Հովհարով տիկինը (նկար, Կլիմտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհարով տիկինը
տեսակգեղանկար
նկարիչԳուստավ Կլիմտ[1]
տարի1917
բարձրություն100,2 սանտիմետր[1]
լայնություն100,2 սանտիմետր[1]
նյություղաներկ և կտավ
գտնվում էմասնավոր հավաքածու
հավաքածուանհայտ
սեփականատերHeinrich Böhler?[1], Ռուդոլֆ Լեոպոլդ[1], Serge Sabarsky?[1] և Wendell Cherry?
https://artsandculture.google.com/story/YgWBkMySI0C-wQ կայք
Ծանոթագրություններ
 Dame mit Fächer Վիքիպահեստում
«Հարսնացու» (ձախից) և «Հովհարով տիկինը» նկարները Կլիմտի արվեստանոցում 1918 թվական

«Հովհարով տիկին» (գերմ.՝ Dame mit Fächer), ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի հեղինակած կանացի դիմանկար[2]։ Նկարը պատվիրված չի եղել, այն ներկայացնում է հեղինակի նախընտրած թեմաներից՝ գեղանի ավստրուհու կերպարավորման տարբերակներից մեկը[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հովհարով տիկինը» հեղինակի ուշ շրջանի դեկորատիվ-էքսպրեսիոնիզմի շրջանի գործերից է և արտացոլում է նրա հետաքրքրությունը ասիական արվեստի նկատմամբ։ Հրաժարվելով մետաղաթիթեղի օգտագործումից՝ Կլիմտը հավատարիմ է մնացել իր «Ոսկե շրջանին»՝ նորովի ներկայացնելով հաստոցային գեղանկարչությունը որպես նյութական օբյեկտ, թանկարժեք զարդարանք։

Հակառակ Առաջին աշխարհամարտի տարիներին տիրող համընդհանուր տրտմությանը՝ նկարիչը պատկերել է խորհրդավոր անծանոթուհու՝ հավանաբար՝ պարուհու։ Անծանոթուհին ներկայացված է չինական մոտիվներով էկզոտիկ միջավայրում՝ կիմոնոյով և հովհարով, որով ծածկում է մերկ կուրծքը։ Ինքնավստահ կինն ունի առինքնող արտաքին, գլուխը բարձր, հայացքը սևեռած հեռուն։ Կլիմտն ունեցել է չինական և ճապոնական հագուստի մեծ հավաքածու և հաճախ դրանց զարդանկարներն օգտագործել է իր արվեստում։ «Հովհարով տիկինը» նկարի ֆոնը լրացնում են Փյունիկ թռչունը,, ոսկեգույն փասիանը, կռունկը, լոտոսի ծաղիկները և այլ բույսեր։ Թռչունների առաջ ձգված պարանոցներն ընդգծում են բնորդուհու անբնական երկար պարանոցը[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմտը դիմանակարի վրա աշխատել է 1917 թվականի ընթացքում։ Նկարչի մահանալու պահին նկարը գտնվել է արվեստանոցում՝ մոլբերտի վրա։ 1920 թվականին «Հովհարով տիկինը» նկարավաճառ Գուստավ Նեբեխայի միջնորդությամբ գնել է արդյունաբերող Էրվին Բյոլերը և ցուցադրվել է Վիեննայի Կիրառական արվեստի թանգարանում։ 1920 թվականին Բյոլերը նկարը տեղափոխել է Շվեյցարիա իր եղբոր՝ Հենրիխի մոտ, որտեղ այն մնացել է մինչև 1960 թվականը։ 1960-ական թվականներին նկարը ձեռք է բերել կոլեկցիոներ Ռուդոլֆ Լեոպոլդը։

1981 թվականին «Հովհարով տիկինը» ցուցադրվել է Տոկիոյի Գեղարվեստական թանգարանում։ Ավելի ուշ՝ մինչև 1983 թվականը, Ռուդոլֆ Լեոպոլդը նկարը վաճառել է 18 միլիոն շիլինգով, ըստ նկարչի կնոջ վկայության՝ պարտքերը փակելու համար։ Նկարն անլեգալ եղանակով դուրս է բերվել Ավստրիայից։ 1992 թվականին ոմն արտ դիլեր Չիկագոյից Բելվեդեր պատկերասրահի տնօրեն Գերբերտ Ֆրյոդլին առաջարկել է վաճառել նկարը 80 մլն շիլլինգով։ Քանի որ «Հովհարով տիկինը» նկարի համար երկրից ելքի թույլտվություն չկար, քրեական գործ է հարուցվում։ Լեոպոլդը դատավարության ժամանակ հատարարում է, որ չի հիշում գնորդի անունը։ Մեղադրյալների բացակայության պատճառով 1993 թվականին գործը փակվում է։ 1994 թվականին «Հովհարով տիկինը», լինելով ոմն ամերիկացի գործարարի ժառանգների սեփականություն, վաճառվում է Նյու Յորքի «Սոթբիս» աճուրդում 9,3 միլիոն եվրոյին համարժեք գնով։

2021 թվականին, հարյուր տարի անց, «Հովհարով տիկինը» մեկ տարի շարունակ կրկին ցուցադրվել է Վիեննայի Բելվեդեր պատկերասրահի ժամանակավոր ցուցադրության սրահում[5][6][7].

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]