Կլիշի սու Բուա ( ֆր.՝ Clichy-sous-Bois ), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Սեն-Սեն Դենի դեպարտամենտում։ Փարիզի արվարձաններից մեկն է և ընկած է նրա կենտրոնից մոտավորապես 16 կմ դեպի հյուսիս-արևելք։ Զբաղեցնում է մոտավորապես 4 քառակուսի կիլոմետր տարածք։ 2015 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 30 082։
Միջնադարում եղել է տամպլիերների տիրապետության տակ գտնվող գյուղ, այնուհետև ծառայել է որպես արքայական որսատեղի։ 1814 թվականին Ալեքսանդր I ցարը կանգ է առել թագավորական «որսորդական տնակում»։ 1870 թվականին տարածքը մեծապես տուժել է ֆրանս-պրուսական պատերազմից։ 1912 թվականին Կլիշի սու Բուայի բնակչությունը կազմում էր 1434 մարդ։ Բնակավայրի արագ աճն սկսվել է 1955 թվականից հետո։
Հանցագործությունների մակարդակը Սեն-Սեն Դենի դեպարտամենտում և մասնավորապես Կլիշի սու Բուա քաղաքում ամենաբարձրերից է Ֆրանսիայում։ Դա, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է գործազրկության բարձր մակարդակով։ Մինչեւ 25 տարեկան երիտասարդների 20%-ից 40%-ը մշտական աշխատանք չունի։
2005 թվականի հոկտեմբերին Կլիշիում բռնկվեցին հուզումներ, որոնք վերաճեցին անկարգությունների և հետագայում տարածվեցին Փարիզի այլ շրջաններում։ Պատճառը թունիսյան և մավրիտանական ծագումով երկու դեռահասների մահն էր. նրանք, փախչելով ոստիկանությունից, թաքնվել էին տրանսֆորմատորային խցիկում և էլեկտրական հոսանքի մահացու հարվածներ ստացել։
Անկարգությունների հետևանքով տուժել են նաև մի խումբ յարոսլավցի[6] ռուս զբոսաշրջիկներ, ովքեր իջեւանել էին այդ արվարձանի էժան հյուրանոցում։ Նոյեմբերի 3-ին նրանց կողոպտել են. Բացի այդ, մի խումբ մուսուլման երիտասարդներ առևանգել, ջարդուփշուր են արել ու այրել տուրիստական խմբի ավտոբուսը[7]։