Հրատարակչական գործ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրատարակչական գործ, մշակույթի և տնտեսության բնագավառ, իրականացնում է գրքերի, գրքույկների և ոչ պարբերական հրատարակչությունների պատրաստումը, տպագրումը և տպագիր արտադրանքի տարածումը։ Հրատարակչական գործը ներառում է գրքի հրատարակչության բոլոր հիմնական գործողությունները՝ հեղինակի ընտրություն, ձեռագրի օգտագործման իրավունքի ձեռքբերում, տեքստի պատրաստում հրատարակչության՝ խմբագրում, գեղարվեստական ձևավորում ու դիզայն, պոլիգրաֆական կատարում ու իրացում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական տեսակետից Հրատարակչական գործը ձեռներեցության տեսակ է, որը հիմնվում է գրքի մարկետինգի վրա և որպես «հումք» օգտագործում է հեղինակի մտավոր գործունեության արգասիքը։ Եթե առաջին տպագրիչները միաժամանակ կատարում էին և՛ հրատարակչի, և՛ տպագրիչի ու գրավաճառի գործառույթներ, ապա մեքենական գրատպության զարգացման ընթացքում (18-րդ դարի վերջ-19-րդ դարի սկիզբ) Հրատարակչական գործից բաժանվել են գրքի վաճառքը և պոլիգրաֆիան։

Համաշխարհային Հրատարակչական գործը սկզբնավորվել է գրատպության գյուտից հարյուրամյակներ առաջ, սակայն Յոհան Գուտենբերգի՝ եվրոպական գրատպության գյուտով (15-րդ դար) նոր դարաշրջան է բացվել Հրատարակչական գործի պատմության մեջ։

Լեհ մատենագետ Բ. Իվինյսկու տվյալներով՝ 1600 թվականին աշխարհում լույս են տեսել 6.078 անուն գիրք և գրքույկ, 1700 թվականին՝ 13.368, 1800 թվականին 18.646, 1900 թվականին՝ 158.888 անուն։

20-21-րդ դարերի սահմանագծին տարեկան տպագրվել են 15-16 մլրդ գիրք և գրքույկ (1955 թվականին՝ 269 հազար, 1960 թվականին՝ 332 հազար, 1970 թվականին՝ 521 հազար, 1980 թվականին՝ 715 հազար, 1990 թվականին՝ 842 հազար, 2000 թվականին՝ 1250 հազար անուն)։ Ընդ որում, հակառակ այն կանխատեսման, թե էլեկտրոնային զանգվածային հաղորդակցության միջոցների (Զանգվածային հաղորդակցություններ) զարգացումը սահմանափակելու է գրահրատարակչության ծավալները, դրանք ոչ միայն ավելացել են Զանգվածային հաղորդակցությունների էլեկտրոնային մեծ հենք ունեցող երկրներում, այլև փոխներթափանցել են միմյանց մեջ, և առաջացել է տեղեկատվական արտադրանքի սկզբունքային նոր՝ «խառը» տեսակ՝ այսպես կոչված էլեկտրոնային գրքեր, որտեղ զուգակցված են և գրքի, և պրոցեսորների առավելությունները։

Հրատարակչական գործի զարգացման ժամանակակից միտումները պայմանավորված են ոչ միայն տեխնոլոգիական գործոններով, այլև սոցիալ-տնտեսական իրավիճակով, նաև գրաշուկայի աստիճանական մասնատումով՝ ավելի նեղ մասնագիտություններին վերաբերող գրականության փոքր պահանջարկով։ Դա իր հերթին, գրքի իրացման ավանդական եղանակներից բացի, ձևավորում է նոր մարկետինգային մոտեցումներ։ Հայ իրականության մեջ Հրատարակչական գործը տևականորեն կատարվել է իր սկզբնական տարբերակով, երբ գործող անձը հիմնականում տպագրիչն էր (Հակոբ Մեղապարտ, Աբգար Թոխաթեցի, Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցի, Ոսկան Երևանցի, Վանանդեցիներ և ուրիշներ), որոնք լավագույն դեպքում ունեցել են օգնականներ ու վաճառական–մեկենասներ (Գասպար Սահրադյան, Խոջա Նահապետ Գուլնազար, Հակոբ Տյուզյան և ուրիշներ)։

Բուն Հայաստանում Հրատարակչական գործը սկզբնավորվել է 1771 թվականից՝ Էջմիածնի տպարանի հիմնադրումով, իսկ արտերկրում զարգացել է հայաշատ վայրերում՝ Վենետիկում, Կ. Պոլսում, Ռուսաստանում, Թիֆլիսում, 19-րդ դարի վերջին՝ նաև Երևանում։

1850 թվականին Թիֆլիսում Համբարձում և Ավետիք Էնֆիաճյան եղբայրները հիմնադրել են տպարան ու բացել գրախանութ, որտեղ վաճառել են աշխարհի տարբեր քաղաքներում լույս տեսած և իրենց տպագրած հայկական գրքեր ու այլ հրատարակչություններ։ Տպագրած գրքերի քանակով հատկապես արդյունավետ էր 1880 թվականին Թիֆլիսում հիմնադրված Հայերեն գրքերի հրատարակչության ընկերության (հետագայում՝ Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերություն, ապա՝ Կովկասի հայոց հրատարակչական ընկերություն) գործունեությունը։

Այդ նույն ժամանակաշրջանում արգասավոր էին Կ. Պոլսի Գրաշարաց ընկերության, Վ. Զարդարյանի, Պ. Պալենցի, Ա. Աշճյանի հրատարակչական տները։ Այստեղ մի շարք անհատ հրատարակիչներ (Գասպար Գայսերյան, Առաքել Թոզլյան, Միհրան Նագգաշյան և ուրիշներ) հայերեն և այլ լեզուներով լույս են ընծայել հարյուրավոր գրքեր ու պարբերականներ։ Տպագրահրատարակչական նմանօրինակ հաստատություններ գործել են նաև Զմյուռնիայում, Մոսկվայում, Բաքվում և այլուր։

Այդ հրատարակչությունների և տպարանատերերի ջանքերով հայկական տպագրության սկզբնավորումից մինչև Առաջին համաշխարհային պատերազմը (1914-1918 թվականներ) տարբեր վայրերում տպագրվել են ավելի քան 18 հազար անուն հայկական գիրք ու գրքույկ, շուրջ 2 հազար անուն թերթ, ամսագիր, օրացույց և պարբերական այլ հրատարակչություններ։

Հրատարակչական գործի բուն վերելքը Հայաստանում սկսվել է խորհրդային կարգեր հաստատվելուց հետո։ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ժողովրդական կոմիսարների խորհրդի 1921 թվականի հունիսի 10ի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի պետական հրատարակչությունը (Հայաստանի պետական հրատարակչություն)։ Հետագա տարիներին բազմաճյուղ այս հրատարակչությունից անջատվել են մի շարք ճյուղային և մասնագիտացված հրատարակչություններ՝ Կուսակցական հրատարակչություն, Գյուղական հրատարակչություն, Ուսումնական հրատարակչություն և այլն։ 1964 թվականին հրատարակչությունների վերակառուցումից հետո Հայաստանի պետական հրատարակչությունը վերանվանվել է «Հայաստան», Ուսումնական հրատարակչությունը` «Լույս» հրատարակչություն։

1935 թվականին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության գիտությունների ակադեմիայի հայկական բաժանմունքի ստեղծումով ծնունդ է առել գիտությունների ակադեմիայի հրատարակչությունը (2000 թվականից՝ «Գիտություն»), որն ընդլայնվել է, երբ 1943 թվականի վերջերին հիմնադրվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության գիտությունների ակադմեիան։

1976 թվականին «Հայաստան» հրատարակչությունից անջատվել է «Սովետական գրողը» (1991 թվականից՝ «Նաիրի»)։ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանում կային նաև գերատեսչական և բարձրագույն ուսումնական հաստատությունների մի շարք հրատարակչական կազմակերպություններ, որոնք տարեկան արտադրել են շուրջ 1100 անուն գիրք ու գրքույկ։

Խորհրդային Հայաստանում 1920-1980 թվականներին հրատարակվել են շուրջ 44 հազար անուն գիրք ու գրքույկ՝ 300 միլիոն տպաքանակով, Սփյուռքում՝ 21 հազար անուն հայկական գրքեր։ Ընդհանուր առմամբ՝ 1512-1980 թվականներին լույս են տեսել 80 հազար անուն հայկական գրքեր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրահրատարակչական գործը Սովետական Հայաստանում, Ե., 1975։
  • Խաչատրյան Վ., Գրահրատարակչական գործը Հայաստանում 2000–2002 թթ., Ե., 2003։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 622