Մարիա Ալթման
Մարիա Ալթման գերմ.՝ Maria Altmann | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1916[1] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2] |
Մահացել է | փետրվարի 7, 2011[3][1] (94 տարեկան) |
Մահվան վայր | Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Hillside Memorial Park |
Քաղաքացիություն | Ցիսլեյտանիա, ԱՄՆ և Ավստրիա |
Երկեր | Republic of Austria v. Altmann? |
Մասնագիտություն | արվեստի կոլեկցիոներ |
Ամուսին | Fredrick Altmann? |
Maria Altmann Վիքիպահեստում |
Մարիա Ալթման (գերմ.՝ Maria Altmann, փետրվարի 18, 1916[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2] - փետրվարի 7, 2011[3][1], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), շաքարավազի արտադրությամբ զբաղվող ավստրիացի Ֆերդինանդ Բլոխ-Բաուերի զարմուհի և ժառանգորդ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Ալթմանը փաստաբան Գուստավ Բլոխ-Բաուերի և նրա կնոջ՝ Թերեզա Բաուերի դուստն էր։ Մարիաի հայրը Ֆերդինանդ Բլոխ-Բաուերի եղբայրն էր, մայրը՝ Ադել Բլոխ- Բաուերի քույրը։ Ֆերդինանդ և Գուստավ Բլոխ եղբայրները 1917 թվականին իրենց ազգանունները փոխել են Բլոխ-Բաուեր կրկնակի ազգանվան, քանի որ Բաուեր ընտանիքի բոլոր որդիները կամ անժառանգ են, կամ ունեցել են միայն դուստրեր։ 1937 թվականին Մարիա Բլոխ-Բաուերն ամուսնացել է Ֆրից Ալթմանի հետ, որը տեքստիլ արտադրությամբ զբաղվող Բեռնհարդ Ալթմանի եղբայրն էր։ Հորեղբայր Ֆերդինանդը հարսանիքին Մարիային նվիրել է մահացած կնոջ՝ Ադելի, այն նույն վզնոցը, որով նա պատկերված էր հայտնի ոսկյա դիմանակարում։
1938 թվականին՝ նացիստների կողմից Ավստրիայի անշլյուսից հետո, Ֆրիցը ձերբակալվել և ուղարկվել է Դախաու համակենտրոնացման ճամբար։ Համակենտրոնացման ճամբարից ազատվելուց հետո Ֆրիցը և Մարիան փախել են ԱՄՆ և ապրել Լոս Անջելեսում։ 1945 թվականին Մարիան ստացել է ամերիկյան քաղաքացիություն։ Ֆրիցը և Մարան ունեցել են չորս երեխա։
Մարիա Ալթմանի գործ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Ալթմանի հորեղբորը, չեխոսլովակյան շաքարավազ արտադրող Ֆերդինադ Բլոխ-Բաուերին պատկանում էր ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի նկարների ոչ մեծ մի հավաքածու, որի մեջ էին մտնում երկու բնանկարներ և իր կնոջ՝ Ադելի Բլոխ-Բաուերի երկու դիմանկարները։ Իր կտակում Ադելը, որը մահացել է 1925 թվականին, խնդրում է իր ամուսնուն փոխանցել Կլիմտի նկարները Վիեննայի Բելվեդեր պատկերասրահին։
Խնդրում եմ իմ ամուսնուն իր մահից հետո փոխանցել Գուստավ Կլիմտի հեղինակմամբ իմ երկու դիմանակրները և չորս բնանկարներ Վիեննայի Բելվեդեր պատկերասրահին։ - Ադելի Բլոխ-Բաուերի կտակից[4]
|
1936 թվականին Ֆերդինանդը բնապատկերներից մեկը նվիրեց Բելվեդեր պատկերասրահին։ Սակայն նրան չհաջողվեց ամբողջությամբ կատարել կնոջ կամքը։ Արդեն 1938 թվականին՝ Ավստրիայի անշլյուսից հետո, նա ստիպված էր փախչել երկրից, որտեղ նացիստները բռնագրավել էին նրա ամբողջ ունեցվածքը, ներառյալ Կլիմտի մնացած հինգ նկարները։ 1945 թվականին մահվանից ոչ շատ առաջ Ֆերդինանդ Բլոխ-Բաուերը կազմեց կտակ, որով իր ժառանգներ անվանեց իր եղբորորդիներին՝ Մարիա Ալթմանին, Լուիզա Գաթմանին և Ռոբերտ Բենթլիին։ Նրանց էին անցնում հորեղբոր ունեցվածքի նկատմամբ բոլոր իրավունքները[5]։ Իսկ նկարները այդ պահին արդեն փոխանցված էին Բելվեդեր պատկերասրահին, այդ իսկ պատճառով կտակում չէին հիշատակվում։
Նկարները այդպես էլ կմնային պետության տնորինության տակ, եթե 20-րդ դարի 90-ական թվականներին միջազգային հանրությունը ավելի և ավելի ուշադրություն չհրավիրեր Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների կողմից իրականացված անպատիժ, այդ թվում հանցավոր ճանապարհով ձեռք բերված սեփականության վրա։ 1998 թվականին Ավստրիան ընդունեց օրենք նացիստների կողմից առգրավված արվեստի գործերը հետ վերադարձնելու մասին։ Միևնույն ժամանակ, Ավստրիան հետազոտության համար բացեց արխիվները։
Ավստրիացի լրագրող Հուբերտուս Չերնինը ուսումնասիրելով Բելվեդեր պատկերասրահի արխիվը, պարզեց, որ նկարների պատկերասրահում հայտնվելու պաշտոնական վարկածը սխալ է[6]։ Ենթադրվում էր, որ Ադել Բլոխ-Բաուերն իր կտակով նկարները թողել է երկրին, իսկ նրա ամուսինը՝ Ֆերդինանդը, դրանք նվիրել էր պատկերասրահի 1936 թվականին։ Սակայն փաստաթղթերը վկայում էին այն մասին, որ նկարների իրական սեփականատերը այդ ամբողջ ընթացքում Ֆերդինանդ Բլոխ-Բաուերն էր,ով իր ամբողջ ունեցվածքը թողել էր իր եղբորորդիներին[7]։
Հուբերտուս Չերնինի հոդվածներից մեկը կարդալուց հետո էր, որ Ֆերդինանդ Բլոխ-Բաուերի միակ կենդանի ժառանգորդ Մարիա Ալթմանը որոշեց դատարանի միջոցով հետ բերել իր ընտանիքին պատկանող նկարները։ Այդ ժամանակ նա պատրաստ էր Ավստրիաին թողնել դիմանկարները և խնդրել միայն բնանկարի վերադարձի մասին։ Սակայն Ավստրիան բազմիցս անտեսել է նրա առաջարկները։ Այդ պատճառով 1999 թվականին Մարիա Ալթմանը հայց ներկայացրեց Ավստրիայի դատարան ընդդեմ Բելվեդերե պատկերասրահի, որպեսզի ձեռք բերի բոլոր նկարները, որոնք ժամանակին պատկանում էին իր քեռուն։
Շուտով նա ստիպված եղավ հետ վերցնել գործը՝ Ավստրիայի օրենսդրությամբ պահանջվող հսկայական գրանցման վարձի պատճառով։ Գրանցման վճարը փոխհատուցվող գույքի արժեքի որոշակի տոկոսն է, իսկ Մարիա Ալթմանի դեպքում այն կազմել էր 1.5 միլիոն դոլար, այսինքն ՝ հինգ նկարների (135 միլիոն դոլար) արժեքի մոտ 1,1% -ը։ Չնայած այն հանգամանքին, որ Ավստրիայի դատարանը հետագայում իջեցրեց վճարը՝ $ 350 հազար, Ալթմանը պատրաստ չէր վճարել այդ գումարը։
Արդեն 2000 թվականին Ալթմանը Կալիֆոռնիայի շրջանային դատարան էր դիմել «Արտասահմանյան պետական անձեռնմխելիության մասին» օրենքի համաձայն:Նրա գործը հասավ մինչև ԱՄՆ Գերագույն դատարան, որը 2004 թվականին որոշում կայացրեց, որ պետական անձեռնամխելիության համար կան բացառություններ այն դեպքերում, երբ խոսքը գնում է սեփականության մասին, որը բռնագրավվել է միջազգայի իրավունքի խախտմամբ։ Այս որոշումից հետո Մարիա Ալթմանի և Ավստրիայի միջև պարտադիր արբիտրաժ նշանակվեց երեք ավստրիացի դատավորների մասնակցությամբ[8]։ Ավստրիայի Գերագույն դատարանը եզրակացրեց, որ Ադել Բլոխ-Բաուերի կտակի վրա հիմնված Կլիմտի նկարների վերաբերյալ երկրի պահանջները սխալ էին, իսկ նկարների իսկական տերը Ֆերդինանդ Բլոխ-Բաուերն էր, ով իր ամբողջ ունեցվածքը թողել էր իր ժառանգներին։ 2006 թվականի հունվարի 16-ին արբիտրաժային խորհուրդը որոշում կայացրեց, որ Ավստրիան պարտավոր է վերադարձնել Կլիմտի նկարները Ալթման ընտանիքին։ Եվ արդեն մարտ ամսին նրանք իրենց իրական սեփականատիրոջ մոտ էին։
Հօգուտ Մարիա Ալթմանի դատարանի որոշումը ցնցող էր Ավստրիայի հասարակության և ամբողջ պետության համար։ Նկարների կորուստը Ավստրիայում ընկալվում էր որպես ազգային հարստության կորուստ[9]։ Դատավարությունից հետո Ավստրիայի Հանրապետությունն իրավունք ուներ գնել նկարները, և ինքը ՝ Ալթմանը, պատրաստ էր նկարները վաճառել Ավստրիային։ Բայց արժեքը, որը սահմանվել էր Ալթմանի ներկայացուցիչների կողմից (300 միլիոն դոլար), չափազանց մեծ էր պետության համար, չնայած կազմակերպվել էր դրամահավաք և բանակցություններ էին վարվում բանկերի հետ նկարները գնելու համար[6]։
Նկարները ընտանիքին վերադարձնելուց ընդամենը մի քանի ամիս անց, Մարիա Ալթմանը դրանք աճուրդի հանեց Քրիստիս ում։ Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար Iը 135 միլիոն դոլարով ուղղակիորեն վաճառվեց ամերիկացի ձեռնարկատեր և կոլեկցիոներ Ռոնալդ Լաուդերին, իսկ մյուս նկարները վաճառվեցին աճուրդում։ Այսպիսով, Ադել Բլոխ-Բաուեր II դիմանկարը վաճառվեց 88 միլիոն դոլարով, իսկ ընդհանուր առմամբ բոլոր հինգ նկարների գինը կազմեց 327 միլիոն դոլար[10]։ 2006 թվականի հուլիսի 13-ից Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարը ցուցադրվում է Նյու Յորքի Նոր պատկերասրահում։ Նկարների վաճառքից ստացված գումարի մի մասը ծառայեց Մարիա Ալթմանի ընտանիքի հիմնադրամի հիմնադրմանը։
Մարիա Ալթմանին վերադարձված Կլիմտի հինգ նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ադելի բլոխ-Բաուերի I դիմանկարը, 1907
-
Ադելի բլոխ-Բաուերի II դիմանկարը, 1912
-
Կեչու պուրակ, 1903
-
Խնձորենի I, 1912
-
Տներ Ունտերահում՝ Աթերզիի մոտ, 1916
Մարիա Ալթմանի աշխատանք մասսայական մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարիա Ալթմանի պատմությունը արտացոլվում է երեք վավերագրական և մեկ գեղարվեստական ֆիլմերում։
- Stealing Klimt 2007 թվականին ներկայացված վավերագրական ֆիլմում, պատմվում է Վիեննայում Մարիայի կյանքի, նացիստական բռնություններից նրա փախուստի և Կլիմտի նկարների վերադարձի գործում հաղթանակի մասին։ Ֆիլմը ներառում է նաև հարցազրույց Մարիա Ալթմանի, նրա փաստաբան Ռենդոլ Շենբերգի և լրագրող Հուբերտուս Չերնինի հետ։
- Adele's Wish - 2008 թվականի Թերրես Թյորների վավերագրական ֆիլմում, ով հանդիսանում է Մարիա Ալթմանի թոռնուհու ամուսինը։ Ֆիլմը ներառում է հարցազրույց Մարիա Ալթմանի, նրա փաստաբան Ռենդոլ Շենբերգի և աշխարհի առաջատար փորձագետների հետ։
- The Rape of Europa 2006 թվականի վավերագրական ֆիլմում, Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների կողմից արվեստի ստեղծագործությունների մեծամաշտաբ գողության մասին։
- «Կինը ոսկու մեջ» 2015 թվականին նկարահանված գեղարվեստական ֆիլմում,որը ներկայացնում էր Մարիա Ալթմանի տասնամյա պայքարը Կլիմտի նկարների վերադարձի համար։ Մարիա Ալթմանի դերը կատարում է Հելեն Միրրենը, իսկ իր փաստաբան Ռենդոլ Շենբերգի դերը՝ Րայան Րեյնոլդսը։ Այս ֆիլմում իր դերակատարման համար Հելլեն Միրրենը նոմինացվել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի։
Ինչպես նաև երկու գրքերում
- «Գողացված գեղեցկության» Լորի Ալբանեզի վեպում, որը նկարագրում է Ադել Բլոխ-Բաուերի և Մարիա Ալթմանի կյանքի ուղիներն ու հարաբերությունները։
- Գրեգոր Քոլլինզի The Accidental Caregiver: How I Met, Loved, and Lost Legendary Holocaust Refugee Maria Altmann-ում, ով իր կյանքի վերջին երեք տարիներին աշխատել է որպես խնամող Մարիա Ալթմանի մոտ։ Գիրքը գրված է Գրեգորի անունից, որը հիմնվելով Մարիայի հետ զրույցների վրա, պատմում է Կլիմտի նկարները հետ ստանալու նրա պայքարի, ինչպես նաև այն մարդկանց մասին, ովքեր շրջապատել են նրան այդ ժամանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #139409122 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.latimes.com/news/obituaries/la-me-maria-altmann-20110208,0,7146986.story
- ↑ Probate Law, a Will Bequest and The Woman in Gold // Sandra Thompson Law Office
- ↑ Six Klimt paintings — Maria Altmann and Austria // ArThemis — Centre du droit de l'art
- ↑ 6,0 6,1 Прощай, «Золотая Адель»! // Коммерсантъ
- ↑ The Story Behind ‘Woman in Gold’: Nazi Art Thieves and One Painting’s Return // The New York Times
- ↑ Maria Altmann obituary // The Guardian
- ↑ Museum threatened, takes down Klimt paintings // ynetnews
- ↑ Christie’s stages record art sale Արխիվացված 2019-10-19 Wayback Machine // Reuters
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hubertus Czernin. Die Fälschung: Der Fall Bloch-Bauer und das Werk Gustav Klimts. Czernin Verlag, Vienna 2006. ISBN 3-7076-0000-9
- Anne-Marie O’Connor. The Lady in Gold: The Extraordinary Tale of Gustav Klimt’s Masterpiece, Portrait of Adele Bloch-Bauer. Alfred A. Knopf, New York 2012, ISBN 0-307-26564-1
- Gregor Collins. The Accidental Caregiver: How I Met, Loved and Lost Legendary Holocaust Refugee Maria Altmann. Bloch-Bauer Books, Los Angeles 2012, ISBN 0-9858654-0-7
- Mona Horncastle, Alfred Weidinger. Gustav Klimt. Die Biografie. — 1. Aufl. — Christian Brandstätter Verlag, 2018. — 320 S. — ISBN 9783710602528.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադելի Բլոխ-Բաուերի կտակի բնօրինակները և Բլոխ-Բաուերների ունեցվածքի նկարագրությունը
- Adele’s Wish
- BBC news story describing sale of the art works
- Holocaust Victims' Information and Support Center
- Stealing Klimt
- Supreme Court ruling in Republic of Austria v. Altmann
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Ալթման» հոդվածին։ |
|