409-րդ Հայկական հրաձգային դիվիզիա
409-րդ Հայկական հրաձգային դիվիզիա | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | հրաձգային դիվիզիա |
Զորքերի տեսակ | ցամաքային զորքեր |
Երկիր | ԽՍՀՄ |
Մտնում է | Transcaucasian Front? |
Ստեղծվեց | հուլիս 1941 և օգոստոսի 19, 1941 |
Ճակատամարտեր | Ցասսի-Քիշնևյան օպերացիա և Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Լուծարվեց | 1945 և մայիսի 1, 1945 |
409-րդ Հայկական հրաձգային դիվիզիա, կազմավորվել է 1941 թվականի հուլիս-օգոստոսին՝ Հայաստանում։ Հրամանատար՝ գնդապետ Ա. Վասիլյան։
1942 թվականի փետրվարին վերակազմվեց զուտ հայկականի։ Հրատարակում էր «Մարտական դրոշով» հայերեն թերթը։ 1942 թվականի մայիսին դիվիզիան Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահությունից ստացավ մարտական դրոշներ, նոյեմբերին մեկնեց Հյուսիսային Կովկաս, մարտերի մեջ մտավ Մոզդոկի շրջանում։ 1943 թվականի հունվար-ապրիլին հարձակողական մարտերով անցավ մոտ 800 կմ, մասնակցեց Մոզդոկի, Գեորգիևսկի, Միներալնիե վոդիի և այլ բնակավայրերի ազատագրմանը։ Ամրանալով Միլերովո քաղաքում՝ օգոստոսից մասնակցեց Ձախափնյա Ուկրաինայի համար մղված մարտերին, գործուն դեր խաղաց Խսրկովի, Զմիևի, Դնեպրոպետրովսկի, Դնեպրոձերժինսկի ազատագրման և Դնեպրի գետանցման ժամանակ։ 1944 թվականի հունվարին Կիրովոգրադի մատույցներում շրջանցեց թշնամուն և թիկունքային գրոհով ազատագրեց քաղաքը, որի համար արժանացավ «Կիրովոգրադյան» պատվանվանը։ 1944 թվականի օգոստոս-սեպտեմբերին դիվիզիան II և III Ուկրաինական ռազմաճակատների զորքերի շարքերում մասնակցեց Ցասսի-Քիշնևյան օպերացիային, Մոլդավիայի և Ռումինիայի ազատագրմանը, 1944 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին՝ Դեբրեցենյան և Բուդապեշտյան օպերացիաներին. հայ ռազմիկները հատկապես աչքի ընկան Տիսսա գետի ափերին մղած մարտերում՝ Խատվանի և Բուդապեշտի գրոհների ժամանակ։ 1945 թվականին 409-րդ դիվիզիան մասնակցեց Չեխոսլովակիայի և Ավստրիայի ազատագրմանը։ Բրատիսլավայի գրավման համար արժանացավ «Բրատիսլավյան» պատվանվանը, պարգևատրվեց Բոգդան Խմելնիցկու շքանշանով։ Դիվիզիան իր մարտական ուղին ավարտեց Պրահայի մատույցներում։ Դիվիզիայի 1 700 ռազմիկներ պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 174)։ |