Հովհաննես Կասպարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Կասպարով
Ծնվել է1740[1]
ԾննդավայրԱստրախան, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1814[1]
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանՍմոլենկայի հայկական գերեզմանոց[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունռազմական գործիչ և քաղաքական գործիչ

Հովհաննես Պետրոսի Կասպարով (1740[1], Աստրախան, Ռուսական կայսրություն[1] - 1814[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), հայազգի ռազմաքաղաքական գործիչ, ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ (1808 թվականից հետո)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ռազմական դաստիարակությունը՝ ռուսական բանակում։ Հոր՝ ռուսական բանակի գնդապետ, «Հայկական էսկադրոն»՝ հրամանատար Պ. Կասպարովի խնդրանքով, Զինվորական կոլեգիայի 1754 թվականի դեկտեմբերի 13-ի հրամանով Հովհաննես Կասպարով և իր կրտսեր եղբայր Վասիլը (որպես փոքրահասակների՝ բացառության կարգով) ընդունվել են զինվորական ծառայության Ղզլարի ռուսական կայազորի կազմում գործող «Հայկական էսկադրոն»-ում։ Նույն հրամանով նրանց շնորհվել է վախմիստրի աստիճան։ 1761 թվականից Հովհաննես Կասպարովը ծառայությունը շարունակել է Սիբիրյան գնդում, ապա մայորի աստիճանով մասնակցել է 1768-1774 թվականների ռուս-թուրքական պատերազմին, աչքի ընկել Ժուրժայի, Լարգայի ու Կագուլայի 1770 թվականի ճակատամարտերում։ 1771 թվականից մինչև Քյուչուկ-Կայնարջիի հաշտությունը (1774, հուլիս) հանձնակատար է եղել I ռուսական բանակի զորակայանում։ Հրամանատարի՝ Ռումյանցև-Զադունայսկու հանձնարարությամբ, որպես լիազոր-ներկայացուցիչ, բանակցություններ է վարել թուրքական հրամանատարության և մեծ վեզիրի դիվանի հետ՝ նրանց ներկայացնելով զինադադար ու հաշտության պայմանագիր կնքելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկություններն ու պայմանները։ Պատերազմի դաշտում ցուցաբերած հերոսության և դիվանագիտության ասպարեզում մատուցած ծառայությունների համար Հովհաննես Կասպարովին շնորհվել է փոխգնդապետի, ապա՝ գնդապետի աստիճան (1777)։ Այնուհետև, 1787-1991 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ եղել է Տագանրոգի զինվորական պարետը։ Ռուսական զինված ուժերի գլխավոր հրամանատար Գ. Ա. Պոտյոմկինի հրամանով պատերազմի տարիներին Հովհաննես Կասպարովի վրա է դրվել Տագանրոգի նավահանգիստ և ծովախորշ բերված ռազմանավերի վերանորոգման ու մարտաշարք վերադարձնելու գործի կազմակերպումը։ Մարտական հանձնարարությունը գերազանց կատարելու համար Եկատերինա II կայսրուհու 1791 թվականի հրամանով Հովհաննես Կասպարովին շնորհվել է բրիգադիրի (գեներալ-մայոր) կոչում։ Հովհաննես Կասպարովը մասնակցել է նաև Ֆրանսիայի դեմ եվրոպական կոալիցիոն (1805-1807), ռուս-թուրքական (1806-1812) և Հայրենական (1812) պատերազմներին։ Հովհաննես Կասպարովը սերտորեն կապված է եղել հայ իրականությանը՝ անձամբ ճանաչել է հայ ռազմական ու քաղաքական շատ գործիչների և նամակագրություն ունեցել նրանց հետ, զբաղվել հայության ճակատագրով, տեղեկացել Արևելքի բռնակալների լծից Հայաստանի ազատագրման համար առաջադրվող ծրագրերին։ Այցելել է հայկական գաղթավայրերը (Աստրախան, Գրիգորիուպոլիս, Ղզլար, Մոզդոկ, Մոսկվա, Նոր Նախիջևան, Պետերբուրգ և այլն), ծանոթացել տեղի հայերի կյանքին, մասնակցել հայ ժողովրդի ազատագրման համար նյութական միջոցների, նվիրատվությունների կազմակերպմանը և հայրենասիրական այլ միջոցառումների։ Ունեցել է շեշտված ռուսական կողմնորոշում, եղել հայ ու ռուս ժողովուրդների ավանդական զինակցության ջատագովներից ու գործնականում իրականացնողներից՝ Ռուսաստանի օգնության մեջ տեսնելով պարսկա-թուրքական նվաճողներից հայ ժողովրդին ազատագրելու միակ ելքը։ Թաղված է Պետերբուրգի հայոց գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 276