Jump to content

Հենրիկ Զիգալսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիկ Զիգալսկի
լեհ.՝ Henryk Zygalski
Ծնվել էհուլիսի 15, 1908(1908-07-15)[1][2]
Պոզնան, Գերմանական կայսրություն
Մահացել էօգոստոսի 30, 1978(1978-08-30)[1][2] (70 տարեկան)
Լիսս, Իստ Հեմփշիր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[1]
ԳերեզմանՉիչեսթերի դիակիզարան և Հիշատակի այգի[3]
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունմաթեմատիկոս և գաղտնագիր
Հաստատություն(ներ)Գաղտնագրման բյուրո[1], Cadix?[1], Լեհաստանի ցամաքային ուժեր[1] և Սասեքսի համալսարան[1]
Գործունեության ոլորտմաթեմատիկոս
Ալմա մատերՊոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան (1931)[1] և Սուրբ Մարիա Մագդալենացու լիցեյ (1926)[1]
Տիրապետում է լեզուներինլեհերեն և անգլերեն
Պարգևներ
 Henryk Zygalski Վիքիպահեստում

Հենրիկ Զիգալսկի (լեհ.՝ Henryk Zygalski, հուլիսի 15, 1908(1908-07-15)[1][2], Պոզնան, Գերմանական կայսրություն - օգոստոսի 30, 1978(1978-08-30)[1][2], Լիսս, Իստ Հեմփշիր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[1]), լեհ գիտնական, մաթեմատիկոս և գաղտնագրող, ով Մարիան Ռեջևսկու և Եժի Ռոժիցկու հետ 1933 թվականի հունվարին բացահայտել է Էնիգմա մեքենայի մեխանիզմը՝ հիմնական գաղտնագրման սարքը, որն օգտագործել է Նացիստական Գերմանիան։ Նա մասնակցել է գերմանական ռազմական հաղորդագրությունների վերծանմանը։ Հնարել է Զիգալսկու Թերթերը։

Վաղ և ուսանողական տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիխ Զիգալսկին ծնվել է 1908 թվականի հուլիսի 15-ին, Պոզնանում (Լեհաստան) կարի արհեստանոցի ղեկավար՝ Միխալ Զիգալսկու և Ստանիսլավա Կիելիշի ընտանիքում։ 1926 թվականին ավարտել է Սուրբ Մարիա Մագդալենացու լիցեյը և ընդունվել Պոզնանի համալսարանի մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետ[5]։

1929 թվականի հունվարին Գաղտնագրման բյուրոյում մեկնարկել է Զդիսլավ Կրիգովսկու (լեհ.՝ Zdzisław Krygowski) գաղտնագրման դասընթացը։ Այն մշակված է եղել Պոզնանի համալսարանի տաղանդավոր մաթեմատիկայի ուսանողների պատրաստման համար, ովքեր հետագայում պետք է աշխատեին Բյուրոյի համար՝ վերծանելու գերմանական հաղորդակցությունները, որոնք գաղտնալսվել են զինվորականների կողմից[6]։ Համալսարանն ընտրվել է այն հիմքով, որ ուսանողների մեծ մասն ավարտել է գերմանալեզու դպրոցներ և կարող էին խոսել ինչպես լեհերեն, այնպես էլ գերմաներեն։ Հենրիկ Զիգալսկին, Մարիան Ռեևսկին և Եժի Ռոզիցկին այդ դասընթացի համար ընտրված ուսանողներից են եղել։ Դասընթացի ընթացքում ուսանողներին տրվել են իրական, չկոտրված գերմանական ծածկագրեր՝ վերծանելու համար։ Միաժամանակ նրանց ասել են, որ ծածկագրերն արդեն կոտրված են, որպեսզի խնդիրն անլուծելի չթվա[7]։

Այն ուսանողները, ովքեր չեն կարողացել կատարել առաջադրանքները, հեռացվել են դասընթացից։ Մյուս ուսանողները, ովքեր որոշել են, որ չունեն համապատասխան հմտություններ և գիտելիքներ, հրաժարվել են դասընթացից իրենց ցանկությամբ։ Այսպիսով, մնացել են միայն ամենատաղանդավորները։ Որպես ավարտական ​​քննություն՝ ուսանողներին տրվել է գերմանական ռազմական հաղորդագրություն՝ գաղտնագրված «Double Dice» ծածկագրով։ Ենթադրվում է, որ դա հնարավոր չէր կոտրել։ Այնուամենայնիվ, մաթեմատիկայի երեք ուսանողներից յուրաքանչյուրը կարողացել է դա անել ինքնուրույն։ Այսպիսով, քսանյոթամյա Մարիան Ռեևսկին, քսանհինգամյա Հենրիկ Զիգալսկին և քսաներկու տարեկան Եժի Ռուժիցկին հաջողությամբ ավարտեցին դասընթացը, որից հետո նրանք հրավեր են ստացել Գաղտնագրման բյուրոյից հնարավորություն ունենալով համատեղել աշխատանքը ուսման հետ[7]։

Աշխատանք Էնիգմայի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Էնիգմա»

1931 թվականի դեկտեմբերին, համալսարանն ավարտելուց հետո, Զիգալսկին համաձայնվել է աշխատել Վարշավայի նորաստեղծ Ծածկագրման բյուրոյում։ Այնտեղ Հենրիխ Զիգալսկին, մաթեմատիկոս Եժի Ռուժիցկին և գաղտնագրող Մարիան Ռեևսկին մասնակցել են Էնիգմայի միջոցով գաղտնագրված գերմանական հաղորդագրությունների վերծանմանը[5]։ Այդ սարքավորումը, որը նման է մեծ գրամեքենայի, ուներ ստեղնաշար, որն ակտիվացնում էին երեք պտտվող ռոտորներ, որոնք պարունակում էին այբուբենի 26 տառեր։ Տարբեր սխեմաների միջով անցնող էլեկտրական հոսանքը ստեղծում էր 100 3991 791 500 գաղտնագրման սիմվոլներ[8]։

1932 թվականի դեկտեմբերին ֆրանսիական ռազմական հետախուզության սպա Գյուստավ Բերտրանը լեհ գիտնականներին հանձնել է փաստաթղթեր, որոնք մանրամասն ներկայացրել են Էնիգմայի ներքին կառուցվածքը և գործողությունը։ Այդ կերպ գիտնականները գիտելիքներ են ձեռք բերել, թե ինչպես է կառուցվել Էնիգման և 1937 թվականի վերջին նրանք կարողացել են վերծանել Էնիգմայի ուղարկած գերմանական բոլոր հաղորդագրությունները։

Միայն լեհ գաղտնագրողներին է պատկանում ամբողջ վաստակը և ամբողջ փառքը, ովքեր իրենց գիտելիքների և հաստատակամության շնորհիվ հաջողությամբ իրագործեցին այդ անհավատալի տեխնիկական սխրանքը, որն անգերազանցելի էր աշխարհի ցանկացած երկրում»։ Նրանք հաղթահարեցին դժվարությունները, որոնք գերմանացիները համարում էին «անհաղթահարելի»[9]։
- W Kozaczuk, "Enigma: How the German Machine Cipher Was Broken, and How It Was Read by the Allies in World War Two"

Ապակոդավորման արագությունը մեծացնելու և գործընթացն ավտոմատացնելու համար Հենրիխ Զիգալսկին, Եժի Ռուժիցկին և Մարիան Ռեևսկին 1938 թվականին մշակել են մի սարքավորում, որը հետագայում կոչվել է Կրիպտոլոգիական ռումբ (լեհ.՝ Bomba kryptologiczna)։ Այդ մեխանիզմը, հիմնվելով Էնիգմայի ռոտորների ամենօրյա կարգավորումների վրա, որոշել է հաղորդագրությունների վերծանման բանալին։ Վեց «ռումբեր» կարող էին օրական բանալին հաշվարկել երկու ժամում։ Զիգալսկին ռումբերին ավելացրել է իր գյուտը` հատուկ ծակոտկեն թիթեղներ, որոնք օգնել են բացահայտել բանալիները[5]։

Զիգալսկու թերթեր (պլախտաներ)

1938 թվականի աշնանը Հենրիխ Զիգալսկին հայտնագործել է ծակոտկեն թիթեղները, որոնք հայտնի են դարձել որպես Զիգալսկու թերթեր։ Դրանք նախատեսված էին որոշելու Էնիգմայի ընթացիկ բանալին։ Էնիգմայի n ռոտորների համար անհրաժեշտ էր n! թերթեր (3 ռոտորով նախնական Էնիգմայի համար պահանջվում էր 6 թերթ, այնուհետև 5 ռոտորով Էնիգմայի համար պահանջվում էր 60 թերթ)։ Զիգալսկու թերթերի մատրիցը նկարագրել է Էնիգմայի ռոտորների բոլոր հնարավոր դիրքերը։ Թերթերը ծակված էին, այդպիսով արձանագրելով, թե որ «female» զույգերը (այսպես կոչված, դեպքերը, երբ հաղորդագրության մեջ կրկնվող տառերից մեկը ծածկագրված էր նույնական տառերով) օգտագործված Էնիգմայի ծածկագրում հնարավոր էր ռոտորների որոշակի դիրքերում։ Թերթիկները դրվել են միմյանց վրա և տեղափոխվել տվյալ ծրագրին համապատասխան։ Թերթերի որոշակի դիրքում տեսանելի անցքերի թիվը պակասել է և մնացել է միայն մեկ անցք, որը համապատասխանել է ռոտորների ճիշտ դիրքին[10]։ Թերթերի արտադրությունը շատ բարդ գործընթաց է եղել, քանի որ անվտանգության նկատառումներից ելնելով թերթերը ստեղծվել են ձեռքով՝ օգտագործելով ածելիներ[5]։ Զիգալսկու և նրա գործընկերների մշակումները հզոր խթան են հանդիսացել անգլիացի կրիպտովերլուծաբանների աշխատանքի համար։ Հայտնի է, որ բրիտանացիները «Զիգալսկու թերթերից» պատրաստել են առնվազն երկու օրինակ։

Պատերազմի ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի հուլիսին Լեհաստանը Էնիգմայի պատճենները, մշակված «Կրիպտոլոգիական ռումբերը» և Էնիգմայի վերաբերյալ ստացված ողջ տեղեկատվությունը փոխանցել է Բրիտանիային և Ֆրանսիային։ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին գերմանական զորքերը ներխուժել են Լեհաստան։ Զիգալսկին, Ռեևսկին և Ռուժիցկին տարհանվել են Ռումինիա։ Մինչ տարհանումը գիտնականները ոչնչացրել են Էնիգմայի վրա կատարված աշխատանքների բոլոր ապացույցները։ Ռումինիայից նրանք տեղափոխվել են Հարավսլավիա, իսկ հետո Իտալիայով Ֆրանսիա, որտեղ մաթեմատիկոսները միացել են PC Bruno լեհ-ֆրանսիական հատուկ հետախուզական խմբին[11], որը բացառապես զբաղվել է գերմանական հաղորդագրությունների վերծանմամբ։ Հոկտեմբերի վերջին նրանք կոտրել են Էնիգմայի կոդի նորագույն տարբերակները և մշակել են բարելավված տարբերակը։ Ֆրանսիայում գտնվելու ժամանակ նրանք վերծանել են ավելի քան ինը հազար հաղորդագրություն՝ կոտրելով Էնիգմայի յուրաքանչյուր հինգերորդ ծածկագիրը և հսկայական օգնություն ցուցաբերել զինվորականներին։ Այսպիսով, լեհ մաթեմատիկոսների շնորհիվ հազարավոր կյանքեր են փրկվել Հյուսիսային Աֆրիկայում և Նորմանդիայում, կանխվել է օդային հարձակումը Լոնդոնի վրա 1940 թվականի սեպտեմբերին, վերահսկվել են ռազմական գործողությունները Ալբանիայում, Հարավսլավիայում և Ֆրանսիայում, և մաթեմատիկոսները Հիտլերի գաղտնալսված հրամանները փոխանցել են դաշնակիցներին դրանք գերմանացի գեներալների կողմից ընդունելուց առաջ։ 1940 թվականի հուլիսին, Ֆրանսիայի կապիտուլացիայի ժամանակ, PC Bruno-ի բոլոր աշխատակիցները տարհանվել են[8][11]։ Հունիսի 23-ին Զիգալսկին մեկնել է Ալժիր, այնուհետև վերադարձել Ֆրանսիա, որտեղ շարունակել է աշխատանքը Էնիգմայի վրա՝ Յուզեսում գտնվող Cadix կենտրոնում։ 1942 թվականի նոյեմբերին, կենտրոնի լուծարումից հետո, Զիգալսկին և իր գործընկերները կրկին մասնակցել են տարհանումների շարքին, ինչի արդյունքում նրանք հայտնվել են Իսպանիայում, որտեղ կալանավորվել են և մինչև մայիս մնացել կալանքի տակ։ 1943 թվականի մայիսի 4-ին Զիգալսկին ազատ է արձակվել։ Նա մեկնել է Մադրիդ, հետո Պորտուգալիա, ապա Ջիբրալթարով Անգլիա։ Անգլիայում Զիգալսկին մինչև պատերազմի ավարտն աշխատել է «Operation Squad» կազմակերպությունում՝ ՍՍ-ի և ՍԴ-ի կոդավորված հաղորդագրությունների վրա։ Նա երբեք չի վերադարձել աշխատելու Էնիգմայում[8]։

Պատերազմից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին վտարանդի լեհական կառավարությունը ստեղծեց բարձրագույն տեխնիկական կրթության հանձնաժողով, որտեղ սկսեց աշխատել Հենրիխ Զիգալսկին։ Հանձնաժողովի նպատակն էր պատրաստել գիտնականներ և ինժեներներ՝ պատերազմի ավարտից հետո Լեհաստանի վերակառուցումն իրականացնելու համար։ Սակայն իրականում գիտնականների մեծ մասը մնացին Մեծ Բրիտանիայում, իսկ բարձրագույն տեխնիկական կրթության հանձնաժողովը 1947 թվականին վերածվեց Լեհաստանի համալսարանական քոլեջի։ Այնտեղ ուսուցումն անցկացվում էր երկու լեզուներով՝ լեհերեն և անգլերեն։ Միևնույն ժամանակ, քոլեջը պահպանեց լեհական կրթության առանձնահատկությունները՝ այն ակնկալիքով, որ ուսանողներն ավարտելուց հետո կընդունվեն Լոնդոնի համալսարաններ։ Հենրիխ Զիգալսկին մաթեմատիկա էր դասավանդել այդ քոլեջում հիմնադրման օրվանից։ Հետագայում նա միացել էր Բաթերսինի պոլիտեխնիկական ինստիտուտի անձնակազմին, սակայն երկար ժամանակ չէր դասավանդել այնտեղ, քանի որ 1968 թվականին կաթված էր ստացել[3]։ Զիգալսկին մահացել է 1978 թվականի օգոստոսի 30-ին Լիսեում և թաղվել Լոնդոնում։

Կրիպտոլոգների հուշարձանը Պոզնանում

Հիշատակ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշատախտակ Բլեթչլի պարկում` ի պատիվ լեհ ծածկագրեր վերծանողների, Բլեթչլի, Անգլիա
  • Հենրիկ Զիգալսկին պատվավոր դոկտորի կոչում է ստացել honoris causa (լատ. Honoris Causa - «հանուն պատվի»)[12] Վտարանդի Լեհական համալսարանից (անգլ.՝ Polish University in Exile) (1977 թվական)։
  • 1983 թվականին Լեհաստանում թողարկվել է նամականիշ՝ ի պատիվ Ռուժիցկու, Զիգալսկու և Ռեևսկու[13][14]։
  • 2002 թվականի փետրվարի 14-ին Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին Զիգալսկուն, Ռուժիցկուն և Ռեևսկուն պարգևատրել է Լեհաստանի Վերածննդի շքանշանի Մեծ Խաչով՝ ի նշան «Լեհաստանի Հանրապետությանը մատուցած հսկայական ծառայությունների ճանաչման» (հետմահու))[15]։
  • 2002 թվականին որոշվել է հուշարձան կանգնեցնել Պոզնանում՝ ի պատիվ Էնիգմա ծածկագրերի կոտրման։ Հաղթող էր ճանաչվել Գրազինա Բիելսկա-Կոզակևիչի և Մարիուշ Քշիշտոֆ Կոզակևիչի նախագիծը։ Նրանց աշխատանքը պրիզմա էր։ Նրա կողքերը ծածկված են թվերի շարքերով, որոնց մեջ գրված են մաթեմատիկոսների անունները։ Ժյուրին այդ հուշարձանը նկարագրել է այսպես[16].
Հուշատախտակ Վարշավայի կայազորի շտաբի շենքի վրա
...իր մաքուր տեսքով այն ներկայացնում է երեք մաթեմատիկոսների փայլուն միտքը։ Ինքը՝ նկարիչը, կարծես թե նահանջ էր կատարել, թույլ տալով դիտողին խորհել երեք կրիպտոլոգների զուտ ինտելեկտուալ նվաճումների մասին
- M Grajek, "Monument in Memoriam of Marian Rejewski, Jerzy Rózycki and Henryk Zygalski Unveiled in Poznań
  • 2002 թվականին Բլեթչլի պարկում բացվել է նաև հուշատախտակ՝ ի պատիվ երեք լեհ մաթեմատիկոսների։
  • 2014 թվականին Հենրիկ Զիգալսկու եղբորորդին Բլեթչլի պարկում խոսել է նրա ձեռքբերումների մասին. «Իմ կյանքի ամենամեծ ափսոսանքներից մեկը նրա գործով բավարար չափով չհետաքրքրվելն է այն տարիքում, երբ ես կարող էի հարցնել նրան այդ մասին, քանի որ նա ինքը ինքնաբերաբար երբեք չի ասել այդ մասին։ 60 տարեկանում նա կաթված էր ստացել և հաջորդ տասը տարիների ընթացքում, մինչև իր մահը, նա ավելի ու ավելի քիչ էր կարողանում շփվել, ուստի ես կորցրեցի արժեքավոր հնարավորությունը՝ ավելին իմանալու նրա արածի մասին»[5]։
  • 2002 թվականի սեպտեմբերի 18-ին երեք մաթեմատիկոսների հուշատախտակ է բացվել նաև Վարշավայի Մարշալ Յոզեֆ Պիլսուդսկու հրապարակում գտնվող Վարշավայի կայազորի շտաբի շենքի վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  3. Find A Grave — 1996.
  4. http://isap.sejm.gov.pl/isap.nsf/DocDetails.xsp?id=WMP20000130273
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Henryk Zygalski biography». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. Jan Bury — «The Enigma—A Polish View».
  7. 7,0 7,1 S. Wesolkowski — «The Invention of Enigma and How the Polish Broke It Before the Start of WWII»
  8. 8,0 8,1 8,2 Jan Bury — «The Enigma: The Secret Weapon of World War II», Polish American Journal, 1990.
  9. W Kozaczuk, «Enigma: How the German Machine Cipher Was Broken, and How It Was Read by the Allies in World War Two»
  10. Marian Rejewski, "The Mathematical Solution of the Enigma Cipher, " Appendix E to Władysław Kozaczuk, Enigma, 1984, p. 289
  11. 11,0 11,1 Biografie znanych kryptologów (kryptografów i kryptoanalityków)
  12. Władysław Kozaczuk & Jerzy Straszak.Enigma; How the Poles Broke the Nazi Code New York 2004 wyd.Hyppocrene Books
  13. Лев Лайнер, «Погоня за „Энигмой“. Как был взломан немецкий шифр»
  14. «4293». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  15. «Monitor Polski 2000 nr 13 poz. 273». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
  16. M Grajek, «Monument in Memoriam of Marian Rejewski, Jerzy Rózycki and Henryk Zygalski Unveiled in Poznań»

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Marian Rejewski, "The Mathematical Solution of the Enigma Cipher, " Appendix E to Władysław Kozaczuk, Enigma, 1984, p. 289
  • Лев Лайнер, «Погоня за „Энигмой“. Как был взломан немецкий»
  • M. Grajek — «Monument in Memoriam of Marian Rejewski, Jerzy Rózycki and Henryk Zygalski Unveiled in Poznań», 2008.
  • Władysław Kozaczuk & Jerzy Straszak.Enigma ; How the Poles Broke the Nazi Code New York 2004 wyd.Hyppocrene Books ISBN 0-7818-0941-X
  • Słownik biograficzny techników polskich, tom 16, Federacja Stowarzyszeń Naukowo-Technicznych, Warszawa 2005.
  • Gordon Welchman, «From Polish Bomba to British Bombe: the Birth of Ultra», Intelligence and National Security, 1986.
  • Andrzej Pepłoński — «Kontrwywiad II Rzeczypospolitej (Kulisy wywiadu i kontrwywiadu)», Dom Wydawniczy Bellona Warszawa, 2002.
  • Władysław Kozaczuk — «Bitwa o Tajemnice: Służby wywiadowcze Polski i Niemiec 1918—1939», Książka i Wiedza Warszawa 1967, 1999.
  • Andrzej Misiuk — «Służby Specjalne II Rzeczypospolitej (Kulisy wywiadu i kontrwywiadu)», Dom Wydawniczy Bellona Warszawa, 1998.
  • Henryk Ćwięk — «Przeciw Abwehrze (Kulisy wywiadu i kontrwywiadu)», Dom Wydawniczy Bellona Warszawa, 2001.
  • R. A. Woytak — «The Origins of the Ultra-Secret Code in Poland», The Polish Review, 1978.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Զիգալսկի» հոդվածին։