Ճամպրուկ
Ճամպրուկ, ուղեբեռի տեսակ։ Բռնակով ուղղանկյուն բեռնարկղ է, որը սովորաբար օգտագործվում է ճանապարհորդելիս՝ հագուստ և այլ իրեր տեղափոխելու համար[1]։ Առաջին ճամպրուկները հայտնվել են 19-րդ դարի վերջին՝ այդ ժամանակ զանգվածային զբոսաշրջության աճող ժողովրդականության պատճառով և նախատեսված էին հանդիսավոր կոստյումներ պահելու համար։ Դրանք ի սկզբանե պատրաստվել են ավելի ծանր նյութերից, ինչպիսիք են կաշին կամ պողպատը, բայց 1930-ական թվականներից սկսած՝ դրանք պատրաստվել են ավելի թեթև նյութերից, ինչպիսիք են պլաստմասսան և ստվարաթուղթը։
Մինչև 1970-ական թվականները զբոսաշրջության արդյունաբերությունը խուսափում էր ուղեբեռն անիվներով տեղափոխելու գաղափարից՝ այն համարելով պակաս առնական, քան ավանդական ուղեբեռը։ Ամերիկացի ձեռնարկատեր Բերնարդ Սադոուն անիվներով ճամպրուկի իր տարբերակը, որի համար արտոնագիր է ստացել 1972 թվականին, ներկայացրել է տարբեր հանրախանութների, նախքան այն ձեռք կբերվեր և կվաճառվեր Macy's խանութներում՝ սկսած 1970 թվականից։ Մի քանի տարի է պահանջվել, որպեսզի այն դառնա ճամպրուկի գլխավոր տեսակը, և շուտով Սադոուի տարբերակը փոխարինվել է Rollaboard-ով` անիվավոր ճամպրուկի մի տեսակով, որն ուղղահայաց էր, այլ ոչ թե հարթ, ինչպես Սադոուի մոդելը, և հորինվել է 1987 թվականին ամերիկացի օդաչու Ռոբերտ Պլատայի կողմից։ Այդ ժամանակից ի վեր ճամպրուկին անիվների ավելացումը ճանաչվել է ճանապարհորդության ամենանշանակալի նորամուծություններից մեկը։
Խելացի ճամպրուկները, որոնք ունեն ժամանակակից առանձնահատկություններ, ինչպիսիք են GPS-ի վերահսկումը և սարքերի լիցքավորումը, մասսայականացվեցին 2010-ական թվականներին, չնայած բեռների խցիկներում դրանց լիթիում-իոնային մարտկոցների պայթյունները պատճառ են դարձել այն բանի, որ 2010-ական թվականների վերջին շատ խոշոր ավիաընկերություններ արգելեն անցկացնել դրանց ստուգումները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]12-րդ դարից 19-րդ դարի վերջ. ուղեբեռը ճամպրուկից առաջ
[խմբագրել | խմբագրել կոդը]1153 թվականին խաչակրաց արշավանքների ժամանակ մշակվել են ուղեբեռի առաջին մոդելները՝ անիվներով բեռնարկղերը, որոնք օգտագործվում էին զենք տեղափոխելու համար[2]։ Անգլերեն luggage` «ուղեբեռ» բառը, որը բխում է lug՝ «քաշել» բայից, Օքսֆորդի անգլերեն բառարանին է ավելացվել 1596 թվականին՝ նշանակում է «անհարմար ծանր ուղեբեռ»[3]։ Ճամպրուկի գյուտից առաջ ուղեբեռը հիմնականում բաղկացած էր երկաթե հիմքով փայտե և կաշվե սնդուկներից, որոնք անջրանցիկ էին քաթանի կամ ծառի խեժի օգտագործման միջոցով։ Ծառաները հաճախ ստիպված էին կրել այս սունդուկները իրենց տերերի համար, օրինակ՝ եվրոպական էլիտայի համար 18-րդ դարի Մեծ շրջագայության ժամանակ, քանի որ ճանապարհորդությունը հիմնականում հարուստների արտոնությունն էր[4]։
19-րդ դարի վերջ-20-րդ դարի կեսեր. ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ զանգվածային զբոսաշրջությունը մեծ ժողովրդականություն էր վայելում, և ճանապարհորդությունը հասանելի էր դառնում ոչ էլիտային մասսային երկաթուղիների և զբոսաշրջային նավերի շնորհիվ, ավելի պրակտիկ ուղեբեռի կարիքը մեծանում էր։ 19-րդ դարի վերջին հայտնվեց առաջին ուղեբեռը, որը հայտնի էր որպես «ճամպրուկ»․ այն նախատեսված էր հանդիսավոր կոստյումներ տեղափոխելու համար՝ առանց դրանք ճմրթելու[3]։ Ճամպրուկների ամենավաղ մոդելները հորինել են բրիտանացի գործարարները, որոնք դրանք օգտագործում էին ապրանքներ և հագուստ տեղափոխելու համար[5]։ Դրանք ստեղծվել են սնդուկների օրինակով և պատրաստվել են կաշվից, առաձգական գործվածքից կամ հյուսել են կոշտ հարթության շրջանակի վրա[6], եղել են փայտից կամ պողպատից, անկյուններում կաշվե կամ փողային ամրակներով և վերևից բռնակով՝ ի հակադրություն սնդուկներին, որոնք բռնակներ ունեին երկու փոքր կողմերում[7]։ Նրանք սովորաբար ներսում ունեին վերնաշապիկի խցիկ և գլխարկի տուփ[8]։ Ճամպրուկներն առաջին անգամ սկսել են արտադրվել կողային բեռնախցիկների հետ ուղեբեռային այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսին է Shwayder Trunk Manufacturing կազմակերպությունը, որը հետագայում վերանվանվել է Samsonite[9]։ Դրանք ի սկզբանե համարվում էին ճամփորդական սնդուկների ավելի փոքր այլընտրանքներ, ինչի մասին վկայում են 20-րդ դարի սկզբի հյուսիսամերիկյան ճանապարհորդական կատալոգները, որոնք շատ ավելի հատկանշորեն էին գովազդում ճամփորդական սնդուկները, քան ճամպրուկները[4]։
Սկզբում թեթև ճամպրուկները վաճառվում էին հիմնականում կանանց։ 1938 թվականին Միացյալ Նահանգները սահմանել է ստուգված պայուսակների 40 ֆունտ քաշի սահմանափակում, ինչը հանգեցրել է ավելի ծանր կաշվե ճամպրուկների մոդելների փոխարինմանը ավելի թեթև պլաստիկ և ստվարաթղթե ճամպրուկներով 1930-ականների և 1940-ականների ընթացքում[4][10]։ Գերմանական RIMOWA ուղեբեռային ընկերությունը պատրաստել է առաջին ալյումինե ճամպրուկը, որը սկսել է վաճառվել 1950 թվականին՝ ակոսավոր դիզայնով, որը ոգեշնչված է Junkers Ju 52 ինքնաթիռից[9]։ Եվրոպայում բեռնակիրները տեղափոխում էին գնացքների ուղևորների ճամպրուկները մինչև 20-րդ դարի կեսերը, երբ նրանց քանակը պակասել էր[11]։
1970-2000-ականներ. անիվներով ճամպրուկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անիվներով սնդուկի և անիվներով ճամպրուկի առաջին արտոնագրերը ձեռք են բերվել համապատասխանաբար 1887 և 1945 թվականներին, իսկ 1940-ական թվականներին բրիտանական թերթերում հրապարակվել է «շարժական բեռնակրի» գովազդը՝ անիվավոր սարք, որը կարող էր կցվել ճամպրուկին։ Այնուամենայնիվ, այս նախագծերից ոչ մեկը ի սկզբանե տարածում չի գտել[4]։ 1928 թվականին իր համաշխարհային երկրորդ շրջագայության ընթացքում ամերիկացի նկարչուհի Անիտա Ուիլեկ-Բեռնհեմը պատրաստել էր անիվների վրա առաջին ճամպրուկը, որին կցված էին մանկասայլակից երկու անիվ և տելեսկոպիկ փայտե բռնակ[12]։ Մինչև 1970-ական թվականները անիվներով ուղեբեռը զբոսաշրջության արդյունաբերության կողմից դիտվում էր որպես բացառապես կանանց համար նախատեսված հատուկ գյուտ[11]։
1970 թվականին Մասաչուսեթսի U.S.Luggage ուղեբեռային ընկերության փոխնախագահ Բեռնար Դ. Սադոուն Պուերտո Ռիկոյի օդանավակայանում երկու 27-դյույմանոց ծանր ճամպրուկներ էր բռնած տանում, երբ վերադառնում էր Արուբայում անցկացրած ընտանեկան արձակուրդից, նկատում է մի բանվորի, որը ծանր գործիքներ էր գլորում անիվներով հարթակի վրա։ Կնոջն ասելուց հետո, որ մարդիկ անիվների կարիք ունեն իրենց ուղեբեռի համար, Սադոուն վերադառնում է Մասաչուսեթս նահանգի Ֆոլ Ռիվեր քաղաքում գտնվող իր գործարան և ճամպրուկն ամրացնում է անիվներին, որը թույլ էր տալիս այն քարշ տալ իր հետևից[13]։ Սադոուն ամիսներ էր անցկացրել՝ փորձելով վաճառել իր պտտվող ճամպրուկը Նյու Յորքի տարբեր հանրախանութներում, բայց դիմադրության էր առերեսվել[14]։ Հանրախանութների մեծ մասը, ըստ նրա, հրաժարվել է վաճառել նրա գյուտը «մաչոյի զգացողության» պատճառով, քանի որ տղամարդիկ իրենց ուղեբեռը գլորելը համարում էին ամոթալի և տղամարդուն ոչ վայել[9]։ Իսկ ճանապարհորդող կանանց կողքին պետք է լինեին իրենց ամուսինները, որոնք կօգնեին քշել նրանց ճամպրուկները[11]։
Այն բանից հետո, երբ Macy's հանրախանաութի գնորդ Ջեք Շվարցը մերժել էր նրան, ընկերության փոխնախագահ Ջերի Լևին կրկին կանչել էր Շեդոուին հանդիպման։ Նա հանձնարարել էր Շվարցին գնել Սադոուի ճամպրուկները, և 1970 թվականի հոկտեմբերին Macy's-ը սկսել էր դրանք վաճառել խանութներում՝ գովազդելով որպես «ուղեբեռ, որը սահում է» և ցուցադրելով դրանք մանեկենների վրա. կարճ ժամանակ անց ճամպրուկների ժողովրդականությունն արդեն մեծացել էր[13][14]։ Ասվում էր, որ ինքնաթիռների՝ գնացքներին որպես միջքաղաքային ճանապարհորդության հիմնական միջոց փոխարինելու պատճառով, «ուղեբեռի բեռնաթափումը, թերևս, ամենամեծ դժվարությունն է, որին բախվում է ավիափոխադրողը»[14]։ Սադոուի կողմից այն թողարկվելուց մոտ երկու տարի անց Macy's-ի մրցակիցները միավորվել էին արտոնագիրը չեղյալ հայտարարելու համար, ինչը նրանց թույլ էր տվել վաճառել իրենց սեփական անվավոր ուղեբեռը, թեպետ Սադոուի մոդելը հաճախ երերուն էր և դժվար էր պտտելը[15]։ Շադոուը մահացել է 2011 թվականին[16]։
1980-ականներից մինչև 2000-ականներ, ճամպրուկներ և այլ նորարարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Rollaboard-ը կամ roll-board-ը (կոչվում է նաև rollerboard) ուղղահայաց անիվավոր ճամպրուկ է, որի ներքևում երկու անիվ կա և տելեսկոպիկ բռնակ, որը հորինել է Northwest Airlines-ի 747 օդաչու Ռոբերտ Պլատը 1987 թվականին[14]։ Գաղափարը ծագել էր նրա մտքում, երբ նա Սկանդինավյան կանգառի ժամանակ գտնվում էր հյուրանոցում և տեսնում էր, թե ինչպես են ուղևորները դժվարությամբ դուրս հանում իրենց պայուսակները, որոնք պինդ պարաններով ամրացված էին ուղեբեռային ձեռնասայլակերին։ Նա անիվներով ճամպրուկի նախատիպը նախագծում է իր ավտոտնակում՝ կոշտ պատյանով պայուսակը պտտելով ուղեբեռի սայլակի վրա և սկսում է գաղափարներ գեներացնել թիմի մյուս անդամներից[17][18]։ Սա հատկանշել է անցումը Սադոուի մոդելից, որը պտտվում էր չորս անիվների վրա[19]։ Սկզբում Պլաթը Rollboard-ը վաճառում էր միայն օդաչու և բորտուղեկցորդուհի գործընկերներին՝ 1989 թվականի դեկտեմբերին պատրաստելով և վաճառելով 100 նման պայուսակներ նաև անձնակազմի տարբեր անդամների համար[17]։
1991 թվականին Պլաթը հեռանում է Northwest Airlines-ից՝ հիմնելու Travelpro ուղեբեռային ընկերությունը Deerfield Beach-ում՝ Ֆլորիդայում, որն ի սկզբանե ապրանքը վաճառում էր միայն այլ թռիչքային անձնակազմներին[20]։ 1992 թ.-ին նա վարձում է վաճառքի մասնգետների թիմ, իսկ 1990-ականների կեսերին Travelpro-ն սկսում է մանրածախ խանութներում Rollaboard-ների առևտրային վաճառք՝ այն դարձնելով Samsonite-ի՝ այն ժամանակ ԱՄՆ-ի ամենամեծ ուղեբեռային արտադրողի մրցակիցը[17]։ Պլաթը վաճառել է Travelpro-ն 1999 թվականին[21]։ Մոտավորապես 1993 թվականից ի վեր այլ ուղեբեռային ընկերություններ լայնորեն ընդօրինակում էին Rollaboard-ին[18], ինչի արդյունքում Shadows-ի դիզայնը գրեթե ամբողջությամբ արագ փոխարինվեց[14][19]։ Ֆլաշինից՝ Քուինս բնակավայրից դիզայներ Դոնկուն հորինել և արտոնագրել է քաշովի բռնակով ճամպրուկը 1993 թվականին[22][23]։ 2004 թվականին Samsonite-ը սկսել էր վաճառել առաջին «սպիններ ոճի» ճամպրուկը, որն ուներ չորս անիվ և կարող էր շարժվել և պտտվել ցանկացած ուղղությամբ։ Մոտավորապես այս ժամանակ ճամպրուկների ամրության փորձարկումները նույնպես ավելի խիստ էին դարձել, քանի որ դրանց քաշն ավելի թեթև էր դարձել[8]։
2010-ականներից մեր օրեր․ խելացի ճամպրուկներ
Խելացի ճամպրուկները ՝ ներկառուցված տեխնոլոգիական հատկություններով ճամպրուկները, հայտնի են դարձել դարձան 2010-ականներին[3][25]։ Այս առանձնահատկությունները ներառում են ներքին վերահսկողություն, աշխարհագրական տեղաբաշխում, մատնահետքերի սկաներներ, սարքերի լիցքավորում, կշեռքներ, GPS հնարավորություններ, հպման անջատիչներ, հեռակառավարվող արգելափակում և համակարգչային տեսողություն և այն[26]։ Ընկերությունները, ինչպիսիք են Away-ը, Arlo Skye-ն և Ovis-ը, հիմնականում վաճառում են խելացի ճամպրուկներ[19]։ Խելացի ճամպրուկների մեծ մասը սնուցվում է լիթիում-իոնային մարտկոցով[25]։
Այն բանից հետո, երբ խելացի ճամպրուկներում մի քանի լիթիում-իոնային մարտկոցներ պայթել էին և բռնկվել էին ինքնաթիռների բեռնախցիկներում, օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան մարտկոցները դասակարգել էր որպես «վտանգավոր ապրանքներ»։ 2017-ի մայիսին ընկերությունը առաջարկություններ է հրապարակել իր 275 անդամներին, այդ թվում՝ United-ի, JetBlue-ի և Virgin Atlantic-ի համար՝ սահմանափակումներ մտցնելու ոչ շարժական մարտկոցներով խելացի ճամպրուկների վրա[27]։ Միացյալ Նահանգներում գործող ավիաընկերությունները, ներառյալ American-ը, Alaska-ն, Delta-ն և այլն, արգելել են ստուգել խելացի ուղեբեռը ոչ շարժական մարտկոցներով 2017-ի վերջերին և 2018-ի սկզբներին, մինչդեռ Միացյալ Թագավորության քաղաքացիական ավիացիայի վարչությունը առաջարկել է նմանատիպ արգելք սահմանել 2018-ին[25][28]։ Այս արգելքների արդյունքում խելացի ճամպրուկներ արտադրող ընկերությունները՝ ինչպիսին է Bluesmart-ը,փակվեցին[24]։
Այլ նյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին պոլիկարբոնատային ճամպրուկները պատրաստվել են 2000 թվականին ուղեբեռ արտադրող գերմանական Rimowa կազմակերպության կողմից[29]։ Samsonite ընկերությունը քայլ է կատարել ճամպրուկներում այնպիսի նյութերի օգտագործման ուղղությամբ, ինչպիսիք են վուլկանացված մանրաթելն ու պոլիպրոպիլենը[3]։
Որպես խորհրդանիշ, դերը ժողովրդական մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճամպրուկները մշակութային նշանակություն են ստացել մոտ 1920-ականներին, երբ դրանք հայտնվել են այնպիսի գրքերում, ինչպիսիք են Hardy Boys շարքը և այնպիսի ֆիլմերում, ինչպիսին է The Woman in the Suitcase համր ֆիլմը։ Դանիել Ա. Գրոսը ժամանակին ճամպրուկները նկարագրել է որպես «շարժունակության և առեղծվածի գրական խորհրդանիշ, գուցե լցված ոսկով, լուսանկարներով կամ պարզապես անծանոթի իրերով»[4]։ 20-րդ դարի կեսերին ԱՄՆ-ում աշխատող մեքսիկացի աշխատողները հաճախ տուն էին վերադառնում ճամպրուկներով՝ որպես կարգավիճակի խորհրդանիշ՝ ապացուցելու համար, որ նրանք դարձել են «կոսմոպոլիտ»[3]։ 1900-ականներից մինչև 1960-ական թվականները հյուրանոցները ուղեբեռի պիտակներ էին դնում հաճախորդների ճամպրուկների վրա՝ իրենց գովազդելու համար, նկարազարդումներով, որոնք ոգեշնչված էին ժամանակի ճանապարհորդական պաստառներից[30]։
Ենթադրաբար, անիվներով ճամպրուկի կանացի բնույթը ծաղրվել է 1984 թվականին նկարահանված Romancing the Stone ֆիլմում, որտեղ Քեթլին Թըրների հերոսուհին՝ Ջոան Ուայլդերը, իր անիվներով ճամպրուկը բերում է ջունգլիներ, ինչը անհանգստացնում է Մայքլ Դուգլասի կերպարին ՝ Ջեք Քոլթոնին,որը փորձում է հետ մղել չարին[11]։National Geographic-ից Սու Յունը ներառել է ճամպրուկը՝ մասնավորապես դրան անիվներ ավելացնելը, իր գյուտերի ցանկում, որոնք ընդմիշտ փոխել են ճանապարհորդությունը, մինչդեռ Կառոլին Կոստելոն՝ Smarter travel-ից, անվանել է անիվավոր ճամպրուկը բոլոր ժամանակների ճանապարհորդական լավագույն գյուտերից մեկը[16][31]։ Խոսելով անիվներով ճամպրուկի մասին՝ Յան Ջեքը The Guardian-ի համար գրել է, որ «… բացի էժան թռիչքից, ոչ մի այլ ժամանակակից գյուտ ավելի հեշտ չի դարձրել ճանապարհորդությունը»[32]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "suitcase". Cambridge English Dictionary. Retrieved December 2, 2022
- ↑ «From the Crusades to robotic cases, the surprisingly interesting 1,000-year history of luggage».
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 McHugh, Jess (2016 թ․ դեկտեմբերի 8). «A Brief History of the Modern Suitcase». Travel + Leisure (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Magazine, Smithsonian; Gross, Daniel A. (2014 թ․ մայիսի 9). «The History of the Humble Suitcase». Smithsonian (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Murphy, Cullen (1986 թ․ հունիսի 1). «Luggage Through the Ages». The Atlantic (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «The Golden Age of Travel and the History of Luggage Tags».
- ↑ «Luggage Through the Ages».
- ↑ 8,0 8,1 «The History of the Humble Suitcase».
- ↑ 9,0 9,1 9,2 Bachelor, Blane (2015 թ․ մարտի 24). «The history of luggage». Fox News. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Elliott, Annabel Fenwick (2018 թ․ սեպտեմբերի 28). «From the Crusades to robotic cases, the surprisingly interesting 1,000-year history of luggage». The Telegraph. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Marçal, Katrine (2021 թ․ հունիսի 24). «Mystery of the wheelie suitcase: how gender stereotypes held back the history of invention». The Guardian (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Diehl, Amy (2021 թ․ օգոստոսի 18). «How Gender Bias Inhibits Progress and What Leaders Can Do About It». Ms. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ 13,0 13,1 Mayerowitz, Scott (2010 թ․ հոկտեմբերի 1). «The Suitcase With Wheels Turns 40». ABC News (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 Sharkey, Joe (2010 թ․ հոկտեմբերի 4). «Reinventing the Suitcase by Adding the Wheel». New York Times. Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Hunter, Marnie (2010 թ․ հոկտեմբերի 4). «Happy anniversary, wheeled luggage!». CNN (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ 16,0 16,1 Youn, Soo (2018 թ․ հոկտեմբերի 24). «7 brilliant inventions that changed travel». National Geographic (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 Altaner, David (1993 թ․ հոկտեմբերի 31). «Success in the Bag for Pilot-Entrepreneur». Sun-Sentinel. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ 18,0 18,1 Clark, Jayne (2022 թ․ օգոստոսի 16). «Rollaboard luggage celebrates a wheelie big birthday». ABC News (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ 19,0 19,1 19,2 Arikoglu, Lale (2017 թ․ սեպտեմբերի 22). «30 Years Ago, One Suitcase Changed Everything». Condé Nast Traveler. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Richardson, Brenda (1994 թ․ հուլիսի 18). «Rolling Luggage Takes a Load Off Travelers». Chicago Tribune. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Banerjee, Sorboni (2016 թ․ նոյեմբերի 22). «Behind the scenes at Travelpro luggage lab». FOX 13. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Luggage through the ages». The Washington Post. 2011 թ․ հունիսի 15. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Elliott, Annabel Fenwick (2018 թ․ սեպտեմբերի 28). «From the Crusades to robotic cases, the surprisingly interesting 1,000-year history of luggage». The Telegraph. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ 24,0 24,1 O'Kane, Sean (2018 թ․ մայիսի 1). «Bluesmart shuts down after airlines ban smart luggage». The Verge. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ 25,0 25,1 25,2 Wamsley, Laurel (2017 թ․ դեկտեմբերի 6). «Airlines Restrict 'Smart Luggage' Over Fire Hazards Posed By Batteries». NPR (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Biro, Ilona (2018 թ․ հունվարի 4). «Next-level luggage: Smart suitcases are here and we want every one». Canadian Broadcasting Corporation. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Sachs, Andrea (2018 թ․ հունվարի 23). «With 'smart' luggage, if you can't remove the lithium battery, consider it grounded». The Washington Post (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին – via The Philadelphia Inquirer.
- ↑ Hyde, Amanda (2022 թ․ սեպտեմբերի 16). «Why your 'smart' luggage could get you kicked off a plane». The Telegraph. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Joensson, Wolfgang (2018 թ․ նոյեմբերի 20). Iconix: Exceptional Product Design (անգլերեն). Simon and Schuster. ISBN 978-1-5107-3040-3.
- ↑ «The Golden Age of Travel and the History of Luggage Tags». Barnebys. 2021 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Costello, Caroline (2012 թ․ մարտի 8). «10 best travel inventions of all time». SmarterTravel (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 29-ին – via ABC News.
- ↑ Jack, Ian (2014 թ․ հուլիսի 19). «What was life like before luggage had wheels?». The Guardian (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճամպրուկ» հոդվածին։ |