Հումորի ծառուղի (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հումորի ծառուղի
Քարտեզ
Քարտեզ
Տեսակտեսարժան վայր
Ստեղծում2004
Երկիր Ուկրաինա և  Ռուսաստան
ԲնակավայրՅալթա
Շինության ձևքանդակների ծառուղի
Ներկա վիճակԿանգուն

Հումորի ծառուղի (ռուս.՝ Аллея юмора), հումորային հուշարձանների ծառուղի Ղրիմի Յալթա քաղաքում, որը գտնվում է Առափնյա փողոցում՝ «Յուբիլեյնի» համերգասրահի մոտակայքում։ Քանդակների հեղինակներն են յալթացիներ Իգոր և Էլեոնորա (Էլլա) Լիսենկո ամուսինները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումորի ծառուղին հիմնադրվել է 2004 թվականին՝ Յալթայի հումորի ու երգիծանքի փառատոնի և նրա կազմակերպիչներ Վլադիմիր Դանիլեցի և Վլադիմիր Մոիսեենկոյի շնորհիվ[1]։

Տարբեր տարիների ծառուղում հայտնվել են Միխայիլ Ժվանեցկու պորտֆելը (2004), Արկադի Արկանովի բաճկոնակը (2005), Ալեքսանդր Շիրվինդտի ծխամորճը (2006), Իոսիֆ Կոբզոնի խոսափողը (2007), Սոնյա մորաքրոջ հայելին ու գլխարկը՝ Կլարա Նովիկովայի պատվին (2014), «Հարմոն և կիթառ» քանդակը՝ քառյակասացներ Միխայիլ Վաշուկովի և Նիկոլայ Բանդուրինի պատվին (2015)[1]։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժվանեցկու պորտֆելի հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Ժվանեցկու պորտֆելի հուշարձանը բացվել է առաջին փառատոնի օրերին՝ 2004 թվականի օգոստոսին։ Կեսմետրանոց գրանիտե սյան վրա տեղադրված են գրողի երեք բրոնզաձույլ հատորները և նրա հանրահայտ պորտֆելը, որը ելույթների ժամանակ միշտ նրա ձեռքին է։ Պայուսակի վրա փորագրված են մեջբերումներ Միխայիլ Ժվանեցկուց։ Բրոնզե քանդակը ճշգրիտ բնօրինակի չափսերի է. բարձրությունը՝ 43,5 սմ, լայնությունը՝ 50,75 սմ, հաստությունը՝ 16 սմ։ Քանդակի քաշը 67 կգ է[2]։

Արկանովի բաճկոնակի հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրող-երգիծաբան Արկադի Արկանովի բաճկոնակի հուշարձանը բացվել է երկրորդ փառատոնի օրերին՝ 2005 թվականի օգոստոսին։ Թիթեռնիկ փողկապով բաճկոնակը տեղադրված է 1:1,5 մասշտաբով գրքի վրա (Արկանովի ստեղծագործությունների հատորն է)։ Այդ հորինվածքն էլ ամրացված է դիորիտե պատվանդանին Քանդակը Ժվանեցկու պորտֆելից 4 մետր հեռավորության վրա է։ Քանդակագործ Իգոր Լիսենկոն քանդակը ստեղծել է երեք ամսում՝ ծախսելով 100 կիլոգրամ բրոնզ[3]։

Շիրվինդտի ծխամորճի հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան, Մոսկվայի երգիծանքի թատրոնի ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտի ծխամորճի հուշարձանը բացվել է երրորդ փառատոնի օրերին՝ 2006 թվականի օգոստոսին։ Քանդակագործական հորինվածքը պատրաստված է բրոնզից և պատկերում է թատերական վարագույր ու դիմակ, որի տակից երևում են Ալեքսանդր Շիրվինդտի շրթունքները ծխամորճով։ Այդ ամենը տեղադրված է «Շիրվինդտ» գրությամբ գրքի վրա, որն էլ ամրացված է գրանիտե պատվանդանին։ Հուշարձանի քաշը մոտ 80 կգ է[4]։

Կոբզոնի խոսափողի հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանի երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի խոսափողի հուշարձանը բացվել է չորրորդ փառատոնի օրերին՝ 2007 թվականի օգոստոսին։ Քանդակագործական հորինվածքն ունի թագով ջութակի բանալու տեսք։ Բանալին գտնվում է երաժշտական ձայնապնակի վրա, իսկ կենտրոնում խոսափողն է։ Այդ ամենը կանգնած է մեկմետրանոց պատվանդանի վրա։ Հուշարձանի հեղինակ քանդակագործ Իգոր Լիսենկոն այն ձուլել է Կիևում։ Քանդակի բարձրությունը 120 սմ է, քաշը՝ 97 կգ[5]։

Կլարա Նովիկովայի գլխարկի հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Կլարա Նովիկովայի գլխարկի հուշարձանը բացվել է հումորի և էստրադայի «Մոսկվա - Յալթա - Տրանզիտ» փառատոնի օրերին՝ 2014 թվականի հուլիսին։ Քանդակագործական հորինվածքը պատրաստված է բրոնզից։ Այն ունի գլխարկով հայելու տեսք, ներքևում գրված է Նովիկովայի կերտած ամենահայտնի հերոսուհու անունը՝ Սոնյա մորաքույր[6]։

«Հարմոն և կիթառ» քանդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Հարմոն և կիթառ (քանդակ)

Քառյակասացներ Միխայիլ Վաշուկովի և Նիկոլայ Բանդուրինի պատվին ստեղծված այս հուշարձանը բացվել է հումորի և էստրադայի «Մոսկվա - Յալթա - Տրանզիտ» փառատոնի օրերին՝ 2015 թվականի հունիսի 28-ին։ Քանդակագործական հորինվածքը պատկերում է դերասանների սիրելի նվագարանները՝ Վաշուկովի կիթառը և Բանդուրինի հարմոնը։ Հեղինակների խոսքով՝ դրանք դերասանների երաժշտական գործիքների ճշգրիտ պատճեններն են[7]։ Քանդակը ձուլված է բրոնզից, իսկ պատվանդանը գրանիտե է[7]։ Նվագարանների վրա գրված են դերասանների ազգանունները. կիթառի վրա՝ Վաշուկով, հարմոնի վրա՝ Բանդուրին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Памятники Ялты: серьезные и с чувством юмора». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 Փետրվար 12-ին.
  2. «Портфель Жванецкого отлили в бронзе». Վերցված է 2019 Փետրվար 12-ին.
  3. «В ЯЛТЕ УВЕКОВЕЧИЛИ ЖИЛЕТКУ АРКАНОВА». Выпуск газеты Сегодня. 06.08.2005, №175 (2117). Վերցված է 2019 Մարտ 12-ին.
  4. «Александр Ширвиндт: «Моя трубка больше знаменита, чем я»».
  5. «Памятник микрофона Кобзона откроют в Ялте». Վերցված է 2019 Մարտ 12-ին.
  6. «Клара Новикова открыла в Ялте памятник... своей шляпке (ФОТО)».
  7. 7,0 7,1 «В Ялте на "смешной аллее" появится памятник "Гармошка и гитара" куплетистов. ФОТО». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  8. «В Ялте появился памятник "Гармошка и гитара" [Фото]».