Հնագույն նկարիչներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնագույն նկարիչներ, ժայռապատկերներ և որմնանկարներ անող հնագույն մարդիկ, որոնց գործիքները եղել են ածուխը, կավը և գորշ երկաթաքարը։

Ֆրանսիական Մոնտինյակա փոքրիկ քաղաքի մոտ գտնվող Լասկո քարանձավը հայտնաբերել են մի խումբ տղաներ։ Քարանձավի պատերին և առաստաղին նկարված են եղել և՛ ընտանի, և՛ վայրի կենդանիներ՝ տարբեր դիրքերով։ Օրինակ, ծանրամարմին ցուլ՝ ցատկելու պահին, կով, որ ոտքերը կծկած ցատկում է վիհի վրայով, աղոտ երևում են վախեցած եղնիկների եղջերակիր գլուխները։ Առաջին որմնանկարները՝ ժայռապատկերները հայտնաբերվել են Իսպանիայի հյուսիսում և Ալտրամիլա քարանձավում։ Սրանք նկատել է քարանձավում աշխատող հնագետի հնգամյա դուստրը։ Ժայռապատկերներ գտել են շատ երկրներում, այդ թվում նաև Սովետական Միության տարածքում։ 1959 թվականին կենդանաբան Ա. Վ. Ռյոմինը Հարավային Ուրալում գտնվող Կապովա քարայրում հայտնաբերել է մամոնտների, ձիերի, ռնգեղջյուրների կարմրաներկ պատկերներ։ Այժմ դրանք մի քանի հազար տարեկան են։ Նախնադարյան մարդիկ որսում էին ահեղ բիզոններ, արագավազ եղնիկներ, ռնգեղջյուրներ, ցուլեր և այլ կենդանիներ։ Որսից հետո մեծ ու մթին քարանձավների պատերին խարույկի լույսի ներքո նրանք պատկերում էին որսի տեսարաններ։ Պատկերելու համար օգտագործում էին ածուխ, կավ և գորշ երկաթաքար։ Դրանք խառնում էին ջրի կամ ճարպի հետ և նկարում մազափնջերով, ձողերով և նույնիսկ մատներով։ Երբեմն նկարիչները չոր ներկը լցնում էին եղեգի մեջ և փչում պատին։ Ստացվում էին ձիերի թեթև, ասես օդեղեն բաշեր։ Մինչև այժմ գիտնականները վիճում են, թե մութ քարանձավներում մարդիկ ինչու՞ էին կենդանիներ պատկերում։ Շատերը կարծում են, թե շատ հազարամյակներ առաջ այդ քարանձավներում մարդիկ որսի էին պատրաստվում. խփում էին նշանակետին, խորհրդավոր ծեսեր կատարում, գազաններին հաղթելու նպատակով աղոթքներով օգնություն հայցում աստվածներից։ Հնագույն նկարիչները նկարել են ոչ միայն մութ քարանձավների պատերին ու առաստաղներին, այլև բազմաթիվ ժայռապատկերներ են փորագրել բաց երկնքի տակ, վիթխարի վեմերին և ժայռերին։ Սովետական Միության տարածքում այդպիսի հուշարձաններով հարուստ է հատկապես Հայաստանի Հանրապետությունը։ Արագածի լանջերին, Սյունյաց և Գեղամա լեռներում և այլուր հայտնաբերվել են հազարավոր ժայռապատկերներ, որոնցից հնագույններն ստեղծվել են մ.թ.ա. 6-4–րդ հազարամյակներում։ Ժայռապատկերների ամբողջ « պատկերասրահներ» են սփռված Սյունիքի ուղտասար հնավայրում, ուր հետազոտողները գտել են ավելի քան երկու հազար պատկերազարդ քարեր՝ յուրաքանչյուրի վրա մեկից մինչև հիսուն պատկերներ։ Հնագույն նկարիչները պատկերել են հայկական բնաշխարհին հատուկ ընտանի և վայրի կենդանիներ, նետ ու աղեղով, նիզակով և վահանով զինված որսորդներ, մարդու և գազանի մենամարտ, երկանիվ ու քառանիվ սայլեր, արորներ, ծիսական պարեր և այլ տեսարաններ։ Հնագույն անանուն նկարիչների ստեղծագործություններ են մի շարք հնավայրերում հայտնաբերված որմնանկարները, որոնք զարդարել են պալատների, տաճարների և այլ շինությունների պատերը։ Դրանցից են, օրինակ, մ.թ.ա. 8-րդ դարում հիմնադրված Էրեբունի բերդաքաղաքի թագավորական պալատի որմնանկարները, որոնք ի հայտ են եկել միայն 2-3 տասնամյակում։ Այժմ մարդկությունը նորից է տեսնում հնագույն նկարիչների ստեղծած հրաշալի ժայռապատկերներն ու որմնապատկերները և շարունակում հիանալ նրանց վարպետությամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ինչ է ով է, հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևվան 1986