Jump to content

Հենրիխ Շմիդտ (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիխ Շմիդտ
գերմ.՝ Heinrich Schmidt
Դիմանկար
Ծնվել էմարտի 27, 1912(1912-03-27)
ԾննդավայրԱլտենբուրգ, Սաքսեն Ալտենբուրգի Դքսություն, Գերմանական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 28, 2000(2000-11-28) (88 տարեկան)
Մահվան վայրՑելլե, Լյունեբուրգ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն,  Նացիստական Գերմանիա և  Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԿրթությունԼայպցիգի համալսարան
Մասնագիտությունռազմական բժիշկ
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական ծառայությունների համար» խաչ

Էրնստ Հենրիխ Շմիդտ (գերմ.՝ Ernst Heinrich Schmidt, մարտի 27, 1912(1912-03-27), Ալտենբուրգ, Սաքսեն Ալտենբուրգի Դքսություն, Գերմանական կայսրություն - նոյեմբերի 28, 2000(2000-11-28), Ցելլե, Լյունեբուրգ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա), գերմանացի բժշիկ և ՍՍ-ի անդամ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական համակենտրոնացման ճամբարներում գտնվող անձանց նկատմամբ իրականացրել է բժշկական փորձարկումներ։ Դատական գործընթացների մեջ ներգրավված է եղել 1947 և 1975 թվականներին՝ պատերազմական հանցագործություններին մասնակից լինելու համար։ Երկու անգամն էլ, սակայն, արդարացվել է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շմիդտը ծնվել է Գերմանիայի Ալտենբուրգ քաղաքում։ 1937 թվականին, Լայպցիգի համալսարանում բժշկություն սովորելու ժամանակ, միացել է Նացիստական կուսակցությանը (կուսակցական քարտ N 555,294) և ՍՍ-ին (No. 23,069)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից հետո Շմիդտը գործուղվել է ՍՍ-ի զորքերին ենթակա ռազմական հոսպիտալ[1]։

1941 թվականին Շմիդտը դարձել է Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարի բժիշկներից մեկը, իսկ այնուհետ՝ 1942 թվականի հունիսին Բուխենվալդից տեղափոխվել Մայդանեկ համակենտրոնացման ճամբար։ 1943 թվականի հոկտեմբերին Հենրիխ Շմիդտը եղել է Գրոս-Ռոզեն համակենտրոնացման ճամբարի ավագ բժիշկ, իսկ 1944 թվականի սեպտեմբերին նույն պաշտոնում նշանակվել Դախաու համակենտրոնացման ճամբարում։ 1945 թվականի մարտից մինչև ապրիլի սկիզբ Շմիդտը եղել է Դորա Միտելբաու համակենտրոնացման ճամբարի Բոելկե Կազերնե ենթաճամբարի բժիշկ, որը գտնվում էր Նորդհաուզենում[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում Միտելբաուից անձնակազմի և բանտարկյալների տարհանման ժամանակ, Շմիդտը 1945 թվականի ապրիլի 8-ին կամ 9-ին տեղափոխվել է Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբար[1]։

Դատախազության վկաներից մեկը՝ Վանս Մայենշայնը Դորայի դատավարության ժամանակ ցույց է տալիս համակենտրոնացման ճամբարների նախկին բժիշկ Հենրիխ Շմիդտին, 1947 թվականի սեպտեմբերի 18։

1945 թվականի ապրիլի 15-ին ազատ է արձակվել Բրիտանական բանակի զինվորների կողմից։ Շմիդտը և Ալֆրեդ Կուրցկեն 1945 թվականի հոկտեմբերի 25-ին Բելզենի դատավարության ժամանակ հանդես են եկել որպես վկաներ։ Այդ ժամանակ Բերգեն-Բելզենում տեղահանված անձանց ճամբարում աշխատել է որպես ավագ բժիշկ, որն այդ ժամանակ հիմնադրվել էր Դաշնակից ուժերի կողմից։ Ավելի ուշ, Դորայի դատավարության ընթացքում ձերբակալվել ու մեղադրվել է պատերազմական հանցագործությունների իրականացման համար։ Այդ դատավարությունն ընթանում էր 1947 թվականի օգոստոսի 7-ից դեկտեմբերի 30-ը Դախաու քաղաքում։ Շմիդտը մեղադրվում էր բանտարկյալների մահը թույլ տալու մեջ՝ հրաժարվելով նրանց տրամադրել բժշկական օգնություն։ Ազատ է արձակվել՝ բավարար ապացույցների բացակայության պատճառով[3]։

Մայդանեկ համակենտրոնացման ճամբարում պատերազմական հանցագործությունների իրականացման համար Շմիդտը դարձյալ մեղադրվել ու կանգնել է Դյուսելդորֆի շրջանային դատարանի առաջ։ Մայդանեկի երրորդ դատավարությունը, որը մեկնարկել էր 1975 թվականի նոյեմբերի 26-ին ու տևել 474 դատական նստաշրջան, Գերմանիայի պատմության ամենաերկար ու թանկարժեք դատավարությունն էր։ Բոլոր մեղադրյալները Մայդանեկում աշխատած ՍՍ-ի ներկայացուցիչներ էին։ Շմիդտը մեղադրվել է առնվազն 8 սպանությանը հանցակից լինելու մեջ, որոնք սպանվել էին գազային խցիկներում։ Բավարար հանցակազմի բացակայության պատճառով՝ նա 1979 թվականի մարտի 20-ին արդարացվել է ու ազատ արձակվել 1979 թվականի ապրիլի 19-ին[4]։

1985 թվականից բնակվել է Գերմանիայի Իտցե քաղաքում[5]։ Մահացել է 2000 թվականին Ցելլեում[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Statement by Heinrich Schmidt on 25 October 1945
  2. Klee, 2007, էջ 545
  3. Robert Sigel: In the Interest of Justice: The Dachau War Crimes Trials 1945–48. (Frankfurt am Main, 1992) p. 102
  4. After Acuittals, Judges Retreat into Anteroom - Riots in the Düsseldorf Majdanek Trial, in: Hamburger Abendblatt, Issue 92, 20 April 1979, p. 2
  5. Klee, 1997, էջ 57
  6. «Hauptsturmführer Ernst Heinrich (Dr) Schmidt».

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Klee, Ernst (1997). Auschwitz, Nazi Medicine and Their Victims (3rd ed.). Frankfurt am Main: S. Fischer. ISBN 3-596-14906-1.
  • Klee, Ernst (2007). Das Personenlexikon zum Dritten Reich: Wer war was vor und nach 1945 [The Encyclopedia of Persons in the Third Reich: Who was Who Before and After 1945]. Frankfurt am Main: S. Fischer. ISBN 978-3-596-16048-8.