Հովհարով տիկինը (նկար, Կլիմտ)
Հովհարով տիկինը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Գուստավ Կլիմտ[1] |
տարի | 1917 |
բարձրություն | 100,2 սանտիմետր[1] |
լայնություն | 100,2 սանտիմետր[1] |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | մասնավոր հավաքածու |
հավաքածու | անհայտ |
սեփականատեր | Heinrich Böhler?[1], Ռուդոլֆ Լեոպոլդ[1], Serge Sabarsky?[1] և Wendell Cherry? |
պատկերված են
| |
https://artsandculture.google.com/story/YgWBkMySI0C-wQ կայք | |
Ծանոթագրություններ | |
Dame mit Fächer Վիքիպահեստում |
«Հովհարով տիկին» (գերմ.՝ Dame mit Fächer), ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի հեղինակած կանացի դիմանկար[2]։ Նկարը պատվիրված չի եղել, այն ներկայացնում է հեղինակի նախընտրած թեմաներից՝ գեղանի ավստրուհու կերպարավորման տարբերակներից մեկը[3]։
Նկարագրություն
«Հովհարով տիկինը» հեղինակի ուշ շրջանի դեկորատիվ-էքսպրեսիոնիզմի շրջանի գործերից է և արտացոլում է նրա հետաքրքրությունը ասիական արվեստի նկատմամբ։ Հրաժարվելով մետաղաթիթեղի օգտագործումից՝ Կլիմտը հավատարիմ է մնացել իր «Ոսկե շրջանին»՝ նորովի ներկայացնելով հաստոցային գեղանկարչությունը որպես նյութական օբյեկտ, թանկարժեք զարդարանք։
Հակառակ Առաջին աշխարհամարտի տարիներին տիրող համընդհանուր տրտմությանը՝ նկարիչը պատկերել է խորհրդավոր անծանոթուհու՝ հավանաբար՝ պարուհու։ Անծանոթուհին ներկայացված է չինական մոտիվներով էկզոտիկ միջավայրում՝ կիմոնոյով և հովհարով, որով ծածկում է մերկ կուրծքը։ Ինքնավստահ կինն ունի առինքնող արտաքին, գլուխը բարձր, հայացքը սևեռած հեռուն։ Կլիմտն ունեցել է չինական և ճապոնական հագուստի մեծ հավաքածու և հաճախ դրանց զարդանկարներն օգտագործել է իր արվեստում։ «Հովհարով տիկինը» նկարի ֆոնը լրացնում են Փյունիկ թռչունը,, ոսկեգույն փասիանը, կռունկը, լոտոսի ծաղիկները և այլ բույսեր։ Թռչունների առաջ ձգված պարանոցներն ընդգծում են բնորդուհու անբնական երկար պարանոցը[4]։
Պատմություն
Կլիմտը դիմանակարի վրա աշխատել է 1917 թվականի ընթացքում։ Նկարչի մահանալու պահին նկարը գտնվել է արվեստանոցում՝ մոլբերտի վրա։ 1920 թվականին «Հովհարով տիկինը» նկարավաճառ Գուստավ Նեբեխայի միջնորդությամբ գնել է արդյունաբերող Էրվին Բյոլերը և ցուցադրվել է Վիեննայի Կիրառական արվեստի թանգարանում։ 1920 թվականին Բյոլերը նկարը տեղափոխել է Շվեյցարիա իր եղբոր՝ Հենրիխի մոտ, որտեղ այն մնացել է մինչև 1960 թվականը։ 1960-ական թվականներին նկարը ձեռք է բերել կոլեկցիոներ Ռուդոլֆ Լեոպոլդը։
1981 թվականին «Հովհարով տիկինը» ցուցադրվել է Տոկիոյի Գեղարվեստական թանգարանում։ Ավելի ուշ՝ մինչև 1983 թվականը, Ռուդոլֆ Լեոպոլդը նկարը վաճառել է 18 միլիոն շիլինգով, ըստ նկարչի կնոջ վկայության՝ պարտքերը փակելու համար։ Նկարն անլեգալ եղանակով դուրս է բերվել Ավստրիայից։ 1992 թվականին ոմն արտ դիլեր Չիկագոյից Բելվեդեր պատկերասրահի տնօրեն Գերբերտ Ֆրյոդլին առաջարկել է վաճառել նկարը 80 մլն շիլլինգով։ Քանի որ «Հովհարով տիկինը» նկարի համար երկրից ելքի թույլտվություն չկար, քրեական գործ է հարուցվում։ Լեոպոլդը դատավարության ժամանակ հատարարում է, որ չի հիշում գնորդի անունը։ Մեղադրյալների բացակայության պատճառով 1993 թվականին գործը փակվում է։ 1994 թվականին «Հովհարով տիկինը», լինելով ոմն ամերիկացի գործարարի ժառանգների սեփականություն, վաճառվում է Նյու Յորքի «Սոթբիս» աճուրդում 9,3 միլիոն եվրոյին համարժեք գնով։
2021 թվականին, հարյուր տարի անց, «Հովհարով տիկինը» մեկ տարի շարունակ կրկին ցուցադրվել է Վիեննայի Բելվեդեր պատկերասրահի ժամանակավոր ցուցադրության սրահում[5][6][7].
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.sothebys.com/en/buy/auction/2023/modern-contemporary-evening-auction-2/dame-mit-faecher-lady-with-a-fan
- ↑ belvedere.at: Dame mit Fächer(գերմ.)
- ↑ belvedere.at: Dame mit Fächer(գերմ.)
- ↑ Фонд Климта: Schwanenhälse und Kimonos(գերմ.)
- ↑ Wiener Zeitung: Belvedere: Rückkehr von Klimts «Dame mit Fächer» nach 100 Jahren(գերմ.)
- ↑ Wiener Zeitung: Was passiert mit dem geistigen Besitz der Menschheit?(գերմ.)
- ↑ Der Standard: Ein illegal ausgeführtes Klimt-Gemälde auf Besuch(գերմ.)