76-րդ Հայկական լեռնահրաձգային դիվիզիա
76-րդ Հայկական լեռնահրաձգային դիվիզիա | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | դիվիզիա և հրաձգային դիվիզիա |
Զորքերի տեսակ | հետևազոր |
Երկիր | ԽՍՀՄ |
Ստեղծվեց | 1922 |
Ճակատամարտեր | Հայրենական մեծ պատերազմ |
Լուծարվեց | դեկտեմբերի 9, 1941 |
Հաջորդ | 76-րդ հրաձգային դիվիզիա |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | Անդրանիկ Մելիք-Շահնազարյան Հ. Օ. Աթոյան Կ. Ի. Դորյունովը Գ. Դ. Վորոնին Ն. Տ. Թավարքիլաձե Ն. Ի. Կալաձե Մ. վ. Չերնիկով Ի. Ֆ. Պրյախին |
76-րդ Հայկական լեռնահրաձգային դիվիզիա, կազմավորվել է 1922 թվականի սեպտեմբերի 5 թվականին՝ հայկական հավաքական բրիգադի հիման վրա, Հայաստանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտական և քաղաքական ուսուցումը տարվում էր մայրենի լեզվով։ Դիվիզիայի հրամանատարներն են եղել Անդրեյ Մելիք-Շահնազարովը (Մելիք-Շահնազարյան), Հ. Օ. Աթոյանը, Հայրենական մեծ պատերազմի, 1941-1945 տարիներին՝ գեներալ-մայոր Կ. Ի. Դորյունովը, գնդապետ Գ. Դ. Վորոնինը, գեներալ-մայորներ Ն. Տ. Թավարքիլաձեն, Ն. Ի. Կալաձեն, Մ. վ. Չերնիկովը, Ի. Ֆ. Պրյախինը։ Հրատարակել է հայերեն «Կարմիր զինվոր» թերթը, «Կարմիր մարտիկ» հանդեսը և այլն, պատերազմի տարիներին՝ «Վորոշիլովեց» («Ворошиловец») ռուսերեն թերթը (հրահանգիչ՝ գրող Հ. Քոչար)։ 1935 թվականից դիվիզիան կոչվել է Կլիմենտ Վորոշիլովի անվան, 1937 թվականին պարգևատրվել Կարմիր դրոշի շքանշանով։ 1938 թվականի մարտին դիվիզիան համալրվեց այլազգի ռազմիկներով, բայց մնաց Հայաստանում, պահպանվեցին դրոշը, համարը, ավանդույթները։
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականի օգոստոսին Անդրկովկասյան ռազմաճակատի 47-րդ բանակի ավանգարդում դիվիզիան անցավ Արաքսը և շարժվեց Ջուլֆա-Մարանդ-Թավրիզ ուղղությամբ։ 1941-ի սեպտեմբերին փոխադրվեց Ուկրաինա և 38-րդ բանակի կազմում մարտերի մեջ մտավ Պոլտավա-Խարկով-Վոլչանսկ շրջանում։ 1942 թվականի փետրվարին մտավ Հարավ-արևմտյան ռազմաճակատի 21-րդ բանակի կազմի մեջ։ 1942 թվականի մայիսին դիվիզիան հարձակման անցավ Բելգորոդից հարավ՝ Բեզլյուդովկա-Տավլոժանկա ուղղությամբ, գետանցեց Հյուսիսային Դոնեցը, արյունահեղ մարտերով գրավեց Գրաֆովկա, Նեխոտևկա, Շամինո և Արխանգելսկոյե բնակավայրերը։ 1942 թվականի հունիսին փակելով Հարավ-արևմտյան ռազմաճակատի 21-րդ և 38-րդ բանակների միջև առաջացած ճեղքվածքը՝ թշնամուն կանգնեցրեց Սուրկովո, Տամ, Պեսյանոյե բնակավայրերի շրջանում։ 1942 թվականի հուլիսին փոխադրվեց Ստալինգրադյան ռազմաճակատ։ 1942 թվականի հոկտեմբերին անցավ Դոնը, ճեղքեց հակառակորդի պաշտպանությունը և գրավեց Կլետսկայա երկաթուղային հանգույցը, որի համար արժանացավ գվարդիական կոչման (նոյեմբերի 23, 1942) և այնուհետև կոչվեց 51-րդ գվարդիական դիվիզիա։ 1943 թվականի ձմռանը դիվիզիան մասնակցեց Ստալինգրադում ֆաշիստական բանակների խմբավորման շրջափակմանն ու ոչնչացմանը, որի համար պարգևատրվեց Լենինի շքանշանով (հունիսի 19, 1943)։ 1943-ի ամռանը մասնակցեց Կուրսկի ճակատամարտին՝ Բելգորոդ-Բոգոդուխովոյի շրջանում։ 1944-1945 թվականին դիվիզիան I Մերձբալթյան ռազմաճակատի զորքերի կազմում կռվեց Բելառուսի, Լատվիայի և Լիտվայի ազատագրման համար։ Վիտեբսկ-Պոլոցկի շրջանում հակառակորդի խմբավորման շրջափակման և ջախջախման համար ստացավ «վիտեբսկյան», իսկ 93-րդ հրաձգային գունդը՝ «Պոլոցկյան» պատվանունը (հուլիսի 10, 1944)։ Գնդացրորդ Ա. Սարգսյանին ետմահու շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում։ Դիվիզիայի մարտական ուղին ավարտվեց 1945 թվականի մայիսին՝ Կուռլանդական թերակղզում շրջափակված հակառակորդի խմբավորման ջախջախումով։ Դիվիզիան անցել է մոտ 7000 կմ, ազատագրել 600 բնակավայր, 21 ռազմիկներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 174)։ |