Մեդիչիների ժամատուն
Մեդիչիների ժամատուն իտալ.՝ Cappelle medicee | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մատուռ, թանգարան, պատկերասրահ, կրոնական թանգարան, Իտալիայի ազգային թանգարան և Museum of the Italian Ministry of Culture? |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Ֆլորենցիա[2][3][1][…] |
Հասցե | Piazza madonna degli Aldobrandini, Piazza di Madonna degli Aldobrandini, 6 - Firenze[3], Piazza Madonna Aldobrandini 6[1] և Piazza Di Madonna Degli Aldobrandini 6, 50123 Firenze[4] |
Հիմնական ամսաթվերը | 1869[1] |
Մասն է | Սան Լորենցո տաճար |
Կազմված է | New Sacristy? և Cappella dei Principi? |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[3] |
Անվանված | Մեդիչիներ |
Հիմնադրված | 1869[1] |
Մակերես | 1518 քառակուսի մետր, 3550 քառակուսի մետր |
Medici Chapels (Florence) Վիքիպահեստում | |
bargellomusei.beniculturali.it/musei/2/medicee/ |
Մեդիչների ժամատուն (իտալ.՝ Cappelle Medicee), հուշահամալիր Ֆլորենցիայում, Մեդիչիների ընտանիքի դամբարան Սան Լորենցո եկեղեցում։ Նրա քանդակագործական կահավորությունը Բարձր Վերածննդի արվեստի ամենախոշոր նվաճումներից մեկն է՝ ի դեմս ականավոր նկարիչ, ճարտարապետ և քանդակագործ Միքելանջելո Բուոնարոտիի աշխատանքների[5]։
Ընտանեկան դամբարանի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1429 թվականին Սան Լորենցոյի ավանդատանը, որն այժմ հայտնի է որպես «Հին ավանդատուն» (իտալ.՝ Sagrestia Vecchia), տեղի է ունեցել քաղաքի բանկիր և բարերար Ջովանի դե Մեդիչիի հանդիսավոր հուղարկավորությունը։ 1464 թվականին մահացել է Ֆլորենցիայի առաջին միանձնյա կառավարիչ Ջովանիի որդին՝ Կոզիմո դե Մեդիչի Ավագը։ Նա թաղվել է ստորգետնյա դամբարանում՝ Սան Լորենցոյի բազիլիկայի կենտրոնական խորանի տակ։ Այդ ժամանակվանից Սան Լորենցո եկեղեցին դարձել է Մեդիչիների ընտանիքի անդամների թաղման վայր, ավանդույթ, որը շարունակվել է, որոշ բացառություններով, մինչև այս նշանավոր ընտանիքի իշխանության ավարտը[6]։
1520 թվականին Ջուլիո դե Մեդիչին (ապագա Պապ Կղեմես VII ) Միքելանջելոյին հրամայել է կառուցել նոր դամբարան-ավանդատուն (իտալ.՝ Sagrestia Nuova): Միքելանջելոն Ֆլորենցիա է ժամանել դեռևս 1514 թվականին, քանի որ պապ Լեո X դե Մեդիչին հրամայել է ստեղծել Սան Լորենցո եկեղեցու՝ Մեդիչիների ընտանիքի տաճարի ճակատը, որը 11-րդ դարից ի վեր կանգնած էր առանց երեսպատման։ Այս ճակատը պետք է դառնար «ամբողջ Իտալիայի հայելին»[7], իտալացի արվեստագետների վարպետության լավագույն հատկանիշների մարմնավորումը և Մեդիչի ընտանիքի հզորության վկան։ Սակայն երկար ամիսներ մտածելը, նախագծի տարբեր որոշումները և Միքելանջելոյի՝ Կարարայի մարմարի քարհանքերում մնալն ապարդյուն անցան։ Շքեղ ֆասադն իրականացնելու համար բավարար գումար չի եղել, իսկ պապի մահից հետո նախագիծն ամբողջությամբ հետաձգվել է։ Հավակնոտ նկարչին իր ընտանիքից չհեռացնելու համար կարդինալ Ջուլիո Մեդիչին հանձնարարել է նրան չավարտել ճակատը, այլ ստեղծել նոր ժամատուն նույն Սան Լորենցո եկեղեցում։ Դրա վրա աշխատանքները սկսվել են 1519 թվականին, բայց չեն ավարտվել, քանի որ Միքելանջելոն լքել է Ֆլորենցիան 1534 թվականին[8]։
Մեդիչիի մատուռի վրա աշխատանքը տևել էլ տասնհինգ տարի (1519-1535) և նկարչին գոհունակություն չի բերել, քանի որ հնարավոր չէր ամբողջությամբ իրականացնել ծրագիրը։ Նրա հարաբերությունները Մեդիչիների ընտանիքի հետ նույնպես վատթարացել են։ 1527 թվականին հանրապետական մտածողությամբ ֆլորենտացիները ապստամբել են և քաղաքից վտարել բոլոր Մեդիչիներին։ Մատուռի վրա աշխատանքները դադարեցվել ենԼ Միքելանջելոն սատարել է իր հայրենի քաղաքի բնակիչներն, ինչը զգալիորեն բարդացրել է նրա հարաբերությունները պապական կուրիայի հետ[8]։
1529 թվականին Հռոմի պապ Կղեմես VII-ի (աշխարհիկ կյանքում՝ Ջուլիո դե Մեդիչի) և գերմանական կայսր Կառլոս V-ի միացյալ բանակները պաշարել են Ֆլորենցիան։ Ապստամբ ֆլորենտացիները Միքելանջելոյին նշանակել են քաղաքի ամրությունների շինարարության ղեկավար։ Մեդիչիները 1531 թվականին գրավել են Ֆլորենցիան և վերականգնել իրենց իշխանությունը։ Սան Լորենցոյի առաջնորդ Ջովան Բատիստա Ֆիջիովանին թաքցրել է նկարչին բազիլիկայի ժամատան նկուղային սենյակում։ Մոտ երկու ամիս հետո՝ Միքելանջելոն ներման է արժանացել։ Դրանից հետո նա վերսկսել է իր պարտականությունները Ֆլորենցիայում մինչև որ 1534 թվականին տեղափոխվել է Հռոմ[8]։
Նոր ավանդատան ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Միքելանջելոյի նախագծի՝ Նոր ավանդատունը կառուցվել է տրանսեպտի արևելյան և Հին ավանդատան արևմտյան կողմում (իտալ.՝ Sagrestia Nuova): Այն 12 x 28 մ հատակագծով ուղղանկյուն փոքր սենյակ է, որը միացված է եկեղեցուն նեղ միջանցքով։ Վերին մասում ունի պատուհաններ և ծածկված է ցածր թմբուկի վրա գմբեթով։ Ավարտելով ավանդատան գմբեթի ձևավորումը, Միքելանջելոն՝ 1524 թվականի նոյեմբերին, Հռոմի պապ Կլիմենտ VII-ին ուղղված նամակում հայտնում է փոք լարպտերը պսակող գնդի գաղափարի մասին. «Ես նախատեսել եմ այն բազմանիստ, ի տարբերություն մյուսների»[9]։
Այս նշանավոր հուշարձանի ինտերիերն արտացոլում է մեծ վարպետի ուշ ոճը։ Այն ուշադրություն է գրավում հիմնականում իր անսովոր գունային սխեմայով. բաց պատեր կրաքարի սպիտակեցմամբ և օրդերային տարրերի ընդգծումը տոսկանյան վերածննդի ճարտարապետների սիրելի անփայլ, մոխրագույն «պիետրա սիրենա» քարով ( իտալ.՝ pietra serena - թեթև քար), հակադրվում է քանդակների մարմարի տաք, մուգ մարմնագույնին[10]։
Միքելանջելոյի այս թեմային անդրադառնալու պահին տապանաքարերը երկար էվոլյուցիայի էին ենթարկվել՝ հնագույն դամբարաններից և կենոտաֆներից մինչև հելլենիստական դարաշրջանի մոնումենտալ կառույցներ և քրիստոնեական եկեղեցիների նավերում և մատուռներում գտնվող ճարտարապետական ու քանդակագործական խորաններ[11]։
Քանդակային կոմպոզիցիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ հրահանգների՝ ժամատունը պետք է ներառեր չորս՝ Լորենցո դե Մեդիչի Հիասքանչի, նրա եղբայր Ջուլիանո դե Մեդիչիի, որ սպանվել էր 1478 թվականին Պացիների դավադրության ժամանակ, Լորենցո Հոյակապի թոռ՝ Ուրբինոյի դքսի և Լորենցո Հոյակապի երրորդ որդի Ջուլիանո, Նեմուրսի դքսի տապանաքարերը։ 1524 թվականին նախատեսվում էր ավելացնել ևս երկուսը այս չորսին՝ 1521 թվականին մահացած Հռոմի Պապ Լեո X-ի, և Ջուլիանո դե Մեդիչի Ավագի ապօրինի որդի, ապագա Պապ՝ կարդինալ Ջուլիանո դե Մեդիչիի տապանաքարերը։ Բազմաթիվ տարբերակների որոնման արդյունքում, ներառյալ մատուռի մեջտեղում տեղադրված կրկնակի դամբարանների նախագծերը, Միքելանջելոն հանգել է կողային, պատի հուշարձանների ավանդական սխեմային՝ զարդարելով տապանաքարերը քանդակներով, իսկ վերևում գտնվող կամարահատիկները՝ որմնանկարներով։ Մատուռը պետք է վերածվեր հաղթական դահլիճի, որը կպարունակեր հզոր ընտանիքի բոլոր գլխավոր ներկայացուցիչների աճյունները։ Բայց նույնիսկ այս ավանդական տարբերակում նկարիչը «ստեղծեց մի երկիմաստ կոմպոզիցիա, որը մինչ օրս տարակուսում է հետազոտողներին և փորձագետներին»[12]։
«Միքելանջելոյի համար,- գրել է Մաքս Դվորժակը ,- իրավիճակը երբեք այդքան պարզ չի թվացել... Տարօրինակ է, բայց Միքելանջելոն կանգնեցրեց միայն դինաստիայի ամենաաննշան ներկայացուցիչների՝ Նեմուրի դքսի և Ուրբինոյի դքսի գերեզմանաքարերը։ Կարելի է ենթադրել, որ նրան ավելի շուտ կգրավի Լորենցո Հիասքանչի և Լեո X-ի հուշարձաններ ստեղծելու գաղափարը, որոնք նրա մեծագույն հովանավորներն էին և նաև ականավոր մարդիկ... բայց նրան տիրում էր որոշակի գաղափար»։ Երբ երկու տապանաքարերն էլ պատրաստ էին, «հին պատմությունը կրկնվեց. մյուսների ավարտը անընդհատ հետաձգվում էր, մինչև դրանք ընդհանրապես լքվեցին»[13]։
Միքելանջելոյի ստեղծած կոմպոզիցիայի անսովորությունն առաջին հերթին կայանում է նրանում, որ ճարտարապետությունը գլխավորը չէր, այն ծառայում է որպես քանդակների շրջանակ։ Մատուռ տանող դռները գտնվում են սենյակի անկյուններում, ուստի ներս մտնողների համար հիմնական ուղղություն չկա։ Մատուռում, ինչպես և սպասվում էր, կա զոհասեղանի խորշ, բայց այն դատարկ է մնացել, իսկ զոհասեղանի պատկերը՝ Մադոննայի և մանկան արձանը, տեղափոխվել է հակառակ կողմ[14]։
Դքսերի արձանները տեղադրված են իրար հակառակ պատերին տեղադրված խորշերում։ Նկարիչը դիմանկարներ չի արել. Նա ստեղծել է հերցոգներ Լորենցոյի և Ջուլիանոյի կերպարները՝ որպես ընդհանրացված գաղափարների, Վերածննդի դարաշրջանի արվեստում հայտնի այլաբանությունների մարմնացում՝ ակտիվ և մտախոհ կերպարներ։ Բացի այդ, Ջուլիանոյի կերպարը (հրամանատարի մահակով) ավելի համահունչ է դուքս Լորենցոյի կերպարին տրամադրվածությանը և հակառակը՝ Ջուլիանոյի դիմագծերը նկատելի են Լորենցոյի կերպարում։ Ավելին, հանգուցյալներին, հակառակ ավանդույթի, ցուցադրվում են կենդանի՝ նստած մտածողների դիրքերում։ Արձանների անունները խառնվել են 1553 թվականին, և դա աննկատ մնաց, քանի որ ոչ մի էական նշանակություն չուներ։ Գրություններ չկան։ Ինքը՝ Միքելանջելոն, երկու գործիչներին էլ անվանել է պարզապես «հրամանատարներ»[14]։
Մուտքի աջ կողմում պատկերված է «Ջուլիանո դե Մեդիչի» պայմանական անունով գերեզմանը՝ սարկոֆագների վրա «Գիշեր» և «Օր» այլաբանական պատկերներով. ձախ կողմում «Լորենցո դե Մեդիչի»-ն է՝ «Առավոտ» և «Երեկո» այլաբանական պատկերներով։ Գերեզմանաքարերի քանդակները՝ ժամանակի անձնավորումը և կյանքի անցողիկությունը, բառացիորեն սահում են անհարմար դիրքերում սարկոֆագների (կասոնի) թեք կոպերի վրա՝ ասես խորհրդանշելով գոյության անկայունությունն ու պատրանքային բնույթը։ Գլխավոր հերոսը նստում է նրանց վերևում, բայց չի գերակայում, ինչպես ընդունված է նման հուշարձաններում, քանի որ նրա կերպարանքը ներքաշված է պատի խորշի մեջ։ Կոմպոզիցիայի ճակատային հատակագծի ամբողջականությունը (բոլոր պատկերները խստորեն ներփակված են եռանկյունու մեջ) համակցված է պատկերների տարածական պլաստիկության հետ։ Զգուշորեն մշակված դիսոնանսը առաջացնում է անհանգստության, երկիմաստության և լարվածության զգացումներ։ Սարկոֆագների ստորին հատվածներում պետք է տեղադրվեին երկու այլաբանական պառկած ֆիգուրներ՝ անձնավորելով «ժամանակի հոսանքները» (իտալ.՝ fiumi), դրանք հաճախ սխալմամբ կոչվում են «գետեր»[14]։
Այլաբանական կերպարների պատկերները Միքելանջելոն տալիս է նաև շրջված. «Գիշերն» արթնանում է մոռացությունից, «Ցերեկը» մխրճվում է դրա մեջ, «Երեկոն» ցույց է տալիս մահկանացու հոգնածությունը, իսկ «Առավոտը» կաշկանդված է ծանրությունից։ Դքսերի ֆիգուրները տրված են կոնտրապոստում (շարժման հատվող ուղղություններ), այլաբանական արձանների գլուխները հատում են քիվերը, իսկ ֆիգուրներն իրենց ամբողջ տեսքով անհամապատասխան են ճարտարապետական շրջանակներին։ Ենթադրվում է, որ «Առավոտ» և «Երեկո» ֆիգուրները խորհրդանշում են մարդկային կյանքի պայմանները, իսկ «Գիշերը» և «Օրը»՝ ժամանակի հոսունությունը՝ անկախ մարդու կամքից։ Ենթադրություն կա նաև, որ Միքելանջելոն միտումնավոր փոխել է իր պատկերած դքսերի կերպարները՝ տարբեր ժամանակներում կատարված կերպարների հակադրությունը մեղմելու, տրամադրության միասնության հասնելու համար[15]։ Ավելի ուշ Լորենցո Հիասքանչը և նրա եղբայր Ջուլիանոն թաղվել են մատուռում։ Ջուլիանոյի սարկոֆագի վրա կան քանդակներ՝ Մադոննան և Երեխան և Մեդիչիների ընտանիքի հովանավորները՝ սուրբ Կոսման և Դամիանը։ Կոսմայի և Դամիանի կերպարները պատրաստել են օգնական քանդակագործներ՝ Մոնտորսոլին և Ռաֆայելո դա Մոնթելուպոն[16]։ Ջուլիանո Պուտտիի տապանաքարի վերևում մեծ խեցիներ են, իսկ «Քրիստոսի հարությունը» որմնանկարը պլանավորված էր կամարահատիկի մեջ։
Նախատեսվում էր Լորենցոյի տապանաքարի վրա տեղադրել ծաղկեպսակներ, զրահներ և «կռկած տղաների» չորս դեկորատիվ ֆիգուրներ (նման պատկեր երևում է Բրիտանական թանգարանի հավաքածուի նախապատրաստական գծագրում)։ Կա մեկ արձանիկ՝ սկսված, բայց չավարտված։ Այն հետագայում վաճառվել է Անգլիայում։ 1785 թվականին Լայդ Բրաունի հավաքածուից այն ձեռք է բերել ռուսական կայսրուհի Եկատերինա II-ը իր հավաքածուի համար։ Այժմ այն ցուցադրվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում։ Այնուամենայնիվ, այս ստեղծագործության պատկանելությունը Մեդիչի մատուռի նախագծին վիճարկվում է բազմաթիվ փորձագետների կողմից, ամենայն հավանականությամբ, արձանիկը ստեղծվել է քանդակագործի կողմից՝ անկախ Ֆլորենցիայի նախագծից[17]։
Շատ բան չի իրացվել, սակայն, չնայած բոլոր փոփոխություններին, հիմնական գաղափարը մնացել է անփոփոխ՝ քանդակագործական հորինվածքների հայելային պատկերը։ «Միքելանջելոն միայնակ սարկոֆագներով դամբարանները դարձրեց կրկնակի... Դամբարաններից յուրաքանչյուրը պսակված է հավաքական պատկերով, մեկում միաձուլվել են եչկու Ջուլիանոսները, մյուսում՝ երկու Լորենցո դե’ Մեդիչիները»[18]։ Միքելանջելոն, նույնիսկ չավարտելով հիմնական քանդակները, 1534 թվականին ընդմիշտ լքել է Ֆլորենցիան և տեղափոխվել Հռոմ, որտեղ աշխատել է մինչև իր կյանքի վերջը։ Ժամատունը ամբողջացրել են օգնականները, իսկ անավարտ քանդակները տեղադրվել են իրենց համապատասխան տեղերում։
-
Նոր Սակրիստիայի գմբեթի գագաթը
-
Ժամատան ինտերիեր
-
Մեդիչի ժամատան քանդակները
-
Նեմուրի դուքս Ջուլիանո դե Մեդիչիի տապանաքարը
-
«Առավոտ» (Ավրորա). տապանաքար
-
«Երեկո». տապանաքար
-
«Օր» տապանաքար
-
«Գիշեր» տապանաքար
-
Տիրամայրը Կոսմոյի և Դամիանի հետ
-
Մեդիչի Տիրամայրը
-
«Կռկած տղան». Սանկտ Պետերբուրգ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sistema Cultura — 2017.
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 dati.beniculturali.it — 2014.
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
- ↑ Museo delle Cappelle Medicee — Firenze «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Micheletti E. The Medici of Florence. — Firenze: Editrice Giusti di S.Becocci, 1998. — Pp. 3—5, 94—95
- ↑ Ротенберг Е. И. Микеланджело Буонарроти. — М.: Изобразительное искусство, 1977. — С. 14
- ↑ 8,0 8,1 8,2 «Italy's hidden history revealed as Renaissance and Roman sites open to the public». Lonely Planet (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Мастера искусства об искусстве: В 7 т. — М.: Искусство, 1965—1970. — Т. 2. — С. 184
- ↑ Власов В. Г. Пьетра серена // Власов В. Г. Новый энциклопедический словарь изобразительного искусства. В 10 т. — СПб.: Азбука-Классика. — Т. VII, 2007. — С. 907
- ↑ Власов В. Г. Надгробия // Власов В. Г. Новый энциклопедический словарь изобразительного искусства. В 10 т. — СПб.: Азбука-Классика. — Т. VI, 2007. — С. 18—32
- ↑ Власов В. Г. Надгробия // Власов В. Г. Новый энциклопедический словарь изобразительного искусства. В 10 т. — СПб.: Азбука-Классика. — Т. VI, 2007. — С. 27
- ↑ Дворжак М. История итальянского искусства в эпоху Возрождения. Курс лекций. — М.: Искусство, 1978. — Т. 2. — С. 38
- ↑ 14,0 14,1 14,2 Власов В. Г. Надгробия // Власов В. Г. Новый энциклопедический словарь изобразительного искусства. В 10 т. — СПб.: Азбука-Классика. — Т. VI, 2007. — С. 29
- ↑ Дворжак М. История итальянского искусства в эпоху Возрождения. Курс лекций. — М.: Искусство, 1978. — Т. 2. — С. 39—44
- ↑ Wilson Сh. Н. Life and Works of Michelangelo Buonarroti, 1881. — Р. 263
- ↑ Балдини У. Микеланджело-скульптор. Полное собрание скульптур. — М.: Планета, 1979. — С. 94
- ↑ Баранов А. Н. К вопросу о программе скульптурного ансамбля Капеллы Медичи // Микеланджело и его время. — М.: Искусство, 1978. — С. 58
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Edith Balas, "Michelangelo's Medici Chapel: A New Interpretation", Philadelphia, 1995
- Barenboim, Peter (with Heath, Arthur). 500 years of the New Sacristy: Michelangelo in the Medici Chapel, LOOM, Moscow, 2019. 978-5-906072-42-9
- Peter Barenboim, "Michelangelo Drawings: Key to the Medici Chapel Interpretation", Moscow, Letny Sad, 2006, 5-98856-016-4
- Peter Barenboim, Alexander Zakharov, "Mouse of Medici and Michelangelo: Medici Chapel / Il topo dei Medici e Michelangelo: Cappelle Medicee", Mosca, Letni Sad, 2006. 5-98856-012-1
- Peter Barenboim, Sergey Shiyan, Michelangelo: Mysteries of the Medici Chapel, SLOVO, Moscow, 2006. 5-85050-825-2
- Peter Barenboim, Sergey Shiyan, Michelangelo in the Medici Chapel: Genius in details (English, Russian). Moscow, Looom, 2011, 978-5-9903067-1-4
- James Beck, Antonio Paolucci, Bruno Santi, "Michelangelo. The Medici Chapel", Thames and Hudson, New York, 1994, 0-500-23690-9
- Panofsky, Erwin. (1964). «The Mouse That Michelangelo Failed to Carve» (PDF) (Essays In Memory of Karl Lehmann ed.). N.Y.: Institute of Fine Arts, New York University: 242–255.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - Barenboim P. D. / Peter Barenboim. (2017). «The Mouse that Michelangelo Did Carve in the Medici Chapel: An Oriental Comment to the Famous Article of Erwin Panofsky».
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - William E. Wallace,"Michelangelo at San Lorenzo: Genius as Entrepreneur", Cambridge University Press, 1995, 0-521-41021-5
- Umberto Baldini, Michelangelo scultore, Rizzoli, Milano 1973 .
- Marta Alvarez Gonzáles, Michelangelo, Mondadori Arte, Milano 2007 . ISBN 978-88-370-6434-1
- Дажинa В. Д., «Микеланджело. Рисунок в его творчестве» — М.: «Искусство», 1987 . — 215 с.
- «Микеланджело. Жизнь. Творчество» / Сост. В. Н. Гращенков; вступительная статья В. Н. Лазарева — М.: «Искусство», 1964 .
- Ротенберг Е. И. «Микеланджело» — М.: «Искусство», 1964 . — 180 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդիչիների ժամատուն» հոդվածին։ |