Միջազգային հարաբերությունները Եվրոպայում (11-14-րդ դարեր)
Միջազգային հարաբերությունները Եվրոպայում 11-14-րդ դարերում շրջադարձային էին։ Արևմտահռոմեական կայսրության անկումից հետո ստեղծված բարբարոսական թագավորությունները կործանվում էին նույն արագությամբ, ինչ արագությամբ որ ստեղծվում էին։ Նրանց միջև միջպետական կայուն հարաբերություններ չձևավորվեցին։ Եվրոպան ապրում էր քաղաքական մասնատվածության դարաշրջանում, երբ պետությունների հարաբերությունները սովորաբար կարգավորվում էին պատերազմի օգնությամբ։
11-րդ դարում
[խմբագրել | խմբագրել կոդը]11-րդ դարում Արևմտյան Եվրոպայում սկսվեց քաղաքական մասնատվածության հաղթահարման և կենտրոնացման պետությունների կազմավորման գործընթացը։ Մասնատվածության հաղթահարումը սովորաբար կատարվում էր երկու ճանապարհով։ Մի դեպքում աշխատում էին մեկ պետության մեջ միավորել նույն լեզվով խոսող և նույն մշակույթն ունեցող բնակչությանը։ Մյուս դեպքում աշխատում էին ստեղծել համապարփակ տիպի պետություններ, որոնք ներառելու էին տարբեր ժողովուրդներ։ Սովորաբար սրա կրողներն էին գերմանական կայսրերը և Հռոմի պապերը։ Պլանտագենետների կառավարման ժամանակ համապարփակ պետություն ստեղծելու փորձեր արեցին նաև Անգլիայում։ Պետությունների ձևավորման և՛ ազգային, և՛ համապարփակ ճանապարհներն ուղեկցվում էին բախումներով և պատերազմներով։ Այսպես իր տարածքները միավորելու համար Ֆրանսիան բախվեց Անգլիայի հետ և ստիպված էր երկարատև պատերազմ սկսեց Հյուսային Իտալիայի քաղաքները միմյանց հետ դաշինք կնքեցին և ստեղծեցին Լոմբարդիական լիգան։
Միջպետական հարաբերությունների ձևավորումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջպետական հարաբերություններում կարևոր դեր էին խաղում քաղաքական ամուսնությունները։ Ֆրիդրիխ Առաջինի որդի Հենրիխ Վեցերորդը ամուսնացավ սիցիլիական գահի ժառանգորդուհու՝ Կոնստանցիայի հետ և դարձավ Սիցիլիայի թագավոր։ Ֆրանսիական թագավոր Կարլոս 8-րդի և Աննա Բրետոնացու ամուսնության հետևանքով Բրետանը միացվեց Ֆրանսիային, իսկ Ֆերդինանդի և Իզաբելի ամուսնությամբ միավորվեց Իսպանիան։
Եվրոպայում միջպետական հարաբերությունների ձևավորման համար կարևոր նշանակություն ունեցան նաև տնտեսական կապերը։ Արտաքին առևտրի ընդլայնումը տարբեր երկրների միջև ստեղծում էր կայուն տնտեսական կապեր։ Սակայն առևտրական մրցակցությունը հաճախ վերածվում էր պատերազմի։
11-13-րդ դարում Եվրոպայի տարբեր երկրների միջև հաստատվում էին ավելի ամուր և մշտական քաղաքական, տնտեսական և մշակութային կապեր, որոնք թեև երբեմն խախտվում էին, սակայն արագ վերականգնվում էին, քանի որ առանց մշտական հարաբերությունների պետությունների զարգացումը դանդաղում էր։ Այդ ժամանակ Եվրոպայում սկսում են ձևավորվել միջպետական հարաբերությունների որոշակի նորմեր, որոնց միջոցով փորձում էին կարգավորել երկրների միջև հակասությունները։ 11-13-րդ դարերում առաջանում են միջազգային առանձին նորմեր, մասնավորապես՝ ծովային իրավունքի, պատերազմի իրավունքի։ Քանի որ միջազգային իրավունքի համընդհանուր նորմեր չկային, ապա միջպետական հարաբերություններում առաջացած խնդիրների լուծումը վերապահվում էր պապական արքունիքին։ Այդ պատճառով այս ժամանակաշրջանում պապականությունը դարձել էր Արևմտյան Եվրոպայի միջազգային հարաբերությունների կենտրոն։
Հարաբերությունների կանոնավորումը
[խմբագրել | խմբագրել կոդը]11-13-րդ դարերում ընդլայնվում և կանոնավորվում էին փոխհարաբերությունները Արևելքի և Արևմուտքի միջև, որոնց հատուկ էին ոչ միայն հակասությունները, այլև տնտեսական և մշակութային կապերը։ Այդ ժամանակ զգալիորեն աճեց ապրանքափոխանակությունն Արևմտյան Եվրոպայի և Արևելքի երկրների միջև։ Արևելքի երկրներին մոտիկից ծանոթանալու և առևտրական հարաբերություններ հաստատելու համար եվրոպացի ճանապարհորդները (Պլանո Կարպինի, Մարկո Պոլո) ուղևորվում էին Արևելք։
Եվրոպայի միջպետական հարաբերությունների վրա մեծ ազդեցություն էին ունենում նաև Արևելքում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները։ Թյուրք-սելջուկների նվաճումները Փոքր Ասիայում դարձան խաչակրաց առաջին արշավանքի կազմակերպման պատճառներից մեկը։ Մոնղոլ-թաթարական արշավանքները ստիպեցին պապականությանը քայլեր ձեռնարկել հակամոնղոլական դաշինք ստեղծելու համար։
Արևելք-Արևմուտք փոխհարաբերությունների վրա կարևոր ազդեցություն թողեցին թուրքական նվաճումները։ Արևմտյան Եվրոպայում սկսեցին հնչել խաչակրաց արշավանքներ կազմակերպելու կոչեր։ Թուրքերի դեմ պայքարելու համար պապի նախաձեռնությամբ 1344 թվականին ստեղծվեց Սրբազան լիգա, որի մեջ մտան Կիպրոսը, Վենետիկը, Ջենովան։ 1396 թվականին թուրքերի դեմ կազմակերպվեց խաչակրաց արշավանք, որին մասնակցում էին Գերմանիան, Ֆրանսիան, Հունգարիան և այլ երկրներ։ Սակայն խաչակիրները ծանր պարտություն կրեցին։ Թուրքական տիրապետության հաստատումը Բալկանյան թերակղզում և Արևելամիջերկրածովյան ավազանում փոխեց միջազգային հարաբերությունների բնույթը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 11-րդ դասարանի համաշխարհային պատմության հումանիտար հոսքի դասագիրք