Հովհաննես Քյաթիպյան
Ծնվել է | 1821 |
---|---|
Ծննդավայր | Ադրիանապոլիս |
Մահացել է | հոկտեմբերի 21 (նոյեմբերի 5), 1882 |
Մահվան վայր | Կ. Պոլիս |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Ազգություն | հայ |
Այլ անուններ | Մարգար Հովհաննես |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ, հրապարակախոս |
Պաշտոն | հրատարակիչ-խմբագիր |
Հովհաննես Քյաթիպյան (նաև՝ Մարգար Հովհաննես, 1821, Ադրիանապոլիս - հոկտեմբերի 21 նոյեմբերի 5, 1882, Կ. Պոլիս), հայ բժիշկ, հասարակական և քաղաքական գործիչ, հրապարակախոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1821 թվականին, Ադրիանապոլսում` Ակն քաղաքից գաղթած հայի ընտանիքում։ Անվանի երգիծաբան Հակոբ Պարոնյանի հորեղբորորդին է։ Նախնական կրթությունն ստացել է Ադրիանապոլսի ազգային վարժարանում, միջնակարգը` Կ․ Պոլսի համայնքային դպրոցներից մեկում։ 1855-1861 թվականներին ուսանել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետում և դա ավարտել 1861 թվականի հունվարի 18-ին։ Ուսումնառության տարիներին ծանոթացել է Միքայել Նալբանդյանի հետ (որը նրան անվանում էր բժիշկ Հովհաննես Քյաթիպ) և խանդավառվել նրա հեղափոխական գաղափարներով ու ծրագրերով։ Ընդունել է Ֆրանսիայի հպատակություն։
1859 թվականին Փարիզում մասնակցել է Ստեփան Ոսկանյանի «Արևմուտք պարբերական|Արևմուտք» պարբերականի հիմնադրմանը։ 1861 թվականին վերադարձել է Կ. Պոլիս, ապա՝ Ադրիանապոլիս և բժշկությամբ զբաղվել։ 1862 թվականին տեղափոխվել է Կ. Պոլիս, բնակություն հաստատել Ֆընդըկլի թաղամասում և բժիշկ աշխատել։ 1862 թվականից Զեյթունի ապստամբության օրերին եղել է Կ. Պոլսում հիմնադրված և «Մեղու» հանդեսի հրատարակիչ-խմբագիր Հարություն Սվաճյանի գլխավորած գաղտնի «հեղափոխական մարմնի» ղեկավար անդամներից մեկը։
1862 թվականի մարտի 14-ին Կ. Պոլսից Միքայել Նալբանդյանին և Սերովբե Թագվորյանին ուղարկած նամակում (որն ընկել է ցարական ոստիկանության ձեռքը) Հ. Քյաթիպյանը հիշատակվել է որպես կապող օղակ արևմտահայ դեմոկրատների և համաեվրոպական ազատագրական շարժման առաջնորդների միջև։ Հետագայում գրավոր կապ է պահպանել Մ. Նալբանդյանի հետ, մինչև նրա ձերբակալվելը։ Կապեր է ունեցել արևմտահայ դեմոկրատների, Լոնդոնի ռուս վտարանդիներ Ալեքսանդր Հերցենի, Նիկոլայ Օգարյովի, իտալական ազգային ազատագրական շարժման առաջնորդ Ջուզեպպե Մաձձինի ի հետ։
1867 թվականին ընտրվել է Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամ։ 1867 թվականի նոյեմբերի 8-ին ընտրվել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական ընկերության անդամ և եռանդով մասնակցել ընկերության միջոցառումներին։ 1872 թվականից աշխատել է Կ. Պոլսի Կուլեդիբի թաղամասի Ֆրանսիական հիվանդանոցում, որպես բժիշկ, վիրաբույժ։ Կ. Պոլսում առաջինն է օգտագործել ստերիլիզացման մեթոդը և դրանով գրավել մասնագետների ուշադրությունը։ 1874-1878 թվականներին եղել է սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձության և Կ. Պոլսի Հայոց Բարեգործական ընկերության ղեկավարության անդամ։ Եղել է Կ. Պոլսի հայ համայնքում սիրված, հարգված և լայն ժողովրդականություն վայելած հասարակական գործիչ։ Իր տունը բուժարանի է վերածել և աղքատ հիվանդների ընդունել։ Վերջիններիս բուժելիս ո՜չ միայն բուժավճար չի վերցրել այլև, երբեմն դեղի փող է տվել։ Ճանաչված է եղել նաև սուլթանի պալատում ու օտար երկրների դեսպանատներում։ Նրա առաջավոր հայացքները և ժողովրդասեր գործունեությունը թշնամական մթնոլորտ են ստեղծել նրա շուրջը, հատկապես պալատական շրջանակում։
1882 թվականի հոկտեմբերի 20-ին սուլթան Աբդուլ Համիդ II-ի պալատական բժիշկը Հ. Քյաթիպյանին հրավիրել է սուլթանի հարեմի կանանցից մեկի ծննդաբերությունը վարելու։ Բարեհաջող ծննդաբերությունից՝ մոր և մանկան կյանքը փրկելուց հետո սուլթանը պալատի բժշկապետի պաշտոնն է առաջարկել նրան։ Շնորհակալություն հայտնելով՝ բժիշկը մերժել է առաջարկը՝ ասելով, որ ինքը «աղքատների բժիշկ է և կփափագի միշտ այդպես մնալ»։ Այդ մերժումով, փաստորեն, նա վիրավորել է սուլթանին։ Նույն օրը հրավիրվել է մի թուրք փաշայի տուն՝ հիվանդի նայելու, որտեղից չի վերադարձել։ 1882 թվականի հոկտեմբերի 21-ին (նոյեմբերի 5) անհայտ, չպարզված և խորհրդավոր հանգամանքներում, նրա՝ վնասվածքներ ստացած և խեղդամահ արված դիակը գտել են Կ. Պոլսի Կադըգյուղ թաղամասի ծովափին։ Դոկտոր Մյուլուքի բժշկական քննությունը ցույց է տվել, որ սպանվել է ոճրագործի ձեռքով, այլ ոչ թե ինքնասպան եղել։ Ենթադրվել է, որ սպանվել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի ցուցումով կամ պալատի ներքին խարդավանքների հետևանքով։ Սպանության պահին եղել է 61 տարեկան և ամուրի։ 1882 թվականին հոկտեմբերի 29-ին Բժշկական միությունը մեծ շուքով կատարել է հուղարկավորությունը։ Թաղվել է Կ. Պոլսի Շիշլիի ազգային գերեզմանոցում։ Նրա դագաղի մոտ դամբանական են կարդացել բժիշկ Քիրիաքոն, Ռեթեոս Պերպերյանը, իսկ նրա մտերիմ Գրիգոր Օտյանը հրապարակել է «Ողբ ի վերայ բարեկամիս» մահախոսականը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մազմանեան Գ., Դոկտոր Քեաթիպեան, «Անահիտ», Փարիզ, հունվար-ապրիլ։
- Զարդարեան Վ., Յիշատակարան (1512-1933), հ. 3, Գահիրէ, 1933։
- Զարդարեան Վ., Յիշատակարան (1512-1933), հ. 4, Գահիրէ, 1939 (կենսագրականը, մահվան վարկածը)։
- Մեզպուրեան Ա., Հայ եւ ծագումով հայ բժիշկներ, Իսթանպուլ, 1950։
- Ստեփանյան Գ., Հակոբ Պարոնյան, Ե., 1964։
- Հայկական սովետական հանրագիտարան, հ. 12, Երևան, 1986։
- Նալբանդյան Մ., Երկերի լիակատար ժողովածու, հ. 6, Ե., 1997։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
- Փաշայան Ա.,, Տիտղոսակիր հայեր XV-XIX դարեր, Ե., 2001։
- Փամուքջյան Գևորգ, Հայերը իրենց կենսագրականներով (թուրքերեն), Ստամբուլ, 2003։
- Ով ով է։ Հայեր։ Կենսագրական հանրագիտարան, հ. 2, Ե., 2007։
Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։