Մանեժ (Մոսկվա)
🌐 | moscowmanege.ru/ru/ |
---|---|
Մոսկովյան Մանեժ (Մանեժ կենտրոնական ցուցասրահ), պատմական շենք, որը գտնվում է Մոսկվայի Մանեժնայա հրապարակի շենք 1 հասցեում, Մանեժնայա և Սապոժկովա հրապարակների, Ալեքսանդրովսկու զբոսայգու և Մոխովայա փողոցի միջև։ Հանդիսանում է Մոսկվա քաղաքի «Մանեժ թանգարանների և ցուցահանդեսների միավորում» մշակութային պետական բյուջետային հաստատության գլխավոր ցուցահանդեսային հարթակը[1]։
Շենքը կառուցվել է 1817 թվականին՝ Ավգուստին Բետանկուրի նախագծով՝ 1812 թվականի Հայրենական պատերազմում տարած հաղթանակի հինգերորդ տարեդարձի պատվին։ 1824-1825 թվականներին Օսիպ Բովեն նախագծել է Մանեժի ճակատները ամպիրային ոճով։ Սկզբում Մանեժը կոչվել է Էկզերցիրհաուզ և նախատեսված է եղել զորքերի շարային պատրաստության համար։ 1831 թվականից շենքում կազմակերպվել են ցուցահանդեսներ և տոնախմբություններ, իսկ ավելի ուշ՝ համերգներ և պարահանդեսներ։ Հեղափոխությունից հետո բոլշևիկները նրա տարածքում հիմնել են զորանոց, ապա ավտոկայանատեղի՝ կառավարական մեքենաների համար։ 1957 թվականին հաստատությանը տրվել է Կենտրոնական ցուցասրահի կարգավիճակ, և այնտեղ պարբերաբար անցկացվել են ցուցահանդեսներ և հանրային այլ միջոցառումներ[2]։
2004 թվականին շենքը մեծապես տուժել է հրդեհից և վերակառուցվել ճարտարապետ Պավել Անդրեևի նախագծով։ Վերականգնման ընթացքում համալիրում ստորգետնյա հարկ է կառուցվել, ընդլայնվել են տնտեսական և ցուցահանդեսային տարածքները։ Ներկայումս թանգարանա-ցուցահանդեսային միավորման հարթակներում կազմակերպվում են ցուցահանդեսներ, համերգներ, ներկայացումներ, դասախոսություններ և դասընթացներ[3]։
Մանեժի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկվայի Մանեժի ուղղանկյուն մեկ հարկանի շենքը կլասիցիզմի ճարտարապետության օրինակ է։ 166 մ երկարությամբ, 44 մ լայնությամբ և մոտ 15 մ բարձրությամբ կառույցն իր ժամանակի համար շատ մեծ էր։ Մանեժի սկզբնական տարածքը կազմել է 7424,67 մ²։ Շենքի գլխանիստային ճակատները զարդարված է կամարասրահներով, յոթ կամարակապ կիսասյուներով որմնախորշերով և ավարտվում է հարթ վերնաճակատներով՝ առանց գլխազարդերի։ Կողային պատերին կից կանգնեցված են տոսկանական սյունակարգեր, որոնց միջև կամարակապ բացվածքներում տեղադրված են թաղածածկ պատուհաններ։ Եզրային գլխանիստ վերնաճակատների տակ, ինչպես նաև կողային պատերի միջին հատվածում տեղադրված են եռակի փայտյա դարպասներ։ Ենթադրվում է, որ գլխավոր ճակատը եղել է հարավայինը, որը դուրս էր գալիս դեպի Կուտաֆեյ աշտարակ և համարվում էր Կրեմլի չորս մուտքերից մեկը։ Մանեժի ներքին տարածքը լավ լուսավորված է բնական լույսով՝ շնորհիվ պատուհանների, որոնք կազմում են պատերի տարածքի մոտ մեկ երրորդը։ Մանեժի խոշորացված համամասնությունները, սյուները, մույթերը և մեղմ գունային երանգները ընդգծում են շինության վիթխարակերտությունը[4][5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկզերցիրհաուզի շինարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանեժի կառուցման պատմությունը կապված է 1812 թվականի մոսկովյան հրդեհի հետ, որը ոչնչացրել էր քաղաքի փայտե կառույցների մեծ մասը։ Մոսկվայի կառուցապատման հանձնաժողովը, որը իր աշխատանքները սկսել էր 1813 թվականին, որոշել էր այրված կառույցները դարձնել միատարր դասական ճարտարապետական համալիր։ Այդ հատակագծի համաձայն կառուցված շենքերի թվում էր Մանեժը, որը կառուցվել էր վաճառական կրպակների տեղում[6][7]։
1816 թվականին Ալեքսանդր I-ը հրամայել է կառուցել Էկզերցիրհաուզը, ինչպես այդ ժամանակ անվանել են մանեժներին։ 1814 թվականին ռուսական զորքերի Փարիզ մտնելուց հետո կայսրը գոհ է եղել նրանց քայլի ներդաշնակությունից, ուստի նա պարբերաբար կազմակերպել է զորահանդեսներ և ստուգատեսներ[6]։ Շենքը նախատեսված է եղել մինչև երկու հազար հոգանոց զորամիավորման շարային պատրաստության համար, այն նաև հարմար վայր է եղել Կրեմլից դուրս գալուց հետո Տրոիցկայա և Կուտաֆյա աշտարակների մոտակայքում գնդերի տեղակայման համար[8]։
1817 թվականին Մանեժի շինարարության աշխատանքները վստահվել են ճարտարապետ Ավգուստին Բետանկուրին։ Նա պետք է նախագծեր մի հսկայական շենք, որտեղ ազատորեն կարող էր մանևրել հեծելազորային գունդը։ Փայտամածների և 30 փայտե ձողակառույցների եզակի կառուցվածքը հնարավորություն տվեց շենքը կառուցել 45 մետր լայնությամբ, առանց ներքին հենարանների, ողջ ծածկը հենված է միայն պատերի վրա։ Ներքին տարածքը կառուցապատված էր այնպես, որ շինությունը բաց էր և ամբողջությամբ տեսանելի։ Արտասահմանյան ինժեներները հատուկ եկան Մոսկվա՝ ծանոթանալու Մանեժի արտասովոր ծածկի համակարգին[9]։
Շինարարության նախապատրաստական աշխատանքները սկսվել են նույն թվականի գարնանը՝ նախքան նախագծի պաշտոնական հաստատումը։ Աշխատանքներն իրականացվել են Մոսկվայի հիդրոտեխնիկական և հողային աշխատանքների գլխավոր տեսուչ, ինժեներ Լև Կարբոնիեի ղեկավարությամբ, նրան օգնել են ճարտարապետ Կարլ Լամոնին և ինժեներ-պորուչիկ Ա. Յա Կաշպերովը[5]։ Հուլիսին Ալեքսանդր I-ը հաստատել է նախագիծը, որի նախահաշվային արժեքը կազմել է 964,038 ռուբլի 56 կոպեկ։ Ֆինանսավորումը նախատեսված է եղել շինարարական հանձնաժողովի կողմից։ Եզակի նախագծի համար անհրաժեշտ են եղել երկար փայտամածներ, որոնց համար հարյուրամյա կուենու ծառեր են բերվել ողջ Ռուսաստանից։ Շինարարության սուղ ժամկետի պատճառով մեծ թվով բանվորներ են պահանջվել, 1817 թվականի հուլիսին որմնադիրների թիվը կազմել է մոտ 600 մարդ, հետագայում այն հասել է 800-ի։ Հոկտեմբերին ավարտվել է պատերի ու տանիքի կառուցումը, իսկ նոյեմբերին տեղադրվել են ապակեպատ պատուհանները։ Հարդարման աշխատանքները հետաձգվել են մի քանի տարով և ավարտվել միայն 1824-1825 թվականներին[10]։
Շինարարության ընթացքում շենքի ձեղնահարկը ծածկվել է կես մետր երկարությամբ մախորկայով՝ փայտե կառույցները կրծողներից և միջատներից պաշտպանելու համար։ Թանգարանի աշխատակիցները պնդում են, որ ամբողջ մախորկան ծխել են կա՛մ հեղափոխական զինվորները Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, կա՛մ Հայրենական մեծ պատերազմի սակավ տարիներին, իսկ ձեղնահարկը ծածկվել է թեփով, որն այնքան էլ լավ չի եղել պաշտպանել փայտը վնասատուներից և խոնավությունից[11][12]։
1817 թվականի նոյեմբերի 30-ին (դեկտեմբերի 12-ին)[13]՝ Նապոլեոնի դեմ տարած հաղթանակի հնգամյա տարեդարձին, կայսրի ներկայությամբ և զորքերի շքերթով բացվել է Էկզերցիրհաուսը։ «Մոսկովսկիե վեդոմոստի»-ն գրել է. «Այդ շենքի շինարարությունը սկսվել է այս տարվա գարնանը։ Կառույցի երկարությունը՝ 81, լայնությունը՝ 25 սաժեն է, պատերի հաստությունը՝ 5 արշին, բայց ամենազարմանալին առաստաղն է, որ նման վիթխարի շինությունը ներսից ոչ մի հենարան չունի և երկար փայտամածները հենված են միայն պատերի վրա՝ ըստ գեներալ-լեյտենանտ Բետանկուրի կազմված նախագծի։ Բոլորը հետաքրքրությամբ էին նայում այդ արտասովոր շենքին»[14]։ Ճակատային մասի հուշատախտակի վրա գրված է․ «Մանեժի շենքը կառուցվել է 1817 թվականին՝ ի նշանավորումն 1812 թվականի Հայրենական պատերազմում ռուս ժողովրդի հաղթանակի»[14][15]։ Ըստ ճարտարապետության քննադատ Գրիգորի Ռևզինի, Ալեքսանդր I-ի «շինարարական ծրագիրը» և նրա օրոք ռուսական ամպիրի ոճով կառուցված շինությունը հանդիսանում է Հռոմեական կայսրության մշակութային ժառանգության ցուցադրությունը[16]։
Մանեժի վերակառուցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շտապողականությունը, որով իրականացվել է շինարարությունը, ազդել է կատարված աշխատանքների որակի և շենքի հետագա ճակատագրի վրա։ Արդեն 1818 թվականի հուլիսին փայտամածների ֆերմաները ճաքել են։ Թեև վնասի հիմնական պատճառը համարվել է շոգը, որից չորացել է փայտը, հետազոտողները ենթադրում են, որ շինարարության ընթացքում շտապողականությունն ու թերացումները, ինչպես նաև նախագծային հաշվարկների որոշ սխալները ազդել են շենքի վիճակի վրա։ 1819 թվականի աշնանը Բետանկուրն Ալեքսանդր I-ին խնդրել է վերակառուցել շենքի տանիքը և կառավարությունը լրացուցիչ 140 հազար ռուբլի է հատկացրել վերանորոգման համար[17]։
Միայն 1823 թվականին ստեղծվել է հատուկ հանձնաժողով տանիքի կառուցվածքը ուսումնասիրելու համար։ 1823-1824 թվականներին ռազմական ինժեներ գնդապետ Ռաֆայել Բաուսի նախագծով ու ղեկավարությամբ և Ա. Յա․Կաշպերովի ակտիվ մասնակցությամբ, որպես նոր պատրաստված փայտամածների հավաքող և տեղադրող, ինժեներ Բաուսը հաշվարկել և իրականացրել է նոր տանիքի վերակառուցումը՝ ավելացնելով ֆերմաների թիվը, այն 30-ից հասցնելով 45-ի և բարելավելով կառուցվածքային որոշ մանրամասներ[17][18]։
1819 թվականին Կարբոնիեն հանձնաժողովին ներկայացրեց Մանեժի ճակատային մասի սվաղային ձևավորման նախագիծ, որը չիրականացվեց փայտամածների վերակառուցման պատճառով։ Ճակատի ձևավորման երկրորդ փորձը կատարվեց 1824 թվականին Օսիպ Բովեի կողմից, ով ղեկավարում էր Մանեժի հետազոտության հանձնաժողովը։ Նա մշակեց դեկորատիվ քանդակագործական ձևավորման նախագիծ անտիկ ռազմավարների թեմայով, որը տարածված էր հետհրդեհային Մոսկվայում, այն խորհրդանշում էր հաղթանակը։ Բովեի գծագրերի հիման վրա հռոմեական լեգեոներների ռազմական ատրիբուտների դեկորատիվ դետալների տեսքով վերակառուցումները իրականացվել են մանեժի շենքի դրսից և ներսից 1825 թվականի ամռանը։ Սվաղման և ծեփագործական աշխատանքներից հետո Բովեն պատրաստվում էր տեղադրել 12 թուջե բարձրաքանդակներ, որոնք մտահղացել էր Բետանկուրը։ Այդ ժամանակ հին էսքիզները կորել էին և Բովը պետք է նորից ստեղծեր ռազմավարների նախագիծը։ «Ռազմական ավարների» բարձրաքանդակները նախատեսված էին Մանեժի դատարկ պատերի համար, բայց դրանց պատրասման աշխատանքները դադարեցվեցին, ֆինանսավորման չստացման պատճառով, քանի որ Նիկոլայ I-ը ոչ մի հետաքրքրություն չէր ցուցաբերում շինարարության նկատմամբ։ Այսպիսով Մանեժը ձեռք բերեց իր վերջնական տեսքը, բացառությամբ ավելի ուշ կառուցված ռոտոնդայի[19][20]։
1838 թվականին Նիկոլայ I-ի հրամանով ապամոնտաժվում է Սապոժկայի Նիկոլայ Հրաշագործի հին եկեղեցին, որը գտնվում էր մոտակայքում։ Նրա զոհասեղանը տեղափոխվեց ռոտոնդայի շենք, որը նույն թվականին ավելացվել էր Մանեժի ճակատային մասից։ Կոնստանտին Տոնի նախագծած եկեղեցու ճակատը կրկնում էր Մանեժի ճակատների կառուցվածքն ու պլաստիկությունը՝ դրա հետ ստեղծելով մեկ ամբողջական կոմպոզիցիա։ Խորհրդային տարիներին այս կցակառույցը քանդվել էր, քանի որ այն խանգարում էր Մանեժնայա փողոցի երկայնքով տրամվայի գծերի անցկացմանը[21][22]։
1904 թվականին շենքը ռեստավրացիայի է ենթարկվել ճարտարապետ Իվան Ռերբերգի կողմից[21]։
Մանեժի օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցարական ժամանակներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացումից հետո Մանեժում նախ ախոռներ են տեղադրվել և անցկացվել են ռազմական ստուգատեսներ, շքերթներ և վարժանքներ։ Բայց քանի որ կայսրն իր ժամանակի մեծ մասն անցկացրել է Սանկտ Պետերբուրգում և այնտեղ են կազմակերպվել հիմնական ռազմական միջոցառումները, 1830-ական թվականներից սկսած Մոսկվայի Մանեժում պարբերաբար համերգներ և ցուցահանդեսներ են անցկացվել[21]։ Օրինակ՝ 1867 թվականին կոմպոզիտոր Էկտոր Բեռլիոզը վիրտուոզ դաշնակահար Նիկոլայ Ռուբինշտեյնի հետ միասին Մանեժում դիրիժորություն է արել՝ ղեկավարելով 500 հոգուց բաղկացած նվագախումբն ու երգչախումբը՝ 12 հազար հանդիսատեսի ներկայությամբ[23]։ 1865-1867 թվականներին շենքում անցկացվել է ազգագրական ցուցահանդես, որտեղ ցուցադրվել է Ռուսաստանի ժողովուրդների կենցաղը, ազգային տարազներ հագած պապիե-մաշեի կերպարների օգնությամբ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ցուցահանդես է այցելել նաև կայսր Ալեքսանդր II-ը, սակայն նրան դուր չեն եկել ցուցադրված կերպարները և նա լքել է Մանեժը[24]։ 1872 թվականին Մանեժում կազմակերպվել է Պոլիտեխնիկական ցուցահանդես[25], իսկ 1879 թվականին՝ Մարդաբանական ցուցահանդես[26]։
Շենքը օգտագործվել է նաև Մասլենիցայի, Զատիկի, Սուրբ Ծննդյան տոների և ժողովրդական այլ տոնախմբությունների կազմակերպման համար։ Մնացած օրերին Մանեժում անցկացվել են ձիասպորտի մրցումներ, ձիավարության և հեծանվավազքի պարապմունքներ[27]։ 1894 թվականին Մանեժում կազմակերպվել է հանգուցյալ կայսր Ալեքսանդր III-ի հրաժեշտի արարողությունը[25]։
Խորհրդային Միության օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղափոխությունից հետո Մանեժի շենքում ստեղծվել է զորանոց։ Այնուհետև Մանեժը ծառայել է որպես ավտոհավաքատեղի կառավարական մեքենաների համար[26][28]։
Ըստ տարածված վարկածի, երբ Օսիպ Բովեն աշխատել է շենքի արտաքին ձևավորման վրա, Մոսկվայի գեներալ-նահանգապետը խորհուրդ է տվել քանդակներով զարդարել վերնաճակատները, սակայն ճարտարապետը մերժել է, դրանք թողնելով հարթ ու սպիտակ։ Խորհրդային տարիներին այս պատմությունը մեկնաբանվել է որպես իշխանության դեմ նկարչի հաջող ապստամբության օրինակ[29]։
1920-ական թվականներին շենքի վիճակը վատթարացել է. նրա հեծանները գրեթե մեկ մետրով իջել են։ 1930 թվականին շենքի առաջին խոշոր ռեստավրացիայի ժամանակ դրանք ամրացվել են մետաղական թիթեղներով և սյուներով, որոնք, սակայն, խաթարել են ինտերիերի նախնական բաց և ընդարձակ դասավորությունը[30]։
1941 թվականին գերմանական ֆուգասային ռումբն ընկել է շենքի մեջ, սակայն մեծ վնաս չի հասցրել դրան։ 1953 թվականին Մանեժում կրկին սկսվել են լուրջ վերականգնողական աշխատանքներ՝ ճարտարապետ և ռեստավրատոր Դ. Ն. Կուլչինսկու ղեկավարությամբ. ապամոնտաժվել են էստակադաները և մեքենաների վերանորոգման փոսերը, վերականգնվեցին երկգլխանի արծվի և Սուրբ Գևորգ Զորավարի պատկերով նախահեղափոխական հարթաքանդակները։ Աշխատանքներն իրականացրել են Մոսկվայի մետրոպոլիտենի շինարարները՝ ինժեներ Վասիլի Պոլեժաևի գլխավորությամբ[30][5]։
1957 թվականից Մանեժը մշտապես օգտագործվել է ցուցահանդեսների, համերգների և հանրային այլ միջոցառումների անցկացման համար։ 1960-ական թվականներին այստեղ «Նոր իրականություն» ստուդիայի կողմից կազմակերպվել է «Մոսկվայի նկարիչների միության 30 տարիները» հայտնի ավանգարդ ցուցահանդեսը, որը 1962 թվականի դեկտեմբերի 1-ին այցելել և քննադատել է Նիկիտա Խրուշչովը։ 1967 թվականին Մանեժին շնորհվել է մայրաքաղաքի կենտրոնական ցուցասրահի կարգավիճակ[28][31]։ 1967-1981 թվականներին Մանեժում անցկացվել են ավելի քան 110 արվեստի ցուցահանդեսներ, որոնց մասնակցել է մոտ 22 միլիոն այցելու[5]։
1990-ական թվականներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի Դաշնության կազմավորման հետ կապված Մանեժի դերը չի փոխվել։ 1990-ական թվականներից շենքում կանոնավոր կերպով անցկացվում են Մոսկվայի գեղարվեստի «ART-МИФ» միջազգային տոնավաճառները, որը խորհրդանշում է հետխորհրդային Ռուսաստանում ավանգարդ արվեստի շուկայի վերածնունդը[32]։ 1990 թվականին Մանեժում տեղի է ունեցել «Ավանգարդ 20/90» ցուցահանդեսը[33]։ 1996 թվականից Կենտրոնական ցուցասրահը հանդիսանում է «АРТ-Манеж» արվեստի տոնավաճառի ամենամյա կազմակերպիչը[34]։ «АРТ-Манеж - 98» ցուցահանդեսում նկարիչ Ավդեյ Տեր-Օհանյանը ներկայացրել է «Երիտասարդ աթեիստ» ներկայացումը, որտեղ նա կացնով կտրատեց ուղղափառ սրբապատկերները, որից հետո էլ նրա դեմ քրեական գործ հարուցվեց կրոնական ատելություն սերմանելու մեղադրանքով[35]։
Արդիականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերակառուցման պլանը Լուժկովի օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին «Մոսպրոեկտ-2» ճարտարապետական բյուրոյի թիվ 14 արվեստանոցը մշակել է Մանեժի վերակառուցման ծրագիր։ Շենքը պետք է ստանար նոր ենթակառուցվածքներ և սարքավորումներ, ավելացվեին ցուցահանդեսային տարածքները։ Առանձին քննարկվել է շենքի տանիքի ֆերմայի և ստորգետնյա տարածքի վերակառուցման հնարավորությունը, միաժամանակ նախատեսվում է լրացուցիչ հարկերի կառուցում։ Առաջին ստորգետնյա հարկում ճարտարապետները նախատեսել են կազմակերպել տեխնիկական սենյակներ, հանդերձարան և տեղակայվեին ցուցադրական հարթակների մի մասը, իսկ երկրորդում՝ ավտոկայանատեղի։ Նախագծի քննադատները պնդում էին, որ ստորգետնյա հարկերը կխեղաթյուրեն շենքի պատմական տեսքը և բացասաբար կանդրադառնան դրա կայունության վրա։ Այդ պահին վերակառուցման նախագիծը չի իրականացվել, իսկ դրա քննարկումը տևել է մի քանի տարի[36][25]։
2003 թվականի հոկտեմբերին Մոսկվայի քաղաքապետարանը արդեն մշակված նախագծի շրջանակներում անցկացրել է ներդրումային մրցույթ Կենտրոնական ցուցահանդեսային շենքի վերակառուցման համար։ Պայմանագրով նախատեսված է եղել ցուցահանդեսներից ստացվող միջոցների բաշխման պայմանները։ Տարածքի վերականգնումից հետո 20 տարվա ընթացքում ցուցահանդեսների 70%-ն անցկացվելու էր ներդրող ընկերության կողմից, իսկ մնացած 30%-ը՝ մայրաքաղաքի։ Հաղթող ավստրիական M.S.I Vertriebs ֆիրման իրավունք է ստացել 30 մլն դոլար ներդնել շենքի վերանորոգման համար։ Սակայն պայմանագիրը կնքելիս խնդիր է առաջացել, Մանեժն ունեցել է դաշնային նշանակության ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ, ուստի քաղաքապետարանը լիազորություն չուներ տնօրինելու ցուցահանդեսային տարածքները[37][38]։
2004 թվականի հրդեհ
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի մարտի 14-ին՝ նախագահական ընտրությունների օրը, Մանեժի շենքում լուրջ հրդեհ է բռնկվել։ Հրդեհին վերագրվել է բարդության ամենաբարձր կատեգորիա, որի մարման ժամանակ երկու հրշեջ է զոհվել՝ Գենադի Զոլոտկովը և Էդուարդ Ֆոմինը։ Կրակը ոչնչացրել է 92 ռուս թատերական նկարիչների աշխատանքների մեծ մասը, որոնք հավաքվել են Մանեժում՝ «Սեզոնի արդյունքներ» ցուցահանդեսի շրջանակներում, և Մանեժի պատկերասրահի ժամանակակից նկարիչների գործերի հավաքածուն, որը գտնվում է առաջին հարկում։ Արդյունքում տանիքն ամբողջությամբ այրվել է՝ անվնաս են մնացել միայն արտաքին պատերը[39][40]։
Հրդեհը մարելու ժամանակ, նախքան քննչական միջոցառումներ ձեռնարկելը, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը լրագրողներին ասել է, որ հրկիզման վարկածը բացառվում է[39]։ Լուժկովը չեղյալ էր հայտարարել վերականգնման համար անցկացվող ներդրումային մրցույթի արդյունքները, օբյեկտի վերականգնման նոր նախագիծը պետք է ֆինանսավորվեր Մոսկվայի քաղաքային բյուջեից[38]։ Մոսկվայի փոխքաղաքապետ Իոսիֆ Օրջոնիկիձեի կարծիքով, հրդեհից հետո շենքը ոչ թե ռեստավրացիայի, այլ վերակառուցման կարիք ուներ[41]։ Ռեստավրացիայի մասին քաղաքապետարանի որոշումը հանրային աշխույժ քննարկումների տեղիք էր տվել։ Ճարտարապետական քննադատ Գրիգորի Ռևզինը նույնիսկ կարծիք հայտնեց շենքի հրկիզման մասին, նշելով, որ դրանով կարող են հետաքրքրված լինել Մոսկվայի գործող իշխանությունները՝ «Այդ ժամանակ ես վստահ էի, որ Մանեժը հրկիզվել է և նույնիսկ Լուժկովն այն հրկիզել է (դա իմ անձնական կարծիքն էր)։ Ներդրումային անելանելի իրավիճակ առաջացավ <...> Հրդեհից հետո վերակառուցման ծախսերը գրեթե քառապատկվեցին, ավստրիացիների հետ պայմանագիրը խզվել է և փոխարենը ամեն ինչ վերակառուցվել է Մոսկվայի քաղաքապետարանի միջոցներով»[42]։
2004-2005 թվականների վերակառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրդեհի հաջորդ օրը Ճարտարապետության և քաղաքաշինության կոմիտեն հայտարարեց, որ սկսել է մշակել Մանեժի վերականգնման նախագիծը, որը ներառում է ստորգետնյա երկու մակարդակ՝ ավտոկայանատեղիով[43]։ Դեռ աշխատանքի մեկնարկից առաջ Լուժկովը հայց է ներկայացրել արվեստաբան Ալեքսեյ Կոմեչի և «Россия» հեռուստաալիքի դեմ՝ նախագիծը քննադատելու համար։ Դատարանը բավարարեց երկրորդ հայցը, սակայն Կոմեչի դեմ գործով պարտվեց[44]։ Օբյեկտի վերականգնումը վստահվել էր ճարտարապետ Պավել Անդրեևի արվեստանոցին «Մոսպրոեկտ-2» բյուրոյից, ինչպես նախատեսված էր մինչև հրդեհը[45]։
Կենտրոնական ցուցասրահի բացումը տեղի է ունեցել 2005 թվականի ապրիլի 18-ին։ Վերակառուցումից հետո շենքում տեղադրվել են նաև շարժասանդուղքներ, վերելակներ, ապակյա ճաղավանդակներ, իսկ տանիքի սլուխովյան պատուհաններն ավելի ընդգծվեցին (ըստ լեգենդի, «սլուխովյան պատուհաններ» տերմինը առաջացել է 1817 թվականին Մոսկվայի Մանեժի կառուցման ժամանակ, Ճորտ Սլուխովի շինարարները աշխատել են շենքի փայտամածների վրա և այն համարել են տեխնիկական նորամուծություն[29])։ Ճարտարապետներն ամբողջությամբ վերստեղծել են շենքի արտաքին տեսքը՝ ըստ Օսիպ Բովեի գծագրերի և նկարների։ Վերակառուցման պայմաններից մեկը Բետանկուրի ֆերմաների վերականգնումն է եղել, որոնք բաց են մնացել։ Դրանք պատրաստված են եղել ոչ թե ամուր չորսուներից, այլ սոսնձվածից, ամրացված մետաղական պտուտակներով և ներծծված հրակայուն միացությամբ։ Շենքն ուներ երկկողմանի պատուհաններ և հակահրդեհային ու օդափոխության նորագույն համակարգեր։ Հասարակական կարծիքի շնորհիվ նախագիծը փոխվել է, փորվել է միայն մեկ հարկ, ինչի արդյունքում ցուցադրական տարածքի օգտակար մակերեսը գրեթե կրկնապատկվել է, իսկ ստորգետնյա ավտոկայանատեղի գաղափարից հրաժարվել են։ Մանեժում հայտնվել են սրճարան, ռեստորան և կոնֆերենց դահլիճ[46][47]։
Ըստ մի շարք ճարտարապետների և արվեստի պատմաբանների՝ այս փոփոխությունները խեղաթյուրեցին Բետանկուրի սկզբնական հատակագիծը և հանգեցրին մայրաքաղաքի կենտրոնում «նորույթի» կառուցմանը։ 2004 թվականի մայիսի 12-16-ը Նկարիչների տանը «Арх Москва» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել է Շչուսևի անվան ճարտարապետության թանգարանի «Կորուստներ» ցուցահանդեսը, որը ներկայացնում է Մանեժի, Վոենտորգի և «Մոսկվա» հյուրանոցի խորհրդանշական գերեզմանները[44]։
Մանեժի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականից մինչև 2011 թվականը Մանեժի ցուցահանդեսային հարթակները կառավարվել են «Շատեր առևտրի տան» կողմից, որը Մոսկվայի կառավարության լիազորված ընկերությունն էր մայրաքաղաքում հյուրանոցների կառուցման գծով[48]։ 2010 թվականին ստեղծվել է Մոսկվա քաղաքի «Ստոլիցա» Թանգարանա-ցուցահանդեսային միավորում մշակութային պետական բյուջետային հաստատությունը (Մոսկվայի ՄՊԲՀ, «ԹՑՄ» Ստոլիցա»)։ 2012 թվականին Մոսկվայի «Ստոլիցա» ԹՑՄ-ն վերանվանվել է Մոսկվայի «Մանեժ» ԹՑՄ-ի։ Միավորման գլխավոր տնօրենն է Իրինա Ալեքսանդրովնա Տոլպինան։ Արվեստաբան և համակարգող Մարինա Լոշակի համար, ով 2012 թվականին Տոլպինայի հետ միասին եկել է Մանեժ, հատուկ ստեղծվել է գեղարվեստական տնօրենի պաշտոնը[49]։ Լոշակն այդ պաշտոնը զբաղեցրել է 2012 թվականի հուլիսից մինչև 2014 թվականի օգոստոսը[50]։ Դրանից հետո 2013–2014 թվականներին պայմանագրային հիմունքներով որպես գեղարվեստական տնօրեն է աշխատել Անդրեյ Ալեքսանդրովիչ Վորոբևը[51][52][53]։ Մոսկվա քաղաքի «Մանեժ» թանգարանա-ցուցահանդեսային միավորման գեղարվեստական ղեկավարի պաշտոնը 2014 թվականից կրճատվեց։
Ստորաբաժանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մանեժ» թանգարանային և ցուցահանդեսային միավորումը գտնվում է Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի իրավասության ներքո։ 2018 թվականի դրությամբ «Մանեժ» թանգարանային և ցուցահանդեսային միավորում մշակութային պետական բյուջետային հաստատության կազմում ներառված են երեք թանգարանային և ցուցահանդեսային ստորաբաժանումներ՝ «Մանեժ» կենտրոնական ցուցասրահը, Մոսկվայի «Նոր Մանեժ» պետական ցուցասրահը և «Գոստինի Դվոր» համալիրը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Будылина М История постройки Манежа в Москве // Архитектурное наследство : журнал. —М., 1952. — № 2. — С. 236—249.
- Александр Анатольевич Васькин, Гольштадт М. Г От снесённого Военторга до сгоревшего Манежа. — М.: «Спутник+», 2009. — 397 с. — ISBN 978-5-9973-0100-2
- Васькин А. А., Гольдштадт М. Г Старая Москва в границах Камер-Коллежского вала. По шёлковой Воздвиженке, по замшевой Манежной: Фотопутеводитель. — М.: «Компания Спутник+», 2002. — 101 с. — ISBN 5-93406-348-0
- Векслер А. Г Манеж и Манежная площадь Москвы: горизонты истории. — М.: Вече, 2012. — 143 с. — ISBN 978-5-9533-4664-1
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Официальный сайт МВО «Манеж»». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Векслер, 2012, էջ 50—52
- ↑ Векслер, 2012, էջ 52—55
- ↑ «Характеристика московского ампира. Творчество О. Бове». Студопедия. 2013. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Смирнов А. А. Свидетельствует Манеж // Московский рабочий. — 1981.
- ↑ 6,0 6,1 Векслер, 2012, էջ 36
- ↑ Покровская 3. К. О. Бове (1784-1834). — М., 1964.
- ↑ Будылина, 1952, էջ 236
- ↑ Векслер, 2012, էջ 36—37
- ↑ Будылина, 1952, էջ 238
- ↑ Векслер, 2012, էջ 49
- ↑ Влад Гринкевич (2009 թ․ մարտի 13). «Манеж: от пожара до пожара» (ռուսերեն). РИА Новости. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Этот день в истории: 1817 год. 12 декабря (30 ноября) открылся Манеж в Москве, посвящённый победе над Наполеоном
- ↑ 14,0 14,1 Будылина, 1952, էջ 239
- ↑ «Мемориальная доска на фасаде здания Манежа. Москва». Интернет-проект 1812 год. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Григорий Ревзин (2004 թ․ մարտի 22). «Реставрация методом кремации». Коммерсант. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ 17,0 17,1 Будылина, 1952, էջ 239—240
- ↑ Васькин А. А. Долгая история московского Манежа // Москва при Романовых. К 400-летию царской династии Романовых. — М.: Спутник, 2013.
- ↑ Векслер, 2012, էջ 49—50
- ↑ Будылина, 1952, էջ 243—245
- ↑ 21,0 21,1 21,2 Векслер, 2012, էջ 50
- ↑ Григорий Ревзин (1998 թ․ հուլիսի 8). «Золотое кольцо раздора». Коммерсант. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Векслер, 2012, էջ 50—51
- ↑ Васькин, Гольдштадт, 2002, էջ 104
- ↑ 25,0 25,1 25,2 Васькин А. А. Манеж - чего в нём только не было... // Открывая Москву: прогулки по самым красивым московским зданиям. — М., 2016.
- ↑ 26,0 26,1 Векслер, 2012, էջ 51
- ↑ «Гений Места: от экзерциргауза к выставочному залу. 200 лет в истории». Манеж. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ 28,0 28,1 Васькин, Гольдштадт, 2009, էջ 105
- ↑ 29,0 29,1 Векслер, 2012, էջ 38
- ↑ 30,0 30,1 Векслер, 2012, էջ 52
- ↑ «Центральный выставочный зал "Манеж"». Музеи России. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Михаил Боде, Екатерина Деготь, Алексей Тарханов (1993 թ․ հոկտեմբերի 30). «Макет художественного рынка в натуральную величину». Коммерсант. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Оксана Саркисян (2007). «Эйфория: настроения и трансформации арт-сообщества в 1990 году». Журнальный зал. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Арт Манеж XI Московская художественная ярмарка». Музеи России. 2006 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Алексей Герасимов (1999 թ․ մարտի 4). «Безбожник разжигал религиозную вражду». Коммерсант. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Васькин, Гольдштадт, 2009, էջ 105—106
- ↑ «"Мы предложили Москве создать в Манеже совместное предприятие"». Известия. 2004 թ․ մարտի 16. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ 38,0 38,1 «Отменены результаты тендера на реконструкцию Манежа». ИзформЭКСПО. 2004 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2017-10-21-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ 39,0 39,1 «Об организации и ходе тушения пожара 14 апреля 2004 г. на Манежной площади». Все о пожарной безопасности. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Васькин, Гольдштадт, 2009, էջ 109
- ↑ «Власти Москвы отменили итоги конкурса на реконструкцию Манежа». Вести.RU. 2004 թ․ մայիսի 18. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ ««Господи,— думал я,— ну как он не боится так подставляться!»». Вести.RU. 2004 թ․ մայիսի 18. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Виктор Шендерович (2004 թ․ մարտի 19). «Плавленый сырок». Эхо Москвы. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ 44,0 44,1 Хранитель. Алексей Ильич Комеч и судьбы русской архитектуры / Самовер Н.. — М.: Искусство — XXI век, 2009. — С. 354—357. — 383 с. — 1100 экз. — ISBN 978-5-980-51-060-2
- ↑ «Каким будет реконструированный Манеж?». НТВ. 2004 թ․ մարտի 15. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Новый Манеж угодил всем вкусам». Вести.RU. 2005 թ․ մայիսի 18. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Григорий Ревзин (2010 թ․ փետրվարի 1). «Вторая жизнь. Приспособление и реставрация архитектурных памятников». archi.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «ООО "Торговый дом "Шатер". Company profile». Коммерсант. 2011 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «О нас». Манеж. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Из Манежа уходит арт-директор». Colta.ru. 2014 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Андрей Воробьев из Третьяковки стал новым арт-директором МВО "Манеж"» (ռուսերեն). РИА Новости. 2013 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Арт-директором МВО "Манеж" назначен Андрей Воробьев». Москва 24. 2013 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Геля Шапиро Манеж разменял одного арт-директора на нескольких кураторов // The Art Newspaper Russia. — 2014. — № 8(27).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանեժ (Մոսկվա)» հոդվածին։ |
|