Jump to content

Հայկանուշ Մառք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոփուզյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկանուշ Մառք
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Հայկանուշ Թոփուզեան
Ծնվել էփետրվարի 14, 1885(1885-02-14) կամ 1883
ԾննդավայրAyaspaşa, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էմարտի 7, 1966(1966-03-07)
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանՇիշլիի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, հասարակական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծուհի և արձակագիր
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
ԿրթությունԷսայան վարժարան
ԱշխատավայրԾաղիկ և Արշալույս
ԱմուսինՎահան Թոշիկյան
Հայկանուշ Մառք Վիքիքաղվածքում

Հայկանուշ Մարգարի Մառք (Հայկանուշ Թոփուզյան, փետրվարի 14, 1885(1885-02-14) կամ 1883, Ayaspaşa, Օսմանյան կայսրություն - մարտի 7, 1966(1966-03-07), Ստամբուլ, Թուրքիա), հայ գրող, հասարակական գործիչ։

Մառք գրական անունը ստացել է հոր անվան առաջին վանկից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկանուշ Թոփուզյանը ծնվել է Կոստանդնուպոլսի Այազփաշա թաղամասում[1], Մարգար և Եպրաքսե Թոփուզյանների ընտանիքում։ 1898 թվականին ավարտել է Եսայան միջնակարգ վարժարանը, այնուհետև մասնավոր դասեր է առել գրաբարագետ Հակոբ Գուրգենից, միաժամանակ դասավանդել Ազգային վարժարանի գիշերօթիկ որբանոցում։ Երկար տարիներ ուսուցչություն է արել Կ. Պոլսի հայկական դպրոցներում։ Այնուհետև ութ տարի դասավանդել է Նշանթաղի Նիկողոսյան աղջկանց բարձրագույն վարժարանում։

Մառքը երիտասարդ տարիքից նվիրվում է հանրային գործունեությանը, հետաքրքրվում կանանց ազատագրման հիմնախնդիրներով։ Գրում է բանաստեղծություններ, որոնք լույս էին տեսնում «Մանզումեի էֆքյար» թերթում։ 1903 թվականին արժանանում է «Մասիս» գրական թերթի երկրորդ մրցանակին։[2] Նույն թվականին տպագրում է «Աղջկան մը հոգին» վիպակը։

1905 թվականին նշանվում է հրապարակախոս, «Մանզումեի էֆքյար» թերթի խմբագիր Վահան Թոշիկյանի հետ և նույն տարում նրա հետ սկսում է հրատարակել «Ծաղիկ» հանդեսը, որը գործում է 1905-1907թթ․։ Չնայած գործունեության կարճ տարիներին, հանդեսը մեծ դեր է խաղում հայ կանանց շարժման շրջանակներում։ Հանդեսին աշխատակցում են Կ․ Պոլսի երիտասարդ հայ կին գրողները՝ բարձրաձայնելով այնտեղ կանանց առնչվող հարցեր։

1907թ․-ին Հայկանուշ Մառքը և Վահան Թոշիկյանը ամուսնանում են և մեկնում Զմյուռնիա, որտեղ Թոշիկյանը հրավիրված էր խմբագրելու «Արշալույս» և «Արձագանք» պարբերականները։ Մառքը աշխատակցում է պարբերականներին՝ վարելով կանանց բաժինը։

1909 թվականին ամուսինները վերադառնում են Կ. Պոլիս, որտեղ Մառքը շարունակում է գրական և հրապարակախոսական գործունեությունը՝ աշխատակցելով «Մանզումե», Թեոդիկի «Ամենուն տարեցոյցը», «Լույս», «Ժամանակ», «Մեր տարեցույցը», «Շանթ» հանդեսներում, ինչպես նաև թղթակցում և արձակ ու չափածո գործերով հանդես է գալիս «Բյուրակն», «Հայաստանի կոչնակ», «Երիտասարդ հայուհի» պարբերականներում: Զապել Ասատուրը (Սիպիլը)ը, որը այս ժամանակ տարված էր աղջիկների դպրոցներ բացելու հարցերով, Մառքին հրավիրում է Ազգանվեր հայուհյաց ընկերություն՝ վարելու ընկերության ատենադպիրի պաշտոնը։ Հետագայում նույն պաշտոնը վարել է նաև Հայ կանանց, Հայ տիկնանց ընկերություններում, Ազգային հիվանդանոցի օժանդակ հանձնախմբում և այլուր։[2]

1919-1932 թվականներին հրատարակել է «Հայ կին» կիսամսյա հանդեսը[3]։

1921 թվականին լույս է տեսել նրա «Ծուլության պահերես» արձակ բանաստեղծությունների ժողովածուն[4][5]։ 1936 թվականին աշխատակցել է ամուսնու հրատարակած «Նոր լուր» թերթին, վարել կանանց բաժինը։

1954 թվականին Կ․ Պոլսում մեծ շուքով տոնվել է Մառքի գրական գործունեության հիսնամյակը, որի առիթով հրատարակվել է նրա բանաստեղծական և հրապարակագրական գործերը՝ «Հայկանուշ Մառք. կեանքն ու գործը» խորագրով։

Հայ գրականության և հրապարակախոսության կնոջ ձայնը շնչավորող և հայ կանանց շարժումը ժողովրդականացնող նվիրյալը ապրեց մինչև խոր ծերություն[6][7]։ Կյանքի վերջին տարիներին Մառքի առողջական վիճակը վատթարացել է, և նա տեղափոխվել է Պոլսի ազգային հիվանդանոց, որտեղ վախճանվել է 1966 թվականի մարտի 7-ին։ Մառքն իր գրադարանը և բոլոր իրերը կտակել է Սուրբ Խաչի դպրեվանքին[8]։

Հայկանուշ Մառքը հավատացել է կին-տղամարդ իրավահավասարությանը։ Պնդել է, որ «կանայք պետք է աշխատեն և հասնեն իրենց տնտեսական ազատությանը»՝ հավելելով, որ «դա անելով՝ պետք չէ պատրաստ լինել կոպիտ լինելու, ոչնչացնելու»։ Ըստ նրա՝ «սերը մտքում է»։ Նա մատնանշել է, որ «կրթական համակարգը պատրաստված է տղամարդկանց տեսանկյունից» և հայտարարել է, որ «կանանց ներգրավումը ուսումնական պլանի պատրաստման փուլում խիստ անրաժեշտ է»։ Մառքն ասել է, որ «տղամարդիկ և կանայք տարբեր և հավասար են»՝ հավելելով, որ «կանայք պետք է պահանջեն իրենց տարբերությունները հանուն իրենց և մարդկության»[9]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Աղջկան մը հոգին», 1903
  • «Ծաղիկ կանանց», 1905–1907
  • «Հայ կին», Կ․ Պոլիս, 1919–1932
  • «Ծուլութեան պահերէս», 1921
  • «Կեանքը ու գործը», Ստամբուլ, 1954

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «İstanbul Kadın Müzesi - Hayganuş Mark (Markar)». www.istanbulkadinmuzesi.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  2. 1 2 «Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը. Հայկանուշ Մառք - Orer». 2022-08-12. Վերցված է 2026-08-02-ին.
  3. ↑ «Հայ­կա­նուշ ­Մառք .- ­Հայ Կնոջ Հա­սա­րա­կա­կան Զար­թօն­քին Ար­ժա­նա­ւոր Պատ­գա­մա­բե­րը | Hairenik Weekly Newspaper». hairenikweekly.com. Արխիվացված է օրիգինալից 2019-07-17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին. {{cite web}}: soft hyphen character in |title= at position 4 (օգնություն)
  4. ↑ «Zarkfoundation - Հայկանուշ Մառք». zarkfoundation.com. Արխիվացված է օրիգինալից 2024-06-28-ին. Վերցված է 2024-06-28-ին.
  5. ↑ «Հայկանուշ Մառք - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am». Արխիվացված է օրիգինալից 2017-05-18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  6. ↑ LLC, VIP Studio. «Հայկանուշ Մառք. Հայ կնոջական շարժման դրօշակիրը». arevelk.am. Արխիվացված է օրիգինալից 2019-07-16-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  7. ↑ maik1970 (2017 թ․ փետրվարի 14). «­Հայ­կա­նուշ ­Մառք 1881-1966». Azat Or. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին. {{cite web}}: soft hyphen character in |title= at position 1 (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. ↑ «Հայկանուշ Մառք - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am». socialism.am. Արխիվացված է օրիգինալից 2017-05-18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  9. ↑ Hayganuş Mark

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկանուշ Մառք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 265)։