Հեռագրական կապը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանում հեռագրական կապ առաջին անգամ կիրառվել է 1864 թվականին, երբ սկսել են գործել Թիֆլիս-Դիլիջան-Երևան-Նախիջևան, ապա՝ Թիֆլիս-Ալեքսանդրապոլ հեռագրական գծերը։ 1913 թվականին գործող 26 փոստահեռագրերը ձեռնարկություններից միայն 15-ն է ունեցել հեռագրական կապ։ 1925 թվականին գործել է Երևան-Մոսկվա առաջին, հետագայում՝ Երևանի ու հանրապետության 25 շրջկենտրոնների միջև հեռագրական կապը։ 1956 թվականին սկսվել է տոնային հեռագրության կատարելագործված ապարատների ներդրումը։ 1960 թվականից լայնորեն տարածվել է բաժանորդային հեռագրության (հեռատիպ) ցանցը, և ամբողջ հեռագրային կապը փոխադրվել է ուղիղ միացումների համակարգի (բացառել է միջանկյալ հանգույցներում հեռագրերի մշակումը)։ ՀԽՍՀ-ում մայրուղային կապ է գործել Մոսկվայի, Կիևի, Թբիլիսիի, Նիժնի Նովգորոդի, Ստավրոպոլի, Սամարայի, Տաշքենդի, Դոնի Ռոստովի հետ, 1967 թվականից՝ հայատառ հեռագրերի հաղորդման և ընդունման հեռագրային ցանց։ 1980 թվականին շահագործման է հանձնվել Երևանի հեռագրատան հարավսլավիայի ավտոմատ նոր կայանը, որը հնարավորություն է տվել հանրապետության բաժանորդներին ուղիղ կապի ցանցով միանալ ԽՍՀՄ տարածքում գործող համակցման կայաններին։ 1997 թվականին համակարգիչների հիմքի վրա Երևանում շարք է մտել համակցման ՏԴՍ-128 բաժանորդային-տելեքսային կայանը, որը հնարավորություն է տվել լիովին ավտոմատացնել հեռագրային կապը, նշանակալիորեն արագացնել հեռագրերի հաղորդումն ու ընդունումը և դրանց միաժամանակյա գրանցումը մագնիս, սկավառակների վրա։ 1990-ական թթ-ի վերջերին բաժանորդային հեռագրության կայաններ էին տեղադրված հանրապետության 18 քաղաքներում։ Աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության նոր տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված՝ 1990-ական թթ-ից կապի այս տեսակն աստիճանաբար դուրս է մղվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։