Մեզոն
Ենթադաս | հադրոն և Բոզոն |
---|---|
Տեսակ | ներատոմային մասնիկ |
Հիմնարար փոխազդեցություններ | Ուժեղ փոխազդեցություն և գրավիտացիա |
Դյուի տասնորդական դասակարգում | 539.72162 |
Mesons Վիքիպահեստում |
Մեզոններ ( հունարեն` μέσοç — միջին, միջանկյալ), ուժեղ փոխազդող անկայուն տարրական մասնիկներ, որոնք, ի տարբերություն բարիոնների, ունեն զրոյական բարիոնային լիցք և զրոյի կամ ամբողջ թվի հավասար սպին (ենթարկվում են Բոզե-Այնշտայնի վիճակագրությանը)։
Ընդհանուր տեսակետից մեզոնները համարվում են ուժեղ (միջուկային) փոխազդեցության տարածողներ։ Այդ տեսակետի հիման վրա Հիդեկի Յուկավան 1935 թվականին կանխագուշակել էր, մասնավորապես, π-մեզոնի գոյությունը, որը հետագայում (1947) հայտնաբերվել է տիեզերական ճառագայթներում։ π-մեզոնն իր զանգվածով (մոտավորապես 1/7 պրոտոնի զանգված) միջանկյալ տեղ է գրավում էլեկտրոնի և պրոտոնի միջև, այստեղից էլ ծագել է «մեզոն» անվանումը։ Բարձր էներգիայի ժամանակակից արագացուցիչներում ծնվում են տարբեր տեսակի մեզոններ։ Դրանց մեծ մասն ունի կարճատև կյանք (~10−23 վրկ) և տրոհվում է ուժեղ փոխազդեցությամբ (այսպես կոչված, մեզոնային ռեզոնանսներ)։ Մեզոնների դասակարգման օրինաչափությունները պարզ և հիմնավոր ձևով բացատրվում են քվարկների մոդելով, ըստ որի՝ մեզոնները կարելի է պատկերացնել որպես երկու սկզբնական մասնիկների՝ քվարկի և հակաքվարկի կապված համակարգեր։ Բոլոր հայտնի մեզոնները ընդգրկելու համար անհրաժեշտ է դիտարկել առնվազն չորս տեսակի քվարկներ (u, d, s, с)։ Տարբեր մեզոնների նույն հատկությունները համապատասխանաբար որոշվում են իրենց քվարկային կազմով։ Օրինակ, չորրորդ՝ с-քվարկն օժտված է հմայքով (տարրական մասնիկների հմայք)։ "Հմայված" մեզոնները, որոնց կազմի մեջ մտնում է с-քվարկը, հայտնաբերվել են 1974-1976 թվականներին. դրանք ունեն մոտավորապես 2 պրոտոնի զանգված և կյանքի համեմատաբար երկար տևողություն (≈10−12-10−13 վրկ), քանի որ հմայքի պահպանումն արգելում է նրանց արագ տրոհումը ուժեղ փոխազդեցությամբ։ 1976-1978 թվականներին ստացված փորձնական տվյալները չեն բացառում բոլորովին նոր տիպի մեզոնների գոյությունը, որոնց դասակարգման համար անհրաժեշտ է ավելացնել քվարկների տեսակների թիվը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 378)։ |