Կյուրեղ և Մեթոդիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կիրիլ և Մեֆոդիից)
Կյուրեղ և Մեթոդիոս
Կյուրեղ և Մեթոդիոս
ռուս.՝ Кирилл и Мефодий
Ծնունդ Կյուրեղ՝ 827
Մեթոդիոս՝ 815
Վախճան Կյուրեղ՝ 869, Հռոմ
Մեթոդիոս՝ 885, Մորավիա
Եկեղեցի(ներ) Ուղղափառ եկեղեցի, Հռոմի կաթոլիկ եկեղեցի, Անգլիկան եկեղեցի, Լութերական եկեղեցի

Կյուրեղ և Մեթոդիոս (ռուս.՝ Кирилл и Мефодий), սլավոնական լուսավորիչներ, քրիստոնեության քարոզիչներ, սլավոնական այբուբենի ստեղծողները, ժամագրքերը հունարենից սլավոներենի առաջին թարգմանիչները։ Կյուրեղը (մինչև 869 թվականին կուսակրոնություն ընդունելը՝ Կոստանդին), մոտ 827-869 թվականներ) և նրա ավագ եղբայր Մեթոդիոսն (մոտ 815-885 թվականները) ծնվել են Մալոնիկում (Մոլոն)։ Կյուրեղը կրթություն է ստացել Կոստանդնուպոլսում, բյուզանդական կայսր Միքայել III-ի արքունիքում։ Տիրապետել է սլավոներենին, հունարենին, լատիներենին, եբրայերենին և արաբերենին։

Սովորել է նաև Կոստանդնուպուսի Մագնավրա բարձրագույն ուսումնական հաստատությունում, որտեղ նրան դասավանդել են հայազգի գիտնականներ՝ փիլիսոփա-աստվածաբան Փոտը և անվանի մաթեմատիկոս Լևոնը։ Հրաժարվելով կայսրի առաջարկած վարչական ասպարեզից՝ դարձել է պատրիարքարանի գրադարանավար, այնուհետև դասավանդել փիլիսոփայություն։ 850-ական թվականներին եղել է Սիրիայում, որտեղ հաղթել է մուսուլմանների հետ ունեցած աստվածաբանական վեճերում։

Մեթոդիոսն վաղ հասակից ընդունվել է զինվորական ծառայության, այնուհետև մտել է վանք։ 863 թվականին բյուզանդական կայսրը Կյուրեղին և Մեթոդիոսին ուղարկել է Մորավիա՝ սլավոներեն լեզվով քրիստոնեություն քարոզելու։ Մեկնելուց առաջ Կյուրեղը ստեղծել է սլավոներեն այբուբենը և Մեթոդիոսի օգնությամբ հունարենից սլավոներենի թարգմանել մի քանի ժամագրքեր։

Կյուրեղը և Մեթոդիոսն 866 / 867 թվականին Հռոմի պապ Նիկողայոս առաջինի հրավերով մեկնելով Հռոմ՝ ճանապարհին Բլատենսյան իշխանությունում նույնպես տարածել են սլավոնական գիրն ու աստվածաբանական ծեսերը։

Հռոմում Կյուրեղը վախճանվել է։ Մեթոդիոսն եղել է Մորավիայի և Պանոնիայի արքեպիսկոպոսը։

882-884 թվականներին ապրել է Բյուզանդիայում, այնուհետև վերադարձել Մորավիա և զբաղվել Աստվածաշնչի սլավոներեն թարգմանությամբ։ Կյուրեղը և Մեթոդիոսն իրենց գործունեությամբ հիմք են դրել սլավոներեն գրին ու գրականությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png