Jump to content

Արոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոռվա արոր (19-րդ դար)

Արոր, հերկելու, վարելու, կրկնավար կատարելու, առը շուռ տալու միակտոր կամ բազմակտոր երկրագործական փայտե գործիք։ Դեռևս բրոնզի դարաշրջանում տարածված է եղել Ասիայում, Եվրոպայում և Հյուսիս-Արևելյան Աֆրիկայում։ Հայկական լեռնաշխարհում վաղ ժամանակներից արորի գործածությունը հավաստում են ժայռապատկերները (Սիսիան, Գեղարքունիք), հնագիտական պեղածոները (Վան), վիմական արձանագրությունները (Անի, 11-րդ դար), թարգմանական ու մայրենի մատենագրության տվյալները։ 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին Հայաստանում հայտնի էին արորի մի շարք տարատեսակներ, որոնք հիմնականում նույն կառուցվածքն ունեին և կոչվում էին հարոր, վեցկի, չորոցք, գործեն, չութ, կըռ և այլն։ Արոր պատրաստում («կապում») էին ամուր, ճկուն փայտից (հացենի, կաղնի, թեղի, բոխենի, թխկի, ընկուզենի, ծիրանենի և այլն)։

Արորն ուներ չորս հիմնական մաս՝ առատամ, համաձող, թուր, մաճ։ Առատամը (կոտրակ, խոփար) անմիջականորեն հողը ծրող, ակոսող մասն էր։ Համաձողը (համն, եռ, օխ) ծառայում էր որպես առեղ, քարշաձող, որի վրա սրած հարմարանքների (գործևոր, պորտ) և լծան ու կաշեփոկերի միջոցով արորին 1-2 զույգ անասուն (եզ, գոմեշ) էին լծում։ Թուրը առատամին և համաձողին ուղղահայաց ագուցված մասն էր, որը հերկած ակոսը (առը) փխրեցնում, բաժանում էր մասերի։ Մաճն արորի ղեկն էր, որի միաճյուղ կամ երկճյուղ բռնակից (մաճբուռ) բռնելով՝ վար անողը (մաճկալ) կարգավորում էր արորի գործողությունը։ Սկսած միջին երկաթի դարաշրջանից մինչև 20-րդ դարի սկիզբը արորի գործող մասին՝ առատամի սուր ծայրին, հագցնում էին երկաթե խոփ։ Առը հիմնավոր շրջելու, այն հարմար կողմի վրա դիզելու, առուներ բացելու նպատակով արորի պարանոցին՝ թրի առջևից, ամրացնում էին երկաթե կամ վահանաձև տախտակ (ջրդրի, կորաբեխ, կաքավ)։

Արորային երկրագործությունը բրիչային բազմադարյան հողամշակությանը հաջորդող նոր, բարձր որակ էր, որի հետագա կատարելագործումը հանգեցրեց գութանի հայտնագործմանը, և որը հանձին նախագութանների («տրի խարոր», «անճար գութան», «կըռը-կոէթան», «ջղլա» և այլն) աստիճանական զարգացում ապրեց նաև Հայաստանում։

---

Գութանի Երգ - Գութաներգ (Խրիմեան Հայրիկ)

--

Բարի լուսո աստղ էրևաց,

Աղոթարան դռներն ի բաց,

Բարով բացվեր լուս աղոթրան,

Սարվածք լծեմ, էրթամ գութան։

--

Գութնի թախում նըմուշ նըմուշ,

Չըկեր վաստակ քյանց էն անուշ.

Աշխարհի շեն մեր գութնին էր,

Գութան չըլներ` աշխարհն ի՞նչ էր։

--

([Ամա- --ուն սարցին] խուրիկ,

Կանեմ ընձի հազար շիրիկ,

Դատենք մեկտեղ` սրտով պիստակ,

Կանչենք Աստուած` անենք վաստակ:)

--

Խոփ քաշ կերթա գետնի տակեն,

Ակոս կանի էրգեն էրգեն,

Քանդի կորթեր, շուռ տա բարդ բարդ

Շընորհ կենե բերքին առատ։

--

Արտ ջրափին առատամ կոկ,

Մաճն ի կայիմ, խոփն ի զոտուկ,

Պայծառ արև մարմանդ սարին,

Աստուած տա` խոփ չառնի քյարին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բդոյան Վ․Հ․, Երկրագործական մշակույթը Հայաստանում, Ե․, 1972։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 111
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արոր» հոդվածին։