակ գովասանքի և ուսուցման խոսքեր, այդ թվում՝ «Գովասանքի խոսք Կիրիլին»։

Կոնստանտին Պրեսլավսկին և Նաումը կազմել են Անդրեաս Առաքյալի և Միքայել հրեշտակապետի կանոնները։

Հին բուլղարական սրբագրությունը պահպանվել է միայն հատվածաբար։ 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին ստեղծվել են Կլիմենտ Օխրիդացու, իշխան Բորիսի, ճգնավոր Իվան Ռիլսկու, ցար Պետրոսի (մահ. 969 թվական) տարեգրությունները։

Պահպանված բուլղարական տարեգրություններից պահպանվել է միայն երկու թարգմանված հուշարձան՝ «Բուլղարական խաների անվանագիրքը» և 893/894 թվականների Կոնստանտին Պրեսլավցու «Հիստորիկին»՝ կազմված բյուզանդական «Համառոտ ժամանակագրության» հիման վրա։

Հին բուլղարական պոեզիայի հուշարձաններից են «Գովք ցար Սիմեոնին» և «Այբբենական աղոթքը»։ Ի պատասխան բոլյարների՝ սլավոնական գրի տարածումը կանխելքու փորձին, առաջացավ «Գրերի լեգենդը», որի հեղինակ բուլղարացի գրող Չերնորիցեց Խրաբրն ապացուցում է, որ սլավոնական գրությունները ստեղծվել են սուրբ մարդու կողմից, իսկ հունականը՝ հեթանոս «հելլենների» կողմից։

«Խաչի և բուլղարացու հրաշքը» հունալեզու պատմվածքում 10-րդ դարի գրագիր Խրիստոդուլոսը խոսում է բուլղարների մկրտության, հեթանոսության դեմ պայքարի և ցար Սիմեոնի պատերազմների մասին հունգարացիների հետ։

«Խաչի ծառի հեքիաթը», որը գրվել է 10-րդ դարում Երեմիայի կողմից, ընթերցողին պատմում է այն մասին, թե ինչ է պատահել Ադամի գլխին մահից հետո, որտեղ և երբ է աճել այն ծառը, որից կառուցվել է Քրիստոսի խաչելության խաչը։

Ապոկրիֆին մոտ էին բոգոմիլների չպահպանված գործերը, որոնց ուսմունքները նկարագրել է 10-րդ դարի բուլղարացի գրող Կոզմա Պրեսբիթերը «Զրույց բոգոմիլների դեմ» գրքում։ Առաջին Բուլղարական թագավորության ժամանակաշրջանում եղել են գրականության երկու հիմնական կենտրոններ՝ Պրեսլավում (Պրեսլավի գրադպրոց) և Օխրիդում (Օհրիդի գրադպրոց)[4]։

Բյուզանդական տիրապետության շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոֆիլակտ Օխրիդացի

971 թվականին հյուսիսարևելյան Բուլղարիայի գրավումից հետո Պրեսլավը գործնականում դադարեց գոյություն ունենալ։

Այս շրջանում պատարագը թարգմանվել է հունարեն։ Սլավոնական լեզվով գրքեր գրած բուլղար գրողներին փոխարինեցին հունարեն գրող բյուզանդացիները։ Այս դարաշրջանի բուլղար-բյուզանդական նշանավոր գրողը Թեոֆիլակտ Օխրիդացին էր, որը ղեկավարում էր Օհրիդի արքեպիսկոպոսությունը (1084-1107 թ)։ Նա գրել է «Բացատրական Ավետարանը», Տիբերիուպոլի նահատակների և Կլիմենտ Օխրիդի կյանքը, այսպես կոչված, «Բուլղարական լեգենդը»։

Թեոֆիլակտը նախապատվությունը տալիս է հունարենին «կոպիտ» բուլղարերենի փոխարեն։ Այս ժամանակաշրջանում ստեղծված սլավոնական ստեղծագործությունները պատկանել են անանուն հեղինակների և չեն առանձնացել իրենց լեզվի բարդությամբ։ 12-րդ դարի անհայտ հեղինակը գրել է «Իվան Ռիլսկու ժողովրդական կյանքը»։ Իվան Ռիլսկու կյանքը և կանոնը գրել է նաև գրող Գեորգի Սկիլիցան (մահ. 1180), որը Բյուզանդիայի նահանգապետ էր Սոֆիայում։

Ապոկրիֆին այս շրջանում փոխարինեց նախկինում դադարեցված բուլղարական տարեգրությունը։ 11-12-րդ դարերի վերջերին ստեղծվել է «Բուլղարական ապոկրիֆալ տարեգրությունը»։ Էսսեում բուլղարական թագավորների պատմությունը միահյուսված է առասպելական թագավորությունների հետ։ Անհայտ հեղինակը իդեալականացնում է անկախության ժամանակները. Պետրոս ցարի օրոք, ըստ հեղինակի, լիակատար առատություն է եղել, իսկ Սիմեոն ցարի օրոք տուրքի չափը տարեկան ընդամենը մեկ գդալ կարագ էր, մի կապ մանվածք և մեկ ձու։

11-12-րդ դարերի երկրորդ կեսին բուլղարական երկրներում հայտնվեցին ապոկալիպտիկ տեսիլքներ և մարգարեություններ՝ «Եսայի մարգարեի հեքիաթը գալիք տարիների մասին», «Դանիելի տեսիլքը» և «Դանիելի մեկնաբանությունը»։ Եսայիայի և Դանիելի այս գուշակությունները նվիրված էին Երուսաղեմի, Կոստանդնուպոլսի, Բուլղարիայի և այլ քաղաքների ու թագավորությունների՝ իրական և մտացածին ճակատագրին։ Բյուզանդական տիրապետությունը բացասաբար է ազդել Բուլղարիայի գրական կյանքի վրա, գրեթե բոլոր ժանրերի զարգացումը դանդաղել և դադարել է[5]։

Բուլղարական երկրորդ կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վատիկանի ավետարան, XI դար

13-րդ դարի պաշտոնական գրականությունը սակավաթիվ է։ 1211 թվականին Բուլղարիայում հակաբոգոմիլական եկեղեցական ժողովից հետո կազմվեց «Բորիլի ցարի սինոդիկը»։ Հետագայում Սինոդիկոնը ներառեց «Բուլղարական պատրիարքության նորացման պատմությունը»։ Այս աշխատության հեղինակը խոսում է ցար Իվան Ասեն II-ի մասին (մահ. 1241 թվական), որը «փառավորեց և լուսավորեց բուլղարական թագավորությունը ավելի շատ, քան իրեն նախորդած բոլոր բուլղար թագավորները»։

Մեկ այլ տարեգրություն էր «Զոգրաֆ նահատակների պատմությունը», որը թվագրվում է 13-րդ դարի վերջին։ Այն նկարագրում էր Աթոսի Զոգրաֆ վանքի վանականների կողմից կաթոլիկ եկեղեցու հետ Բյուզանդիայի կայսր Միքայել VIII Պալայոլոգոսի միության մերժումը և դրան հաջորդած պատիժը։

Այս ժամանակաշրջանում շարունակել են զարգանալ շարականի և սրբագրության ժանրերը։ Ստեղծվեցին Իվան Ռիլսկու վարքագրությունը, Բուլղարիայի պատրիարք Յոահիմի վարքագրությունը։ Այս ժամանակաշրջանի օրիգինալ գրականության մեջ բուլղարական թագավորները հանդես են գալիս որպես մեծ տիրակալներ, հույների, սերբերի, ֆրանկների և ալբանացիների նվաճողներ, և նրանց մայրաքաղաք Տերնովոն կոչված է դառնալու «նոր Կոստանդնուպոլիս»։

Առաջացան նոր ապոկրիֆ գրություններ։ 13-րդ դարի «Սալոնիկյան լեգենդը» հայտարարեց, որ բուլղարները, որոնք պահպանում էին ուղղափառ հավատքը, ընտրված էին Աստծո կողմից։

Մեկ այլ ապոկրիֆ էր «Սիբիլի հեքիաթը», որը 6-9-րդ դարերի բյուզանդական հուշարձանի բուլղարական հարմարեցումն էր։ Այն նաև պարունակում է բուլղարների ընտրյալության գաղափարը, որոնք, ըստ հեղինակի, գերազանցում են ամբողջ աշխարհին։

Ապոկրիֆ «Պատճառաբան-Տիրոջ հրամանագիր» պատմում է բուլղար ժողովրդի ընտրյալության մասին երկու այլ ազգերի մեջ, որոնք պահպանում են ուղղափառ գրքերը, և բուլղարական հողերի վրա Սուրբ Հոգու հովանավորության մասին։

13-րդ դարում բուլղարական գրչության միակ խոշոր կենտրոնը մայրաքաղաք Տերնովոն էր[6]։

14-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարացիների մկրտությունը, մանրանկար Մանասեի տարեգրությունից, ХІV դար

14-րդ դարում բուլղարացի մշակութային և եկեղեցական գրեթե բոլոր գործիչները խոսում էին հունարեն և հաճախում էին Կոստանդնուպոլսի և Աթոսի դպրոցները։ Տերնովոն մնաց Բուլղարիայի գլխավոր գրական կենտրոնը։

1330-ական թվականների երկրորդ գրական կենտրոնը Լովեչն էր։ Լովեչում վանական Պաչոմիուսը ժողովածու է գրել «Նոմոկանոնը» (եկեղեցկան կանոնների և կայսերական հրամանագրերի բյուզանդական ժողովածու) և Հեքսամերոնից (ներկայացնում է Ծննդոց գրքի առաջին գլուխների մեկնությունը) հատվածներ, վարքեր, ուսմունքներ և ապոկրիֆեր։

1360-ական թվականներին Վիդինում առաջացավ գրչության երրորդ կենտրոնը։ Այստեղ կազմվել է ժողովածու, որտեղ ներառվել են նահատակների և ճգնավորների կյանքը։

Մայրաքաղաքում ընթանում էր թագավորների և պատրիարքների գրադարանների ձևավորումը։ Իվան Ալեքսանդրի օրոք ստեղծվեցին գրքեր՝ հագեցած հարուստ նկարազարդումներով, այդ թվում՝ «Չորս Ավետարանները» (1337) և «Սոֆիայի սաղմոսագիրքը» (1337), Կոնստանտին Մանասեի թարգմանած տարեգրությունը, «Իվան Ալեքսանդրի ժողովածուն» (1348), Փիլիպպոս քահանայի ժողովածուն (1345 /1346)։

Պատրիարքական գրադարանի ձեռագրերը, ըստ երեւույթին, ոչնչացվել են թուրքական արշավանքի ժամանակ։ Վանական գրադարաններ գոյություն են ունեցել Տերնովոյի մոտ գտնվող Կիլիֆարևո վանքում, Տերնովոյի Սուրբ Երրորդություն վանքում, Լեսնովսկու, Ռիլսկու և այլ վանքերում։ Իվան Ալեքսանդրի օրոք վերսկսվել է թագավորական գովասանքի ժանրում ստեղծագործություններ գրելը։ Իվան Ալեքսանդրի գովասանք գրել է Սիմեոն վանականը, որը ներառել է այն 1356 թվականի «Ավետարանում»։ Հեղինակը գովաբանում է թագավորին Ավետարանի բուլղարերեն նոր թարգմանության և մանրանկարներով ու թանկարժեք քարերով ձեռագրի հանրային ցուցադրության համար[7]։

Երկրորդ Բուլղարական կայսրության թարգմանչական գործունեությունը նվիրված էր քրիստոնյա գրողների ստեղծագործություններին և բյուզանդական տարեգրություններին։ Թարգմանվել են Սիմեոն Մետաֆրաստոսի, Հովհաննես Զոնարայի և Կոնստանտին Մանասեսի տարեգրությունները։ Վերջինս ներառում էր տեղեկություններ Բուլղարիայի պատմության մասին՝ 109 մանրանկարչական տեսարաններից 18-ը ներկայացնում էին բուլղարացիների պատմության անցքերը։

Թարգմանվել են նաև «Բարլաամի և Հովասափի հեքիաթը», «Տրոյական առակը», որը ներառված է Մանասեի ժամանակագրության մեջ, «Ինցեստի հեքիաթը», «Սամոդիվների ծագման հեքիաթը», «Թեոֆանեսի պանդոկի հեքիաթը», «Պատմություններ Եզոպոսի մասին»։

Տերնովոյի գրադպրոցի ձևավորումը սկսվում է 14-րդ դարի վերջին քառորդով։ Երկրորդ Բուլղարական թագավորության գրականության ամենահայտնի ներկայացուցիչը համարվում է Բուլղարիայի պատրիարք Եվտիմիոս Տարնովսկին (1375-1393)։ Նա բարեփոխում կատարեց «ուղղելու գրքերը», որոնք հիմնականում ներառում էին պատարագի գրքեր։ Տեքստերից վերացվել են երկիմաստությունները, որոնք հիմք են հանդիսացել հերետիկոսությունների առաջացման համար։ Այդ նպատակով, մասնավորապես, ներդրվել է նոր տերմինաբանություն։ Միևնույն ժամանակ, ուղղագրությունը վերադարձավ Կիրիլի և Մեթոդիոսի ժամանակներ և ավելի ու ավելի հեռացավ կենդանի խոսքից։

Թուրքերի գրոհի հետևոնքով Տերնովի անկումից հետո բուլղարացի հեղինակ Հովասափ Բդինսկին գովասանքի խոսք գրեց սուրբ Ֆիլոթեային։ Հովասափը պատմում է Տարնովի անկման, քրիստոնյաների մահմեդական հավատքի ընդունման և Տերնովոյի պատրիարք Եվթիմիոսին բանտարկության մասին։ Թուրք նվաճողների կատարած հրկիզումների հետևանքով ոչնչացվել են բուլղարական թագավորների ու տիրակալների արխիվներն ու գրադարանները։ Այս իրադարձությունները հանգեցրին բուլղարների մշակութային կյանքի անկմանը[8]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Калиганов, И. И. История литератур западных и южных славян. — М.: Индрик, 1997. — Т. 1.
  • Добрев, И. Д. и др. Старобългарска литература: Енциклопедичен речник. — Абагар, 2003. — 582 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջնադարյան բուլղարական գրականություն» հոդվածին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ludwig Burgmann, "Zakon Sudnyj Ljudem", in The Oxford Dictionary of Byzantium (Oxford, 1991 [online 2005]).
  2. «(Starobŭlgarski pravni pametnit︠s︠i)». 1903.
  3. Калиганов, 1997, էջ 113—120, 122, 123
  4. Калиганов, 1997, էջ 123—131, 135
  5. Калиганов, 1997, էջ 135—141
  6. Калиганов, 1997, էջ 142—149
  7. Калиганов, 1997, էջ 148—151
  8. Калиганов, 1997, էջ 151—153, 155, 156, 157, 161, 163, 164