Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո աստիճաններ և պարգևատրումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանյայց առաքելական եկեղեցու պատվո աստիճաններ և պարգևատրումներ, վաստակաշատ հոգևորականներին և նշանակալից ծառայություններ մատուցած աշխարհականներին շնորհվող պատվավոր պարգևներ։

Պատվո աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավագություն, տրվում է վաստակաշատ ամուսնացյալ քահանաներին (ավագ քահանա)։
  • Արքություն, տրվում է վաստակաշատ եպիսկոպոսներին (արքեպիսկոպոս)։ Արք կամ արհի նշանակում է մեծ։ Այն եպիսկոպոսը, որն իր վարչական իրավասության ներքո ունի մեկ կամ ավելի եպիսկոպոս, կոչվում է մեծ եպիսկոպոս, այսինքն՝ արքեպիսկոպոս։ Հայ եկեղեցում արքեպիսկոպոսը նվիրապետական աստիճան չէ, այլ՝ տիտղոս և պատիվ, որ շնորհվում է կաթողիկոսական կոնդակով։ Արքեպիսկոպոսը և պատրիարքը ձեռնադրությամբ և օծումով եպիսկոպոսներ են։ Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքներն արքեպիսկոպոսներ են ի պաշտոնե։

Պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
  • Խաչակրություն, լանջախաչ կրելու իրավունք. տրվում է թե՛ ամուսնացյալ քահանաներին (պղնձե արծաթաջուր կամ ոսկեզօծ) և թե՛ վարդապետներին (արծաթե ոսկեզօծ, ակնակուռ)։
  • Ծաղկյա սև փիլոն, տրվում է վաստակ ունեցող ամուսնացյալ քահանաներին և վարդապետներին։
  • Ծաղկյա մանուշակագույն փիլոն, տրվում է ծայրագույն վարդապետներին և բացառիկ դեպքերում՝ ամուսնացյալ քահանաներին։
  • Շքանշաններ, ներկայումս Հայ եկեղեցին ունի երեք շքանշան՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» և «Սուրբ Ներսես Շնորհալի»։ Սկզբնական շրջանում Հայ եկեղեցին ունեցել է միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը, որ շնորհվել է առաջին և երկրորդ կարգերով։ Սահմանվել է 1911 թվականին, Գևորգ Ե Սուրենյանցի կողմից. պատրաստվել է արծաթից, եղել ոսկեջրած և տեղ-տեղ էմալով պատած, շքանշանների երկու եզրերին՝ «Գ. Ե» (Գևորգ Ե) տառերը։ Եղել է երկու տեսակ՝ հոգևորականներին և աշխարհականներին շնորհվող։ Ունեցել է կաթողիկոսական պատվանշաններ՝ կաթողիկոսական թագ (կարմրագույն էմալով պատած, կենտրոնում էմալե սպիտակ փոքր խաչ՝ ոսկե շրջանակով), կաթողիկոսական խաչ և ոսկե գավազան, եմիփորոնª կապտագույն էմալով պատած։ Աշխարհականներին տրվող շքանշանն ավելի փոքր էր՝ վերցված ոսկե փոքր դափնեպսակի մեջ, իսկ հոգևորականներինը՝ առանց դափնեպսակի։ Երկու շքանշաններն էլ երկու կարգի էին՝ 1 և 2։
  1. կարգինը ադամանդազարդ էր, հատկապես թագը՝ մանր ադամանդներով զարդարուն։ Շքանշանը մինչև խորհրդային իշխանության հաստատումը որպես պատվո նշան տրվել է թե՛ Ռուսաստանում և թե՛ արտասահմանում ապրող ազգայիններին, իսկ խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ միայն սփյուռքահայերին։ 1946 թվականին Գևորգ Զ Չորեքչյանը Փարիզում պատրաստել է տվել աշխարհականներին տրվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» I-ին կարգի երկու շքանշան՝ եզրերի տառերը դարձնելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»)։ Երկկարգ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը շնորհվել է մինչև 1961 թվականը, որից հետո Վազգեն Ա Պալճյանը նախաձեռնել է շքանշանի նորացված տարբերակի պատրաստման գործը, սահմանել ևս երկուսը։ 1978 թվականի նոյեմբերին Գերագույն հոգևոր խորհուրդը հաստատել է Վազգեն Ա Պալճյանի առաջարկը՝ Հայոց հայրապետության կողմից շնորհվելիք բարձրագույն պարգևների մասին։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի չափերն են 50x40 մմ։ Շքանշանի ներքնամասի կենտրոնում Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի քանդակն է՝ Արարատի ֆոնի վրա։ Վերևի մասում հայրապետական պատվանշաններն են՝ թագ, գավազան և խաչ։ Շքանշանը աջ և ձախ կողմերից երիզված է դափնու տերևներով։ Շնորհվում է հանուն Հայաստանյայց առաքելական եկեղեցու և Մայր աթոռ Ս. Էջմիածնի՝ ի նշանավորումն մեծ բարերարությունների, որոնք մատուցվում են հայ ժողովրդին և Հայաստանյայց առաքելական եկեղեցուն։ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի չափերն են 50x42 մմ։ Կենտրոնում Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի քանդակն է՝ Արարատի ֆոնի վրա։ Աջ և ձախ կողմերում կանգնած են «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» ձեռքերին Աստվածաշունչը, որի երկու երեսներին քանդակված են հայոց այբուբենի Ա և Բ տառերը։ Շքանշանը երիզված է բոլորաձև զարդամոտիվներով և ներքևում ունի «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մակագրությունը։ Շնորհվում է հանուն Հայաստանյայց առաքելական եկեղեցու և Մայր աթոռ Ս. Էջմիածնի՝ Հայ եկեղեցու և հայկ. մշակույթի զարգացմանը մատուցած նշանակալից ծառայությունների համար։ «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանի չափերն են 50x40 մմ։ Պատկերի կենտրոնում Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի քանդակն է՝ Արարատի ֆոնի վրա։ Վերևում աղավնակերպ Սուրբ Հոգին իր լույսի ճառագայթներն է ցոլարձակում Մայր տաճարի վրա։ Ներքևում Մայր տաճարի պատկերն իրենց վրա կրող երկու արծիվների քանդակներն են։ Շքանշանը երիզված է ոլորահյուս տերևներ պատկերող զարդամոտիվով, իսկ ներքևի ժապավենը պարունակում է«Սուրբ Ներսես Շնորհալի» մակագրությունը։ Շնորհվում է հանուն Հայաստանյայց առաքելական եկեղեցու և Մայր աթոռ Ս. Էջմիածնի՝ ի գնահատումն բազմամյա բեղմնավոր աշխատանքի, որ կատարվում է ի նպաստ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի, նվիրապետական աթոռների, Հայաստանում և սփյուռքում գործող հայկական եկեղեցիների և եկեղեցական կազմակերպությունների։ Երեք շքանշանների հեղինակներն են ճարտարապետ Արզումանյանը և ոսկերիչ Չուլոյանը։ Պ. ա. և պ. տրվում են առանց եկեղեց. ծիս. արարողության, կաթողիկոսական կոնդակով կամ թեմակալ առաջնորդ եպիսկոպոսի գրությամբ։ Պատկերազարդումը տես ներդիր 13-րդ դարում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: