Մահվան պարը (Սեն-Սանս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(աուդիո)
Մահվան պարը
Համակարգչով ստացված ձայնագրություն (ձայնագրվել է Քևին ՄաքԼեոդի կողմից):
Օգնություն
Danse macabre by Michael Wolgemut.png

Մահվան պարը (ֆր.՝ Danse Macabre), սիմֆոնիկ պոեմ, հեղինակ՝ ֆրանսիացի կոմպոզիտոր Քամիլ Սեն-Սանս: Գրվել է 1874 թվականին՝ սոլ մինոր (G-moll) տոնայնության մեջ: Ստեղծագործության վրա կոմպոզիտորը սկսել է աշխատել դեռևս 1872 թվականից: Նախնական տարբերակով այն վոկալ ստեղծագործություն էր՝ գրված ֆրանսիացի գրող, բանաստեղծ Անրի Կազալիսի խոսքերի հիման վրա: Նա էլ, իր հերթին, օգտվել էր հին ֆրանսիական հավատալիքների վրա: 1874 թվականին կոմպոզիտորն իր ստեղծագործությունն ընդլայնեց, վերամշակեց, դարձրեց սիմֆոնիկ պոեմ՝ վոկալ բաժինը փոխարինելով ջութակի նվագով:

Առասպելական հենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահվան պարն ուշ միջնադարում ալեգորիկ-գեղարվեստական ժանր էր՝ մահվան թեմայով. անկախ մարդկանց սոցիալական ու դասակարգային վիճակից, մահն ընդգրկում է բոլորին: Մահվան պարը ներկայացնում է մեռյալների կամ հենց մարմնավորված Մահի պարը գերեզմանների շուրջ՝ պարի հրավիրելով բոլոր հանգուցյալներին՝ կայսրերին, Հռոմի պապերին, արքաներին, ռամիկներին, մեծահասակներին ու երեխաներին: Այն ստեղծված է որպես Mementօ mori (նշանակում է «Հիշիր մահվան մասին»)՝ մարդկանց հիշեցնելու իրենց կյանքը վայելելու և երկրային կյանքում փառքի ունայնության մասին: Եվ այդ դրույթը քարոզելու համար միջնադարում ստեղծվում էին բազմաթիվ նկարներ: Դրա առաջին նմուշը եղել է այժմ կորսված մի որմնանկար, որ ստեղծվել էր Փարիզի Սուրբ Անմեղների գերեզմանատանը 1424-1425 թվականների ընթացքում:

Սեն-Սանսի ստեղծագործության վերլուծությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն լեգենդի՝ Մահը ամեն տարի հայտնվում է հոկտեմբերի 31-ի կեսգիշերին, Հելոուինի տոնի օրը: Ստեղծագործության սկզբում տավիղի կատարմամբ տասներկու անգամ հնչում է կեսգիշերն ազդարարող ժամացույցի զարկերը հիշեցնող նվագ (D - ռե), որին ձայնակցում են լարային նվագարանների մեղմ ակկորդներ: Ապա ջութակի կատարմամբ հնչում է եռատոն մի նվագ, որը միջնադարում և Բարոկկո ժամանակաշրջանում երաժշտության մեջ հայտնի էր որպես անձնավորված Մահի կամ սատանայի խորհրդանիշ: Այդ եռատոնը կազմվում է լա (A) և սի բեմոլ ( E♭) հնչյուններով: Ջութակահարը սովորաբար ցածր է լարում գործիքը՝ ստանալու համար այդ դիսոնանս հնչյունը: Ստեղծագործության երաժշտական առաջին թեման հնչում է ֆլեյտայի կատարմամբ, որին, ջութակի մենանվագով, հաջորդում է երկրորդ թեման՝ հետզհետե ավելի իջնող նոտաներով, որոնք ևս ուղեկցվում են լարային նվագարանների մեղմ նվագակցությամբ: Այս միջոցին հայտնվում է Մահը՝ դուրս կանչելով բոլոր մեռյալներին իրենց գերեզմաններից՝ պարելու իր համար, մինչ ինքը նվագում է ջութակով: Պիեսում հատուկ գործածված է քսիլոֆոն՝ նմանակելու համար ոսկորների չխկչխկոցը: Առաջին և երկրորդ թեմաները կամ դրանց հատվածները պիեսի հետագա ընթացքում հնչում են նվագախմբի կատարման տարբեր բաժիններում: Պիեսն առաջին կեսում հետզհետե աշխուժանում է, իսկ երաժշտական երկրորդ թեմայի վրա հիմնված կոնտրապունկտային հատվածից անմիջապես հետո ուղղակիորեն մեջբերվում է Dies irae (Ցասման օր) Գրիգորյան երգի մեղեդին՝ փողային նվագարանների կատարմամբ: Վերջինս որոշ ընդհանրություն ունի այս ստեղծագործության երկրորդ թեմայի հետ: Այս հատվածից հետո պիեսը վերադառնում է առաջին և երկրորդ թեմաներին` ամբողջ նվագախմբի ներգրավմամբ աստիճանաբար ձեռք բերելով առավել զորեղ հնչողություն: Այնուհետև մեղեդային կառուցվածքում կտրուկ անկում է հաջորդում: Կմախքները Մահի համար պարում են մինչև լուսաբաց, երբ կանչում է աքաղաղը, և նրանք վերադառնում են իրենց գերեզմանները, որտեղ մնալու են մինչև հաջորդ տարվա նույն օրը:

Գործիքավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մահվան պարը» պիեսը ստեղծված է օբլիգատո ջութակի (այսինքն չի կարելի կոմպոզիտորի նշած նվագարանը փոխարինել մեկ ուրիշով) և նվագախմբի համար, որը բաղկացած է մեկ պիկոլոյից, երկու ֆլեյտայից, երկու հոբոյից, երկու B♭ (սի բեմոլ) կլարնետից, երկու ֆագոտից, չորս գալարափողից (G-սոլ և D-ռե), երկու շեփորից (D-ռե), երեք տրոմբոնից, մեկ տուբայից, մեկ տավղից, լարային նվագարանների բաժնից և հարվածային գործիքների բաժնից: Այս վերջինն ընդգրկում է լիտավր, քսիլոֆոն, մեծ թմբուկ, ծնծղաներ և եռանկյունի:

Ընդունելությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ «Մահվան պարն» առաջին անգամ ներկայացվեց հանդիսատեսին, լավ ընդունելության չարժանացավ, այլ համատարած դխգոհություն առաջացրեց: Երաժշտական քննադատ Ռոջեր Նիկոլսը նշեց, որ Dies irae միաձայն խմբերգի կատարումը սարսափելի հնչողություն ունի ջութակի մենանվագով, քսիլոֆոնի օգտագործմամբ ու ձանձրալի կրկնողություններով:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Revue et Gazette Musicale de Paris, éditions des 31 janvier et 14 février 1875
  • Camille Saint-Saëns, biographie par Jean Gallois, éditions Mardaga, page 161
  • Le Ménestrel, 41e année, no 8, du 24 janvier 1875
  • cf. : Anne Arc, Postface pour la danse macabre, in Bulletin des livres d’artistes, année 2015, Paris, 2015