Հայերի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայ ժողովուրդը ցուցաբերեց իր ակտիվ մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին։ Ընդհանուր առմամբ հայերից մասնակցեցին շուրջ 600 հազար մարդ[1]:

ԽՍՀՄ հայեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ից Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է 500 հազար հայ[2], ներառյալ 300 հազարը՝ Խորհրդային Հայաստանից[2] (բնակչության 22%)։ Տարբեր տվյալներով՝ զոհվեցին նրանց մոտ կեսը՝ 300 հազար կամ 33 տոկոսը՝ 200 հազարը։ Կազմավորվեցին հայկական 6 դիվիզիաներ։ 103 հայ արժանացավ հերոսի կոչման, 27-ը դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ, իսկ մեդալներով ու շքանշաններով պարգևատրվել են շուրջ 80.000 հայ։ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել է 30.000 հայ։ Հայ գեներալիտետի թիվը ԽՍՀՄ-ում կազմել է 64 մարդ (մարշալներ, գեներալներ, ծովակալներ): Նրանք պատերազմի ընթացքում ստանձնել են բարձր և շատ պատասխանատու պաշտոններ. 1-ը՝ ռազմաճակատի, 3-ը՝ բանակի, 5-ը՝ կորպուսի, 22-ը՝ դիվիզիայի, 25-ը՝ բրիգադի, 100-ը՝ զորագնդի հրամանատարներ[3]:

Այլ երկրների հայեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ից Երկրորդ աշխարհամարտին մասնակցել են 21 հազար հայ։

Եվրոպական երկրներ և նրանց գաղութներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից (այդ թվում և նրանց գաղութներից) 30 հազար հայ։

Հայերի միջոցներով տանկային շարասյունների ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվեցին «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուները։

Հայ պարտիզաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ընթացքում հայերից կազմվել են բազմաթիվ պարտիզանական խմբավորումներ պատերազմի տարբեր թատերաբեմերում։

Հայերի մասնակցության մասշտաբի գնահատում և կարևորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը պատմության ընթացքում միաժամանակ այսքան զինվոր մարտի դաշտ դուրս չեն հանել ու այսքան զոհ չեն տվել։ Հայերի համար այս պատերազմը կարևոր էր, որովհետև Թուրքիան պատրաստվում էր մտնել Հայաստան, եթե Գերմանիան հաջողության հասներ։

Պատերազմը՝ մինչև հայերի մասնակցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ճակատը 1941 թվականին՝ մինչ խորհրդա-գերմանական պատերազմը

Պատերազմին Խորհրդային Միությունը պատրաստ չէր։ Գերմանիան արագ հարձակումով անակնկալի բերեց խորհրդային զինված ուժերին ու հայտնվեց Մոսկվայի մատույցներում։ Գերմանական զորքերի «Հարավ» խմբավորումը հարձակվեց Կովկասի ուղղությամբ և լուրջ սպառնալիք ստեղծեղ ԽՍՀՄ-ի համար։ Կովկասի անկումով ոչ միայն ԽՍՀՄ-ը կկորցներ վերահսկողությունը Բաքվի նավթահանքերի նկատմամբ, որ այդ տարիներին լուրջ հարված կլիներ ԽՍՀՄ-ի բանակի սպառազինություններին, այլև գերմանացիները հնարավորություն կստանային թափանցելու Միջին Ասիա և թիկունքից շրջանցելու մարտնչող խորհրդային զորքերին։ Այսպիսով, Կովկասի ճակատամարտը ռազմավարական առումով ամենակարևոր իրադարձությունն էր պատերազմի առաջին փուլում։ Կովկասի ճակատամարտն առանձնահատուկ նշանակություն ուներ հայության համար։ Ստալինգրադի գրավումից հետո Հայաստանի սահմանների մոտ կենտրոնացած թուրքական սպառազեն 26 դիվիզիաներ պատրաստ էին հարձակվելու ԽՍՀՄ-ի վրա և մտնելու Հայաստան։

Հայկական դիվիզիաները 1941-1945 թթ. խորհրդա-գերմանական պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի տարիներին կազմավորվել են 6 հայկական դիվիզիաներ. 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան կազմավորվել է դերևս 1922 թվականին ու իր ուղին սկսել հենց 1941 թվականին՝ Անդրկովկասում գտնվող 47-րդ բանակի առաջապահ ուժերի կազմում։ 1943 թվականին վերանվանվել է 51-րդ գվարդիական դիվիզիա ու ավարտել պատերազմը 1945 թվականի Մայիսին Կուռլյանդյան թերակղզում։ 409-րդ դիվիզիան կազմավորվել է 1941 թվականին Հայաստանում։ Մարտական ուղին սկսել 1942 թվականի նոյեմբերին։ Պատերազմի ընթացքում կովկասյան լեռներից հասել է Չեխոսլովակիա ու Ավստրիա։ 408-րդ դիվիզիան կազմավորվել է 1941 թվականի օգոստոսին։ Մինչև 1942 թվականի սեպտեմբերը եղել է հայ-թուրքական սահմանում, որպեսզի պաշտպանի Հայաստանը հնարավոր թուրքական ներխուժումից։ Հետո սկսում է իր ուղին Նովոռոսիյսկի շրջանում։ 1942 թվականի նոյեմբերին դիվիզիան վերակազվել է հետևակային բրիգադի։ 89-րդ Թամանյանի դիվիզիան կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերին, պատերազմին մասնակցել 1942 թվականի օգոստոսից։ Կովկասյան ճակատից հասել է Բեռլին։ Պատերազմից հետո տեղակայված էր եղել Հայաստանում (Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի պատճառով)։ Լուծարվել է 1959 թվականին (ԽՍՀՄ-Թուրքիա հարաբերությունների բարելավման պատճառով)։ 390-րդ հրաձգային դիվիզիան ստեղծվել է 1942 թվականի հունվարին Կերչ թերակղզում։ Մասնակցել են Ղրիմի պաշտպանությանը իսկ հետո մի մասը տեղափոխվել է Սևաստոպոլ։ 261-րդ դիվիզիան ստեղծվել է 1942 թվականի հունվարին։ Մարտական գործողություններին չի մասնակցել, բայց պահել է ռազմական կարևորություն ունեցող հայ-թուրքական սահմանը։ Այդ օրերին Թուրքիան սահմանին կենտրոնացրել էր 26 դիվիզիա և սպասում էր հարմար պահի՝ Հայաստան մտնելու համար։

76-րդ դիվիզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

76-րդ դիվիզիան պատերազմի ընթացքում անցել է 7000 կմ ուղի, ազատագրել է 600 բնակավայր, իսկ 21 հոգի արժանացավ հերոսի կոչման։ Աչքի է ընկել Ստալինգրադում։ Այդտեղ վճռական դեր խաղաց գերմանական 330 հազարանոց զորքի (22 դիվիզիա) շրջափակմանը։ Այդ հաղթանակից հետո վերանվանվեց 51-րդ գվարդիական դիվիզիա։ Մասնակցել է Կուրսկի ճակատամարտին ու Մերձբալտյան երկրների ազատագրմանը։ Դիվիզիան աչքի ընկավ Վիտեբսկի մոտ գերմանական խմբավորման շրջափակմամբ ու ոչնչացմամբ։ Այս պատճառով արժանացավ «Վիտեբսկյան» պատվանվանը։ Ռազմերդը ավարտեց Կուռլյանդյան թերակղզում թշնամու խմբավորման շրջափակմամբ ու ոչնչացմամբ։

89-րդ և 409-րդ հրաձգային դիվիզիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

89-րդ դիվիզիա

89-րդ դիվիզիայի կազմի մեջ էին մտնում 390-րդ, 400-րդ և 526-րդ հրաձգային գնդերը, 531-րդ հրետանային գունդը, 159-րդ առանձին, 167-րդ առանձին ավիահրետանային և 154-րդ առանձին կործանիչ-հակատանկային, 170-րդ առանձին զենիթահրթիրային մարտկոցը, 476-րդ առանձին կապի, 280-րդ առանձին սակրավորային և 197-րդ բժշկասանիտարական գումարտակները, 219-րդ առանձին մոտոհրաձգային ու 550-րդ առանձին քիմիական պաշտպանության վաշտերը ու այլ փոքր ստորաբաժանումներ։ Այս դիվիզիան ճակատ է մեկնում 9-րդ բանակի կազմում 1942 թվականի օգոստոսին։ Պաշտպանության է անցնում Գրոզնու մատույցներում։ Սեպտեմբերին սկսում է իր ուղին։ Աչքի է ընկնում Կովկասի ճակատում տված մարտերում։ Հետագայում լինում է 58-րդ բանակի կազմում։ 409-րդ դիվիզիան մասնակցում է Կովկասում գտնվող Արմավիր քաղաքի ազատագրմանը, իսկ հետո շարժվում Կրասնոդար։ 1943 թվականի Նոյեմբերին անցան Դնեպր գետը։ Այսպիսով այս երկու դիվիզիաները անցան 800 կմ ճանապարհ ընդամենը 2 ամսում՝ ազատագրելով ավելի քան 30 քաղաք ու հարյուրավոր բնակավայրեր։

Հայ գեներալները Մեծ Հայրենական պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս. Խուդյակով

Խորհրդային բանակի կազմում պատերազմին մասնակցեցին շուրջ 60 հայ գեներալներ։ Հովհաննես Բաղրամյանը ստացել էր բանակի գեներալ կոչումը, Հովհաննես Իսակովը՝ Նավատորմի ծովակալ կոչումը։ Սերգեյ Խուդյակովը ստացել է ավիացիայի մարշալ կոչումը։

Մերձբալթյան ճակատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենինգրադի պաշարումը հաղթահարելուց հետո Խորհրդային բանակը անցավ Մերձբալթյան երկրների ազատագրմանը։ Այդ ճակատում կար 700 հազար Խորհրդային բանակի զինվոր։ Նրանք մտնում էին Լենինգրադյան, 1-ին, 2-րդ, 3-րդ Մերձբալթյան ու 3-րդ Բելառուսական զորքերը։ Ճակատի լայնությունը 1000 կմ էր, իսկ հաջողության հասնելու համար պետք էր անցնել 300 կմ։ Հովհաննես Բաղրամյանը գլխավորում էր 1-ին Մերձբալթյան բանակը։ 1944 թվականի Սեպտեմբերի 14-ից 22-ը Հ. Բաղրամյանը ազատագրեց Ռիգան (Լատվիայի մայրաքաղաքը)։ Հոկտեմբերին ազատագրեց Մերմելին։ Հոկտեմբերի 5-ից 12-ը ազատագրվեց ավելի քան 3100 բնակավայր։

Համազասպ Բաբաջանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրանիայի ազատագրման ժամանակ՝ Համազասպ Բաբաջանյանը գլխավորում էր 1-ին տանկային բանակի 20-րդ մեքենայացված բրիգադաը։ Մասնակցել է Դնեստրի գետանցմանը, Վիսլա-Օդերյան հարձակողական գործողությանը, Մեզերտիցի գրավմանը և նշանավոր Բեռլինի գրավմանը։ Բեռլինում Բաբաջանյանի գլխավորած կորպուսը ոչնչացրեց 8500 զինվոր, 100 տանկ, 300 հրանոթ։ Բաբաջանյանի նախասիրած մարտավարությունն էր՝ պահպանել հարձակման արագությունը, խոր զորաշարժեր կատարել ռազմաճակատի երկայնքով՝ համակցված առաջխաղացման հետ։

Ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակով (Արմենակ Խանփերյան)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի ճակատամարտի առաջին փուլում Սերգեյ Խուդյակովին տալիս են գեներալ-մայոր կոչումը, իսկ երկրորդ փուլում նա արդեն ռազմաճակատի ՌՕՈւ հրամանատարն էր։ Իր շնորհիվ նախաձեռնությամբ բանակի օդային ուժերը առանձնացան ցամաքային ուժերից ու կազմեցին առանձին հավաքական ուժ։ Պարգևատրվել է Սուվորովի 2-րդ աստիճանի շքանշանով։ Սուվորովի շքանշանները տրվում էին բացառիկ ունակություն ունեցող անձանց։

Նելսոն Ստեփանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայոր Նելսոն Ստեփանյանը 1944 թվականի մայիսի 12-ին նշանակվում է 47-րդ գրոհիչ ավիագնդի հրամանատար։ Մասնակցել է Ղրիմի երկնքի մարտերին։ Ղրիմի ազատագրումից հետո, 1944 թվականի մայիսին, Ստեփանյանն իր 47-րդ գրոհային ավիագնդի հետ վերադառնում է Բալթյան ռազմաճակատ, մասնակցում է Ֆիննական ծոցի մարտերին։ 1944 թվականի դեկտեմբերի 14-ին իրականացնում է իր վերջին թռիչքը։ Այդ օրը նրա ծրագրած օպերացիան ավարտվում է հաջողությամբ, բայց նա զոհվում է։ Բալթիկայի արծիվ Նելսոն Ստեփանյանը ԽՍՀՄ-ի կրկնակի հերոսներից է։ Նա կատարել է 259 մարտական թռիչք։ Անձամբ խորտակել է 13 նավ, ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ, 105 հրանոթ ու ավելի քան 5000 զինվոր։

Տես Նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դոկտոր Կլիմենտ Հարությունյան, Հայ ժողովրդի մասնակցությունը ԽՍՀՄ Հայրենական մեծ պատերազմին (1941-1945 թթ.): Երևան, 2002 թ., էջ 126:
  2. 2,0 2,1 Դոկտոր Կլիմենտ Հարությունյան, Հայ ժողովրդի մասնակցությունը ԽՍՀՄ Հայրենական մեծ պատերազմին (1941-1945 թթ.): Երևան, 2002 թ., էջ 126:
  3. Դոկտոր Կլիմենտ Հարությունյան, Հայ ժողովրդի մասնակցությունը ԽՍՀՄ Հայրենական մեծ պատերազմին (1941-1945 թթ.): Երևան, 2002 թ., էջ 128:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեր Հաղթանակները Հատոր 4, 2012 թվական, Երևան Նորավանք, 400 էջ