Մազքութների արշավանքը Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մազքութների ներխուժումը Հայաստան
Թվական 335-336 թվականներ
Վայր Մեծ Հայք
Պատճառ Սասանյան Պարսկաստանի դրդմամբ Սանեսանը արշավեց Հայաստան
Արդյունք Մազքութների ջախջախում
Տարածքային
փոփոխություններ
չկան
Հակառակորդներ
Արշակունիների թագավորություն Արշակունիների թագավորություն Մազքթաց երկիր
Հրամանատարներ
Արշակունիների թագավորություն Վաչե Մամիկոնյան Սանեսան


Մազքութների ներխուժումը Հայաստան, ռազմական բախում, որը ընթացել է Արշակունիների թագավորության և Մազքթաց երկրի միջև։ Պատերազմը հրահրվել էր Սասանյան Պարսկաստանի արքա Շապուհ Երկարակյացի կողմից, որը ցանականում էր «հետախուզել» Հայաստանի ռազմական ներուժը[1]։ Քանի որ Վաչե Մամիկոնյանը այդ ժամանակ գտնվում էր Կոստանդնուպոլսում, հայոց արքա Խոսրով Գ Կոտակը հեռանում է անառիկ Դարույնք բերդ՝ թույլ տալով թշնամուն խորանալ երկրի խորքը։ Սակայն Վաչե Մամիկոնյանի վերադարձից հետո հայ հայրենասեր ուժերը համախմբվում են սպարապետի շուրջ և Օշականի մոտ՝ Ցլու Գլուխ կոչվող վայրում հաղթանակ տանում թշնամու հանդեպ։ Այնուհետև գրոհով ազատագրվում է մայրաքաղաք Վաղարշապատը, որից հետո հակառակորդի ուժերի մնացորդներին ջախջախում Օշականի մոտ։ Սպանվում է նաև Սանեսանը, որի գլուխը բերվում է Խոսրով Կոտակի մոտ։ Այս սպանությամբ հայերը վրեժխնդիր են լինում Գրիգորիսի մահվան համար[2]։

Առաջին փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

335 թվականին Սասանյան Պարսկաստանի սադրանքով մազքութների արքա Սանեսանը, որը Արշակունիների շառավիղներից էր[3], իրեն ենթակա լեռնային ցեղերից զորք է հավաքում և ներխուժում Մեծ Հայքի հյուսիսային գավառներ։

Aquote1.png Այն ժամանակ Մազքութների Սանեսան թագավորը... ժողովեց, գումարեց բոլոր զորքերը՝ հոներ, փոխեր, թավասպարներ, հեճմատակներ, իժմախներ, գաթեր, գղվարներ, ճղբեր, բաղասիճներ, եգերսվաններ և այլ խառնիճաղանջ թափառական վաչկատուն ցեղերի անթիվ բազմություն, որոնց առհասարակ ինքն էր իշխում։ Եկավ անցավ իր սահմանը, մեծ Կուր գետը, ու սփռվեց ու լցրեց Հայոց աշխարհը։
- Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Գ, գլ. Է
Aquote2.png


Քանի որ, ըստ հայոց պաշտպանական համակարգի, հյուսիսային նահանգների վրա հարձակման դեպքում այդ հարձակումը պետք է կանգնեցներ Գուգարաց բդեշխ Միհրանը, նա իր զորքով շարժվում է հակառակորդին ընդառաջ և կռվի բռնվում նրա հետ, սակայն չի կարողանում հաղթանակ տանել և նահատակվում է կռվի ընթացքում։ Տանելով իր առաջին հաղթանակը՝ Սանեսանը իր զորքերով ասպատակություններ է սկսում Մեծ Հայքի հյուսիսային և արևելյան նահանգներում, թալանում ու կողոպտում դրանք։ Հայոց սպարապետ Վաչե Մամիկոնյանը այդ ժամանակ գտնվում էր Կոստանդնուպոլսում, իսկ հայոց արքան՝ Վաղարշապատում։ Քանի որ սպարապետը երկրում չէր, թագավոր Խոսրով Կոտակը որոշում է դեռևս վճռական ճակատամարտի դուրս չգալ հակառկարոդի հետ և ամրանում է Կոգովիտ գավառի անառիկ Դարույնք բերդում։

Սանեսանը հարձակվում է մայրաքաղաք Վաղարշապատի վրա և, չնայած հայոց ոստանի բնակիչների համառ դիմադրությանը, կարողանում է գրավել այն։ Պատերազմի առաջին փուլը հաջող էր մազքութների համար, քանի որ հանկարծակի հարձակումով նրանք ռազմական նախաձեռնությունը իրենց ձեռքն էին վերցրել, սակայն թույլ չէր նաև հայոց դիմադրությունը։ Չիմանալով որ կողմից սպասել հայերի հարվածին՝ Սանեսանը զորքը բաժանում է 3 մասի և տեղակայում մայրաքաղաք Վաղարշապատում, Օշականի բերդում և Ցլու Գլուխ լեռան վրա, որով Սանեսանը թուլացնում է սեփական դիրքերը[2]։

Երկրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաչե Մամիկոնյանը վերադառնում է Կոստանդնուպոլսից և սկսում իր շուրջը համախմբել հայրենասեր ուժերին։ Առաջին ճակատամարտը տեղի է ունենում Ցլու գլուխ կոչվող վայրում, որտեղ Վաչե Մամիկոնյանի զորքերը կարողանում են հակառակորդից ավելի նպաստավոր դիրք գրավել և առավելություն ստանալ նրա հանդեպ։ Սպարապետը նաև կարողացել էր լուրջ հետախուզական աշխատանք տանել և պարզել, թե երբ են տեղի ունենալու մազքութների կրոնական ծեսերը, որի ժամանակ նրանք ավելի խոցելի էին լինելու։ Այդ պատճառով Վաչե Մամիկոնյանի զորքերը առավոտյան արշավում և հանկարծակիի բերում թվով գերազանցող հակառակորդի զորքերին, ջախջախում նրանց։

Վաչե Մամիկոնյանը շարժվում է դեպի Այրարատ և պաշարում հայոց մայրաքաղաք Վաղարշապատը, գրոհով ազատագրում այն և հակառակորդին ստիպում նահանջել Օշականի բերդ։ Օշականում հայոց այրուձին հետաքրքիր մարտավարության միջոցով թույլ չի տալիս հակառակորդի նետաձիգներին ազատ գործել. դա քոչվոր ցեղերի ռազմավարական լավագույն դրսևորումներից էր։ Թշնամուն ստիպում են նահանջել լեռնոտ տեղանք, որտեղ մարտ վարելը բարդանում է։

Aquote1.png Նրանց (լեռնականների) վրա հանկարծակի հարձակվեցին մեր արևելյան և արևմտյան զորքերը և հետ վանեցին դեպի Օշականի առապար և թույլ չտվեցին, որ նրանք ցրիվ գալով նետաձգություն կատարեին ըստ իրենց սովորության, այլ քաջաձի հեծյալները նրանց շտապ շտապ ու արագատես հետամուտ լինելով՝ մղեցին քարքարոտ դժվար տեղերը, այնպես որ թշնամիներն ակամայից ստիպվեցին ճակատամարտ կազմելու։
- Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Գ, գլ. Թ
Aquote2.png


Ճակատամարտի ժամանակ Վահան Ամատունու և Բագրատ Բագրատունու գնդերը կարողանում են գրոհներ իրականացնել, որի շնորհիվ հայերը հաղթանակ են տանում։ Սպանվում է Սանեսանը, որի գլուխը սպարապետն ուղարկում է արքային՝ լուծելով Գրիգորիսի մահվան վրեժը։ Հայկական զորքերը հակառակորդին հետևում և հալածում են մինչև Հյուսիսային Կովկաս, ինչի շնորհիվ քչերին է հաջողվում կենդանի դուրս գալ Հայաստանից[2]։

Aquote1.png Եվ Հայոց զորավարի նիզակակիցները, որ էին Բագրատ Բագրատունին, Մեհունդակ և Գարեգին Ռշտունիները և Ամատունյաց տոհմի նախարար Վահանը և Վարագ Կամսարականը, հասնում զարնում ջարդում էին ալանների, մազքութների, հոների և մյուս ազգերի զորքերը և ամμողջ առապարի դաշտը լցնում էին մեռածների դիակներով, այնպես որ արյունը գետի նման առատ հոսում էր, և թիվ չկար սպանված զորքերին։ Հրաման տվին` աշխարհից գուգազ հանել, դիակները թաղել, վրան քարերով ծածկելով...:
- Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Գ, գլ. Է
Aquote2.png


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեր հաղթանակները», հատոր Բ։ Երևան: «Նորավանք» հրատարակչություն։ 2009։ էջ 7 
  2. 2,0 2,1 2,2 «Մեր հաղթանակները», հատոր Բ։ Երևան: «Նորավանք» հրատարակչություն։ 2009։ էջեր 7–11 
  3. http://ankakh.com/article/84440/%E2%80%8Bkhvosrvov-kvotak

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]