Մատնաչափիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մատնաչափիկ
Calineczka VP ubt.jpeg
Տեսակ հեքիաթ
Հեղինակ Հանս Քրիստիան Անդերսեն
Ստեղծագործություն «Մատնաչափիկը»
Սեռ իգական
Thumbelina Վիքիպահեստում

Մատնաչափիկ (դան․՝ Tommelise), փոքրիկ, գեղեցիկ և բարի աղջիկ, դանիացի բանաստեղծ, ճանապարհորդ և հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի հերոսուհին։ Ուրախ մարդուկների ակումբի միակ աղջիկ անդամը[1]։

«Մատնաչափիկը» հեքիաթն առաջին անգամ հրապարակվել է 1835 թվականին Դանիայում՝ «Հեքիաթներ, որ պատմվել են երեխաներին» գրքի 2-րդ հատորի կազմում։ Ինչպես Անդերսենի բազմաթիվ հեքիաթներ, այս հեքիաթը ևս հորինվել է անձամբ գրողի կողմից և ոչ թե փոխառնվել «ժողովրդից»։

Բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անճոռնի ճուտիկի և Անդերսենի մի շարք այլ հերոսների նման Մատնաչափիկը ևս համարվում է գործող անձ-«հետ մնացող», որ փնտրում է իր տեղը հասարակության մեջ։ Այդպիսի հերոսներն առաջացնում են հեղինակի համակրանքը։

Հեքիաթի սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի կին ծաղիկ էր աճեցնում, որի բացված կոկոնից դուրս է գալիս փոքրիկ աղջիկ։ Նա հազիվ մի մատնաչափ հասակ ուներ։ Կինը նրան անվանում է Մատնաչափիկ։

Աղջիկը շատ գեղեցիկ էր։ Դա նկատում է գորտը և որոշում, որ Մատնաչափիկը հիանալի կին կլինի իր տղայի համար։ Կեսգիշերին գորտը գողանում է աղջկան, որպեսզի տանի իր տղայի մոտ։ Գորտի որդին հմայվում է աղջկա գեղեցկությամբ, և որպեսզի Մատնաչափիկը չփախչի, նրան նստեցնում է ջրաշուշանի տերևի վրա: Սակայն աղջկան օգնության են գալիս ձկները, որոնք կրծում են ջրաշուշանի ցողունն ու տերևը, իսկ թիթեռը, որին նույնպես դուր էր եկել Մատնաչափիկը, բռնում է աղջկա գոտին և թռչելով իր ետևից տանում տերևը, այնպես որ այն սահում է ջրի մակերևույթով: Մինչ թիթեռը քաշում էր տերևը, մայիսյան բզեզը փախցնում է աղջկան, իսկ թիթեռը տերևից կապված է մնում։ Մատնաչափիկը շատ էր խղճում նրան․ եթե թիթեռը ազատվել չկարողանար, սովից կմեռներ։

Բզեզը Մատնաչափիկին տանում է իր ընկերների և ծանոթների մոտ։ Բայց աղջիկը նրանց դուր չի գալիս, քանի որ նրանք գեղեցիկի մասին ունեն իրենց հատուկ բզեզային պատկերացումները: Խեղճ Մատնաչափիկն անտառում մենակ է մնում։ Նա անցկացնում է ամառը և աշունը, իսկ երբ գալիս է ձմեռը, սկսում է մրսել: Բարեբախտաբար սառած Մատնաչափիկին հայտնաբերում է դաշտամուկը, որն աղջկան իր բնում ապաստարան է տալիս։ Այնուհետև մուկը որոշում է աղջկան ամուսնացնել իր հարուստ հարևանի՝ խլուրդի հետ։ Նա շատ հարուստ էր և նույնքան էլ ագահ։ Մատնաչափիկը խլուրդին դուր է գալիս, և վերջինս խոստանում է մտածել ամուսնության մասին։ Նա աղջկան ցույց է տալիս իր ստորգետնյա «ապարանքներն» ու հարստությունը։ Սրահներից մեկում Մատնաչափիկը գտնում է սառած ծիծեռնակի: Խլուրդը և դաշտամուկը կարծում են, որ ծիծեռնակը մահացել է, բայց պարզվում է, որ ծիծեռնակն ուղղակի շատ թույլ է։ Մատնաչափիկը դաշտամկանից և խլուրդից գաղտնի հոգ է տանում թռչնակի մասին: Բացվում է գարունը։ Ծիծեռնակն ամբողջովին ապաքինվում է և Մատնաչափիկին շնորհակալություն հայտնելով՝ դուրս թռչում խլուրդի սրահից։

Այդ ժամանակ խլուրդը վերջնականապես կողմնորոշվում է և որոշում ամուսնանալ: Դաշտամկան պատվերով Մատնաչափիկն սկսում է իր համար օժիտ պատրաստել։ Նա շատ տխուր էր և վիրավորված, քանի որ բոլորովին չէր ուզում ամուսնանալ խլուրդի հետ։ Գալիս է հարսանիքի օրը։ Մատնաչափիկը որոշում է վերջին անգամ լույս աշխարհ դուրս գալ և արևին հրաժեշտ տալ։ Այդ ժամանակ դաշտով թռչում էր ծիծեռնակը։ Նա աղջկան տանում է երկրներ՝ փրկելով ագահ ու հաշվենկատ խլուրդից։

Տաք երկրներում Մատնաչափիկը բնակվում է ծաղկի մեջ։ Նա ծանոթանում է էլֆերի թագավորի հետ։ Նրանք իսկույն սիրահարվում են միմյանց և ամուսնանում։ Այդպես Մատնաչափիկը դառնում է էլֆերի թագուհին։

Էկրանավորումներ և բեմադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էնդրյու Լանգն իր «Ձիթենու հավերժահարսերի հեքիաթները» գրքի տասնմեկերորդ հատորում (տպագրվել է 1907 թվականին) «Մատնաչափիկը» հեքիաթը վերանվանել է «Մայայի արկածները»։
  • «Մատնաչափիկը» առաջին ֆիլմը եղել է սև-սպիտակ և թողարկվել է 1924 թվականին՝ ռեժիսոր Գերբերտ Մ․ Դոլիի կողմից։
  • Անդերսենի մասին ֆիլմում (1952) Դեննի Քեյը կատարել է Ֆրենկ Լեսսերի կողմից գրված «Մատնաչափիկը» երգը։
  • Լոտտե Ռեյնիգերը 1954 թվականին թողարկել է Մատնաչափիկի մասին 10 րոպեանոց ֆիլմ։
  • 1964 թվականին Լեոնիդ Ամալրիկի կողմից նկարահանվել է «Մատնաչափիկը» խորհրդային մուլտֆիլմը։
  • 1972 թվականին նկարահանվել է Մատնաչափիկի մասին դիաֆիլմ (խմբագիր՝ Ն․ Մարտինովա, նկարիչ՝ Գ․ Պորտնյագինա)[2]։
  • «Toei Animation» ճապոնական ստուդիան 1978 թվականին նկարիչ Օսամու Թեձուկայի նկարներով թողարկել է «Sekai Meisaku Dowa: Oyayubi Hime» (World’s Famous Children’s Stories: The Thumb Princess) լիամետրաժ անիմե-մուլտֆիլմ։
  • Մատնաչափիկի մասին սերիալը թողարկել է «Faerie Tale Theatre» («Հեքիաթային թատրոն») ստուդիան 1984 թվականին։ Սերիալում նկարահանվել են Քերրի Ֆիշերը և Ուիլյամ Քեթան։
  • 1989 թվականին Մատնաչափիկի մասին պատմությունը «Rabbit Ears Productions» ստուդիայի կողմից թողարկվել է տեսաերիզներով, ձայնասկավառակներով, խտասկավառակներով (Քելլի ՄակԳիլլիսի կատարմամբ) և գրքի տեսքով։
  • «Enoki Films» ճապոնական ստուդիան 1992 թվականին թողարկել է 26 սերիանոց «Oyayubi Hime Monogatari» («Պատմություններ Մատնաչափիկի մասին»)։
  • Golden Films ընկերությունը 1993 թվականին թողարկել է Մատնաչափիկի մասին մուլտֆիլմ։
  • 1994 թվականին Դոն Բլուտը թողարկել է «Մատնաչափիկը» մուլտֆիլմը, որը որոշ շեղումներ ունի դասական հեղինակային սյուժեից։
  • 2002 թվականին DVD-ով թողարկվել է «Մատնաչափիկի արկածները» մուլտֆիլմը։
  • «Շրեկ 2» (2004) մուլտֆիլմում արքայադուստր Ֆիոնայի հարսանիքի հյուրերից էր Մատնաչափիկը։
  • Hans Christian Andersen’s 200th Anniversary: The Fairy Tales, 2005, Denmark, The Netherlands, Jorgen Bing (Հանս Քրիստիան Անդերսեն, Հեքիաթներ, 2005, Դանիա, Նիդերլանդներ, Յորգեն Բինգ)։
  • 2007 թվականին Լեոնիդ Նաչաևան Իննա Վետկինայի սցենարի հիման վրա թողարկել է «Մատնաչափիկը» ֆիլմը։
  • 2009 թվականին թողարկված Բարբիների մուլտֆիլմը ներկայացնում է «Մատնաչափիկը» հեքիաթը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дюймовочка» на просто-сказка.рф