Արվեստի պատմաբաններն իրենց ուսումնասիրությունների արդյունքում եզրահանգել են, որ Միկելեն ծնվել է 1469 կամ 1470 թվականին, ամենայն հավանականությամբ՝ Վերոնայի մերձակայքում գտնվող Սոմակամպանյա բնակավայրում, բրդի մշակությամբ զբաղվող Ցենոնե դի Գասպարեի ընտանիքում[4]։ Քիչ բան է հայտնի նրա ստեղծագործական գործունեության մասին[5]։ Պատմական առաջին հիշատակումներից մեկը 1492 թվականին վերագրվող տեղեկությունն է այն մասին, որ նա քսաներկու տարեկան հասակում նկարչի որակավորում է ստացել[4]։ Ընդ որում՝ սովորել է Դոմենիկո Մորոնեի արվեստանոցում, վերջինիս որդու՝ Ֆրանչեսկոյի հետ համատեղ[5]։ Ուսումնասիրողների կարծիքով՝ նրա աշխատանքներում նկատվում է ոչ միայն իր վարպետի, այլև կերպարվեստի վենետիկյան դպրոցի ներկայացուցիչներ Ջենտիլե Բելլինիի, Վիտտորե Կարպաչոյի ազդեցությունը[5]։
Միկելե դա Վերոնայի գլուխգործոցը համարվում է Վերոնայի Սան Ջորջո ին Բրաիդա վանքի համար 1501 թվականին նկարած «Խաչելությունը», որը ներկայումս գտնվում է Միլանի Սան Ստեֆանո եկեղեցում[6]։ Նկարչի գործերից պահվում են նաև Նյու ՅորքիՄետրոպոլիտեն թանգարանում, Վենետիկի Ֆրանկետի պատկերասրահում ու Ֆոսկարիի հավաքածուում, Բուդապեշտի գեղարվեստի թանգարանում... Նա հեղինակել է նաև որմնանկարներ (Վերոնայի Սանտա Կիարա, Վիտտորիա Նուովա, Սանտ՛ Անաստազիա, Վենետիկի մերձակա Վիլլա դի վիլլա եկեղեցիներում)։