Հռոդոսի կոթող
Հռոդոսի կոթող, Հելիոս աստծո հսկայական արձանը Հռոդոս կղզու Հռոդոս քաղաքում, հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։ Հին եգիպտացիները և հին հույները իրենց աստվածների և արքաների համար քանդակում էին վիթխարի արձաններ, այդ հսկա քանդակներում մարմնավորելով նրանց մեծությունը։ Նման կոթողներին հույները կոլոսսուս էին անվանում։ Այս բառը հունարենից անցել է շատ ժողովուրդների, այդ թվում և ռուսներին, բայց արդեն կոլոսս (колосс-հսկա, վիթխարի) դարձած, որը գործածվում է հսկա արձանների կամ կոթողների համար։ Հռոդոսցիների կյանքը շատ բանով էր կապված ծովային առևտրի և նավագնացության հետ։ Նրանք հռչակված էին որպես նավագնացներ։ Մ.թ.ա. 5-րդ դարում Հռոդոս կղզու վրա հարձակվեց Դեմետրիոսը, սակայն նա պարտություն կրեց։ Դեմետրիոսը ի նշան հռոդոսցիների քաջության նրանց է նվիրում իր ամենամեծ պաշարողական զենքերը. հռոդոսցիները ձեռք են բերում այնպիսի բարեկամ և դաշնակից, ինչպիսին Դեպետրիոսն էր։ Հետագայում նա ձեռք է բերում Պոլիորկետես մականունը, որը նշանակում է պաշարող։ Ի հիշատակ հաղթության՝ Հռոդոսի բնակիչները որոշում են իրականացնել իրենց խոստումը Հելիոս աստծուն, ում դիմել էին պաշարման ժամանակ՝ խնդրելով հաղթություն պարգևել իրենց։ Նրանք խոստացել էին քաղաքի նավահանգստում կառուցել աստծո հսկայական կոթողը։ Հռոդոսցնիները հրավիրում են տեղացի հայտնի քանդակագործ Խարեսին (կղզու Լինդոս բնակավայրից) և պատվիրում կառուցել մարդու հասակից 10 անգամ բարձր (այսինքն մոտ 18 մետր բարձրությամբ) կոթող՝ Հելիոս աստծո պատկերով։ Քանդակագործը հաշվում է, թե որքան գումար է անհրաժեշտ և հայտնում հռոդոսցիներին։ Վերջինները սկսում են գումար հավաքել՝ վաճառելով Դեմետրիոսի նվիրած պաշարողական զենքերը։
Մ.թ.ա 292 թվականին գումարը հավաքվում է, և Խարեսը գործի է անցնում։ Ինչպես վկայում է ավանդությունը, զենքերի վաճառքից երկու անգամ ավելի գումար է հավաքվում, քան պահանջել էր Խարեսը։ Ուստի հռոդոսցիները նրան վճարում են երկու անգամ ավելի և պատվիրում, որ նա կառուցի ոչ թե 18 մետր, այլ երկու անգամ ավելի՝ 36 մետր բարձրությամբ արձան։
Խարեսը համաձայնվում է։ Սակայն, երկարության կրկնակի մեծացմանը զուգահեռ, ծավալը նույնպես աճել էր 8 անգամ, բայց դա Խարեսը հաշվի չէր առել։ Ուստի նա պարտքով գումար է վերցնում իր բարեկամներից, որպեսզի կարողանա կատարել իր խոոստումը։ Շուրջ 12 տարվա աշխատանքից հետո նա ի վերջո կառուցում է կոթողը։ Ավանդության համաձայն, Խարեսը չկարողանալով մարել պարտքերը, ճարահատյալ ինքնասպան է եղել։
Այսպիսով, 12 տարվա աշխատանքի արդյունքում Խարեսը ստեղծում է սքանչելի բրոնզե արձան, որը պատրաստված էր կավից՝ հավաքված մետաղական ցանցի վրա, արտաքինից պատված բրոնզե թերթերով։ Արձանի կառուցման համար օգտագործվել է 13 տոննա բրոնզ և 8 տոննա երկաթ։ Քանդակագործը Հելիոսի գլխին պատկերել էր արևապսակ, որից ճառագայթներ էին դուրս գալիս։ Արձանը կանգնած էր ճերմակ մարմարով երեսապատված պատվանդանի վրա՝ թեթևակի հակված դեպի ետ, լարված հայացքը հառած հեռուները։
Հռոդոսի կոթողն անտիկ աշխարհի ամենաբարձր արձանն էր։ Նա մեծ տպավորություն էր թողնում դիտողի վրա։ Տեղադրված լինելով նավահանգստի մուտքի մոտ, արձանը տեսանելի էր քաղաքից, ծովում գտնվող նավերից, ինչպես նաև մոտակա կղզիներից։ Կոթողն աընքան տպավորիչ էր, որ շուտով կղզու ողջ տարածքում ստեղծվեցին տարատեսակ վիթխարի արձաններ։ Իհարկե, ոչ այնքան բարձր, որքան Հելիոսի կոթողն էր։ Մ.թ.ա. 2-րդ դարում կղզու վրա կար շուրջ 100 նման արձան։ Սակայն մեր կոթողն այդ ժամանակ արդեն գոյություն չուներ։
Կոթողը կանգուն է եղել 56 տարի։ Կղզու բնակիչները Հելիոսին իրենց հովանավորն էին համարում։ Ըստ առասպելի՝ աստվածները Հռոդոոս կղզին բարձրացրել են ծովի հատակից արևի աստված Հելիոսի խնդրանքով, այդ պատճառով էլ Հռոդոսը հնում անվանում էին Հելիոսի «սրբազան քաղաքը»։
Կոթողը կործանվել է մ.թ.ա. 222 թվին երկրաշարժից։ Կոթողի բեկորները շուրջ 900 տարի մնացել են կղզու վրա, մինչև որ 654 թվականին Հռոդոսը գրաված արաբները ձուլել են բրոնզն ու վաճառել։ Հայտնի է նաև, որը բրոնզի գնորդը հայտնի վաճառական է եղել, որը ողջ բրոնզը բեռնել է 900 ուղտի վրա։ Նավահանգստի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է Բրիտանական թանգարանում։
Հետաքրքրիր է, որ կարճատև կյանք ունեցած կոթողի և ոչ մի նկար կամ պատճեն չի պահպանվել, նույնիսկ նկարագրությունները բավարար չեն վերականգնելու կոթողի իրական տեսքը։ Պարզ չէ նաև կոթողի տեղադրությունն կղզու վրա։ Ժամանակակից նկարներում կոթողը տեղադրվում է կղզու նավահանգստի մուտքի մոտ, սակայն այնտեղ բավարար տեղ չկա նման վիթխարի կոթողի համար։ Հնարավոր է, որ նավահանգստում արձանի տեղադրման համար հատուկ հողաթումբ է կառուցվել։ Սակայն առավել հավանական է, որ կոթողը տեղադրված է եղել քաղաքում կամ մոտակա բլուրների վրա։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կոթող» բառը սկզբում նշանակում էր ցանկացած արձան։ Հռոդոսի կոթողի ստեղծումից հետո այդ բառը սկսեցին գործածել բնական չափսերից ավելի մեծ չափսեր ունեցող արձանների համար։
Տեղեկություն է եղել, որ կոթողը 32 մետրից բարձր էր։ Սրանից բխում է, որ ստեղծման 12 տարիներից ամեն մեկում արձանը 2,75 մետրով է «բոյ քաշել»։ Ճանապարհորդ Ստրաբոնը հիշատակել է, թե արձանի կառուցման համար ծախսվել է 500 տաղանդ բրոնզ և 300 տաղանդ երկաթ, համապատասխանաբար` 12,9 և 7,7 տոննա։ Հռոդոսի կոթողը համարվում է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, չնայած, երբ կազմվում էր Հրաշալիքների ցանկը, արձանն արդեն գոյություն չուներ։
Լեգենդը պատմում է, թե Հարեսն ինքնասպանություն է գործել, երբ արձանի վրա ոչ մեծ մի ճաք են մատնացույց արել։ Շատ նկարիչներ Կոթողն այնպես են պատկերել, որ ծովախորշը հայտնվել է նրա ոտքերի արանքում, բայց նման արձանն անպատկերացնելի մեծ կլիներ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հռոդոսի կոթող կատեգորիայում։ |