Կորուսյալ դրախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորուսյալ դրախտ
անգլ.՝ Paradise Lost
Առաջին հրատարակության կազմը (1667)
ԵնթավերնագիրA poem in ten books
ՀեղինակՋոն Միլթոն
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրԷպիկական պոեմ, Քրիստոնեական դիցաբանություն
Մասն էՑանկ արգելված գրքերի[1]
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
Կերպար(ներ)Սատանա, Ադամ, Հայր Աստված, Որդի Աստված, Ռաֆայել հրեշտակապետ, Միքայել Հրեշտակապետ, Belial?, Ազազել, Մամոնա, Մողոք, Եվա և Գաբրիել հրեշտակապետ
Ստեղծման տարեթիվ1667
ՀաջորդՎերադարձ դրախտ
ԵրկիրԱնգլիա
Հրատարակման վայրԼոնդոն
ՀրատարակիչՍեմուել Սիմոնս
Հրատարակման տարեթիվ1667
 Paradise Lost Վիքիպահեստում

Կորուսյալ դրախտ, (անգլ.՝ Paradise Lost) 17-րդ դարի անգլիացի պոետ Ջոն Միլթոնի (1608–1674) էպիկական պոեմը։ Առաջին տարբերակը հրատարակվել է 1667 թվականին և կազմված է եղել 10 գրքերից՝ շուրջ տասը հազար չափածո տողերից։ Երկրորդ տարբերակը հրատարակվել է 1674-ին, կազմված է եղել 12 գրքից (Վերգիլիոսի «Էնեականի» օրինակով), պարունակել է քիչ թվով ուղղումներ և չափածոյին ուղեկցող նշումներ[2]։ Քննադատների կարծիքով, «Կորուսյալ դրախտը» Միլթոնի ամենակարևոր աշխատանքն է, որը Միլթոնին դարձնում է իր ժամանակների մեծագույն անգլիացի բանաստեղծներից մեկը[3]։

Պոեմը վերաբերում է աստվածաշնչային Անկման պատմությանը՝ Ադամի և Եվայի գայթակղումը անկած հրեշտակ Սատանայի կողմից և նրանց արտաքսումը Եդեմի այգուց։ Առաջին գլխում բերված է Միլթոնի նպատակը, որն է՝ հիմնավորել մարդուն հասնելու Աստծո ուղիները[6]։ Միլթոնը գրել է նաև այս պոեմի շարունակությունը՝ «Վերադարձ դրախտ»։ Երկու պոեմներում էլ արտացոլված է Անգլիայի բուռն քաղաքական կյանքը և պոետի անձնական կյանքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուստավ Դորե, Դրախտ, Կորուսյալ դրախտի նկարազարդումներից, մոտ 1866 թվական

Ջոն Լեոնարդը «Կորուսյալ դրախտի» ներածականներից մեկում գրում է, որ Ջոն Միլթոնը համարյա վաթսուն տարեկան էր, երբ 1667-ին տպագրեց «Կորուսյալ դրախտը»։ Ջոն Օբրին (1626–97) պատմում է մեզ, որ պոեմը սկսվել է 1658-ին և ավարտվել 1663 թվականին։ Բայց որոշ հատվածներ համարյա հաստատ գրվել են ավելի վաղ․ այդ հատվածների արմատները հասնում են մինչև Միլթոնի մանկություն[7]։ Լեոնարդը ենթադրում է, որ Անգլիայի քաղաքացիական պատերազմն է խանգարել Միլթոնին ավելի վաղ սկսել պոեմը[7]։

Լեոնարդը նաև նշում է, որ Միլթոնը սկզբում չէր ցանկանում գրել աստվածաշնչային դյուցազներգություն[7]։ Քանի որ դյուցազներգությունները գրվում են հերոս թագավորների և թագուհիների մասին՝ հեթանոսական աստվածների մասնակցությամբ, Միլթոնը սկզբում ցանկանում էր, որ իր դյուցազներգությունը հիմնվի առասպելական սաքսոնական կամ բրիտանական թագավորների պատմությունների վրա[8][9]։

1652 թվականին, ամբողջությամբ կուրանալուց հետո Միլթոնը իր պոեմը գրում է բացառապես թելադրելով՝ քարտուղարների և ընկերների օգնությամբ։ Նա այս էպիկական պոեմը գրել է, երբ հաճախ հիվանդ է եղել, ինչպես նաև զգայական ճնշված իրավիճակում՝ նրա երկրորդ կնոջ և նորածին դստեր վաղ մահվան պատճառով[10]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուստավ Դորե, Սատանան, Ջոն Միլթոնի Կորուսյալ դրախտի կենտրոնական կերպարը, մոտ 1866 թվական

Պոեմը պատմում է Ծննդոց գրքում նկարագրված մարդկային մեղսագործության, աշխարհի արարման, անլույս խավարում գտնվող դժոխքի ձևավորման և Քաոսի մասին։ Մեծ դեր ունի անկած հրեշտակ Սատանան կամ Օձը։ Նա ըմբոստանում է Աստծո դեմ, քանի որ չի ցանկանում ծնկի իջնել Աստծո Որդու առաջ և իր հետ գաղտնի տանում է հրեշտակների մեկ երրորդը (ըմբոստ հրեշտակներ)։ Սատանան մյուս հրեշտակների դեմ սկսում է զինյալ պայքար, որն էլ մարդու մեղսագործության պատճառն է դառնում։ Պոեմում Ադամն ու Եվան մինչև մեղսագործությունը վարում են ամուսնական կյանք, բայց հետո սեռական կյանքը ձեռք է բերում այլ բնույթ․ պտուղն ուտելուց հետո Ադամն ու Եվան կրքոտ սեքս են ունենում։ Պոեմում Եվան շատ գեղեցիկ է և Ադամից անկախ։ Արգելված պտուղն ուտելուց հետո Եվան այն մեկնում է Ադամին, որը համոզվում է համտեսել հանուն իրենց սիրո, չնայած որ Ռաֆայել հրեշտակը զգուշացրել էր չուտել այն։ Հրամանը խախտելու հետևանքով Ադամն ու Եվան արտաքսվում են դրախտից և արդեն ստիպված են սնունդ հայթայթել։ Բայց Որդին խնդրում է իր Հորը, որից հետո հրեշտակն իջնում է երկիր և Ադամին ու Եվային բերում ապագայի հույսը։

Պոեմի վերջում Ադամը տեսնում է ապագա սերունդները մինչև Մեսիայի գալուստը։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուստավ Դորե, Սատանան իջնում է երկրի վրա
  • Գիրք առաջին։ Սատանան և իր հետևորդները դժոխքում քննարկում են իրենց ներկա վիճակը։ Իր հետևորդների ոգին բարձրացնելու նպատակով Սատանան հայտնում է նրանց Նոր աշխարհի արարման մասին։ Դժոխային տիրակալները (անգլ.՝ infernal Peers) հավաքվում են Սատանայի նոր ստեղծված պալատում՝ Պանդեմոնիումում (լատին․՝ Pandemonium)։ Սատանայի ամենամոտ զինակիցն անվանվում է Վեելզեվուլ։
  • Գիրք երկրորդ։ Քննարկման ժամանակ առաջարկվում են անկած հասարակության զարգացման տարբեր ուղիներ։ Որոշներն առաջարկում են նորից հարձակվել Երկնքի վրա, իսկ մի մասը խորհուրդ է տալիս շարունակել Դժոխքի կառուցումը։ Իսկ Սատանան առաջարկում է ինչ-որ մեկին ուղարկել Նոր աշխարհ։ Մյուսները որոշում են Նոր աշխարհ ուղարկեն իրենց տիրակալին։ Գեհենի դարպասապահներ՝ Մեղքն ու Մահը բացում են դարպասները, իսկ Քաոսն օգնում է հասնել անհրաժեշտ տեղը։
  • Գիրք երրորդ։ Աստված իմանում է Սատանայի մտադրության մասին, բայց կարծում է, որ ամեն ինչ լավ ավարտ կունենա։ Աստծո Որդին պատրաստ է Սատանայի փրկության հոգսն իր վրա վերցնել։ Սատանան հասնում է Արեգակին և թաքցնելով իր էությունը Արեգակի հրեշտակապետ Ուրիելից իմանում Նոր աշխարհ հասնելու ուղին։
  • Գիրք չորրորդ։ Սատանան հիանում է Դրախտի գեղեցկությամբ, բայց չնայած դրան որոշում է փչացնել Աստծո մտադրությունը։ Ուրիելը հաղորդում է Դրախտի պահապան հրեշտակապետ Միքայելին կասկածելի հյուրի մասին։ Միքայելը պահապաններ է ուղարկում, որոնք թշնամուն Եդեմի պարտեզում հայտնաբերում են դոդոշի կերպարանքով։
  • Գիրք հինգերորդ։ Եվան Ադամին պատմում է իր անհանգիստ երազների մասին։ Աստված ուղարկում է Ռաֆայել հրեշտակապետին Ադամին Երկնքում ծագած պատերազմի մասին պատմելու համար։
  • Գիրք հինգերորդ։ Ռաֆայելը շարունակում է իր պատմությունը։ Երկնքում պատերազմը տևում է երեք օր, առաջին օրը Աստծուն հավատարիմ հրեշտակները ըմբոստների դեմ առավելություն են ունենում, բայց երկրորդ օրը Սատանան սկսում է օգտագործել հրանոթներին նմանվող մեքենաներ, որոնց ոչնչացման նպատակով հրեշտակապետերը սկսում են լեռներ շպրտել։ Երրորդ օրը կռվի մեջ է մտնում Աստծո Որդին և Սատանային պարտության մատնում։ Ապստամբ հրեշտակներն արտաքսվում են Դժոխք։
  • Գիրք յոթերորդ։ Ռաֆայելի պատմության շարունակությունը։ Վեց օրվա ընթացքում Աստված արարում է Նոր աշխարհ, այդ թվում Ադամին և Եվային։
  • Գիրք ութերորդ։ Ադամը հարցնում է աշխարհի կարգի մասին, բայց պատասխան է ստանում, թե՝ դա իր գործը չէ։ Այդժամ նա սկսում է պատմել Դրախտի մասին իր հիշողությունների և Եվայի հետ հանդիպման մասին։ Ռաֆայելը մեկ անգամ էլ Ադամին հիշեցնելով պահել պատվիրանները հեռանում է։ Адам в
  • Գիրք իններորդ։ Սատանան մառախուղի կերպարանքով ներխուժում է Եդեմ, որտեղ փոխակերպվում է Օձի։ Ապա նա գտնում է Եվային և պատմում, որ արգելված պտուղը համտեսելով է նա սկսել խոսել։ Դրանից ոգևորված Եվան քիչ տատանվելուց հետո համտեսում է արգելված պտուղը։ Քանի որ պտուղը շատ համեղ էր, Եվան փոխանցում է այն Ադամին։ Վերջինս չցանկանալով բաժանվել իր կողակցից՝ համոզվում է համտեսել։ Երկուսի մոտ առաջանում են վավաշոտ ցանկություններ, որոնք ցանկանում են բավարարել։ Բայց մերձենալուց հետո մեղքի զգացում են ունենում և սկսում են վիճել։
  • Գիրք տասներորդ։ Աստված իմանում է կատարվածի մասին և ուղարկում է Որդուն՝ մարդկանց դատելու համար։ Բայց Որդին խղճահարություն է ցուցաբերում։ Սատանան Դժոխք է վերդառանում Քաոսի կառուցած կամրջի միջոցով։ Մեղքն ու Մահը ուրախությամբ ճանապարհ են բռնում դեպի երկիր։ Եվան Ադամին առաջարկում է զերծ մնալ երեխա ունենալուց, բայց Ադամը պնդում է, որ դա Աստծո մեկ այլ պատվիրանի խախտում կլինի։
  • Գիրք տասնմեկերորդ։ Որդին պատմում է Հորը մարդու մեղանչելու մասին։ Հայրը ուրախանում է, բայց ասում, որ մեղսագործ մարդիկ այլևս չեն կարող ապրել Եդեմում և ուղարկում է Միքայել հրեշտակապետին՝ մարդկանց արտաքսելու համար։ Միքայելը քնեցնում է Եվային, իսկ Ադամին ցույց է տալիս մարդկությանը սպասվող կարևոր իրադարձությունները՝ Աբելի սպանությունը Կայենի կողմից, նոր ժողովուրդների առաջացումը, հսկաների առաջացումը, որոնք սկսում են պատերազմներ, մարդկության ապագա զարգացումը, Նոյան տապանի կառուցումը, Ջրհեղեղը և քչերի փրկությունը։
  • Գիրք տասներկուերորդ։ Տեսիլքները շարունակվում են։ Բաբելոնյան աշտարակը փլուզվում է, Աբրահամի ծնունդը, Հակոբը տեղափոխվում է Եգիպտոս, Մովսեսի առաջնորդությամբ հրեաների ելքը, Դավիթ թագավորի կառավարումը, Տաճարի կառուցումն ու պղծումը, և, վերջապես, Հիսուս Քրիստոսի գալուստն ու խաչելությունը։ Հիսուսի համբարձումից հետո, Սուրբ Հոգին իջնում է երկրի վրա և հիմնում Եկեղեցին։ Բայց շատ շուտով մարդիկ նորից հեռանում են հավատքից։ Փրկիչը նորից գալիս է երկիր և վերջնականապես ոչնչացնում Սատանային։ Այս տեսիլքներից մխիթարվելով՝ Ադամն ու Եվան լքում են Եդեմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Encyclopædia Britannica
  2. «Paradise Lost: Introduction». Dartmouth College. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 26-ին.
  3. Poetry Foundation Bio on Milton
  4. John Milton. Paradise Lost, Book I, l. 26. 1667. Hosted by Dartmouth. Accessed 13 December 2013.
  5. Milton 1674, 1:26.
  6. Milton's original line read "...justifie the wayes of God to men."[4][5]
  7. 7,0 7,1 7,2 Leonard, 2000, էջ xii
  8. Leonard, 2000, էջ xiii
  9. Broadbent, 1972, էջ 54
  10. Abrahm, M.H., Stephen Greenblatt, Eds. The Norton Anthology of English Literature. New York: Norton, 2000.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորուսյալ դրախտ» հոդվածին։