Կորաբիա (ռումիներեն՝ Corabia), քաղաք Ռումինիայում՝ Վալախիա պատմական մարզի Օլտ ժուդեցում (գավառ, շրջան)։ Ընկած է Բուլղարիայի հետ Ռումինիայի պետական սահմանի մոտ, Դանուբի ափին և այդ գետի գտնվող ռումինական կարևոր նավահանգիստներից է։ Նրա համայնքապետարանի ենթակայության տակ, բուն քաղաքից բացի, գտնվում են ևս երկու բնակավայր (դրանց բնակիչների թվաքանակը տրված է 2002 թվականին անցկաված մարդահամարի տվյալներով).
Կորաբիայի մերձակայքում՝ Սելեյ գյուղի շուրջը, ընկած են դաքական և հինհռոմեական Սուկիդավա քաղաքի ու բերդի մնացորդները։ Քաղաքի մոտակայքում՝ Դանուբ գետի վրա Կոնստանտին Մեծ կայսրը կառուցել է 2437 մետր երկարությամբ կամուրջ, որ ամենաերկարն էր Եվրոպայում։ Ավարների ներխուժման ժամանակ՝ հավանաբար 7-րդ դարում, այդ կամուրջն ավերվել է։ Ավերակններում պահպանվել են նաև հռոմեական բաղնիք ու մի հին բազիլիկ։ Ըստ ավանդազրույցի՝ նոր բնակավայրը կառուցվել է ջախջախված ջենովական նավի բեկորներով. այստեղից էլ՝ Կորաբիա անվանումը, որը ռումիներենից թարգմանած՝ նշանակում է առագաստանավ։
1880-ական թվականներին Կորաբիան դարձել է աշխույժ, ծաղկուն նավահանգստային քաղաք։ Կոմունիստական վարչակարգի օրոք այստեղ զարկ է տրվել արդյունաբերությանը, շարք են մտել շաքարի, կահույքի, պլաստմասսաների, պահածոների արտադրության և այլ ձեռնարկություններ։ Սակայն վերջին շրջանում դրանց մի մասը փակվել է, մյուսները՝ թուլացել, և Կորաբիայի շատ բնակիչներ տեղափոխվել են ավելի խոշոր բնակավայրեր։