Հարություն Ծերունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Ծերունյան
Ծնվել էապրիլի 19, 1883(1883-04-19)
Դևելի, Կայսերիի մարզ, Թուրքիա
Մահացել էօգոստոսի 8, 1969(1969-08-08) (86 տարեկան)
Կարլսրուե, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]
Մասնագիտությունկոմպոզիտոր և խմբավար

Հարություն (Հարուն) Ծերունյան (ապրիլի 19, 1883(1883-04-19), Դևելի, Կայսերիի մարզ, Թուրքիա - օգոստոսի 8, 1969(1969-08-08), Կարլսրուե, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]), հայ կոմպոզիտոր և խմբավար, որն իր գործունեությունը ծավալել է Գերմանիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Ծերունյանը ծնվել է Կեսարիայի Էվերեկ գյուղում։ Փոքր հասակից ծնողների հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ կրթություն է ստացել Կետիկ փաշայի ազգային վարժարանում։ 1895-1896 թվականների հայկական ջարդերից հետո, ի թիվս այլ որբերի, տեղափոխվել է Գերմանիա, այնուհետև մեկնել է Շվեյցարիա, որտեղ շարունակել է ուսումը։ Ավարտելուց հետո աշխատել է որպես ուսուցիչ՝ հասնելով պրոֆեսորի աստիճանի[2]։

1918 թվականից սկսած երկար տարիներ պաշտոնավարել է Կարլսրուեում, որտեղ հաճախել է տեղի կոնսերվատորիայի կոմպոզիտորական դասընթացներին[2]։ Գերմանիայում հայտնի է եղել Հարուն Ծերունյան (գերմ.՝ Harun Dzerunian) անունով[3]։

Նա ունեցել է երաժշտական բեղուն գործունեություն։ 1922 թվականից[3], մոտ 20 տարի եղել է Կարլսրուեի լութերական եկեղեցու երգչախմբի ղեկավարը, այդ երգչախմբի համար գրել բազմաթիվ երգեր, որոնք կատարվել են տարբեր համերգներում։ Գրել է մի շարք խմբերգեր, մեներգեր, նախերգանքներ երգեհոնի համար. մշակել է նաև հայ եկեղեցական երգեր[2]։

Հայ բանաստեղծների տեքստերով հորինել է հարյուրից ավելի երգեր։ Մասնավորապես, օգտագործել է Րաֆֆու, Ալեքսանդր Ծատուրյանի, Պետրոս Դուրյանի, Ավետիք Իսահակյանի տեքստերը։ Գերմանական մամուլը հաճախ է դրվատական խոսքերով անդրադարձել նրա ստեղծագործություններին[2]։

Հարություն Ծերունյանը մահացել է 1969 թվականի օգոստոսի 8-ին Կարլսրուեում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Dzerunian, Harun (geb. 19.04.1883 in Ewerek (Kleinasien), gest. 08.08.1969 in Karlsruhe). Musiklehrer und Komponist, ab 1918 als Lehrer in Karlsruhe tätig, ab 1922 Leiter des Kirchenchors der Lutherkirche - Deutsche Digitale Bibliothek
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ստեփանյան, Գառնիկ (1981). Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով. Vol. հատոր Բ, Ժ-Մ. Երևան: Սովետական գրող. էջ 79. ISBN 5-550-00265-5.
  3. 3,0 3,1 3,2 «Dzerunian, Harun (geb. 19.04.1883 in Ewerek (Kleinasien), gest. 08.08.1969 in Karlsruhe). Musiklehrer und Komponist, ab 1918 als Lehrer in Karlsruhe tätig, ab 1922 Leiter des Kirchenchors der Lutherkirche - Deutsche Digitale Bibliothek». www.deutsche-digitale-bibliothek.de (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.