Կենսաթոշակային հիմնադրամ
Կենսաթոշակային հիմնադրամ կամ Կենսաթոշակային ֆոնդ (անգլ.՝ Pension fund), հիմնադրամ, որը նախատեսված է ըստ տարիքի կամ հաշմանդամության թոշակների վճարման համար։ Կենսաթոշակային հիմնադրամները ստորաբաժանվում են պետական և ոչ պետական տեսակների՝ կախված կառավարող ընկերությունից։ Ֆոնդի մասնակիցները իրենց միջոցները տրամադրում են ֆոնդի կառավարչին, որը դրանք կառավարում է որպես մեկ միասնական պորտֆել՝ ներդնելով տարբեր ֆինանսական գործիքներում՝ ապահովելով շահույթ մասնակիցների համար։
Կենսաթոշակային ֆոնդը իրավաբանական անձ չէ. այն որոշակի կանոններով կառավարվող ներդրումային սխեմա է, ֆոնդի մասնակիցների կողմից կատարվող կուտակային հատկացումների, դրանց հաշվին ձեռք բերված ակտիվների և կառավարման արդյունքում ստացված եկամուտների ամբողջություն։
Ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամները սկզբնապես առաջացել են անգլո-ամերիկյան կենսաթոշակային համակարգով երկրներում (Անգլիա, ԱՄՆ, Կանադա), սակայն 20-րդ դարի վերջում նրանք լայն տարածում ստացան նաև այլ երկրներում, այդ թվում եվրոպական։ Արևմտյան Եվրոպայում ավանդաբար գերակշռում է կենսաթոշակային ապահովումը ապահովագրական ընկերությունների միջոցով[1]։
Կենսաթոշակային հիմնադրամները հանդիսանում են հրապարակային և մասնավոր ընկերությունների կարևորագույն բաժնետերեր։ Նրանք հատկապես կարևոր են արժեթղթերի շուկաների համար, որտեղ գերակշռում են խոշոր ինստիտուցիոնալ ներդրողները։ Խոշորագույն 300 կենսաթոշակային հիմնադրամները ընդհանուր առմամբ տնօրինում են 6 տրիլիոն ԱՄՆ դոլարի ակտիվներ[2]։ 2008 թվականին The Economistը հաղորդեց, որ Morgan Stanleyն գնահատում է կենսաթոշակային հիմնադրամներին պատկանող ակտիվների արժեքը 20 տրիլիոն ԱՄՆ դոլար, ինչը դարձնում է նրանց խոշորագույն ներդրողներ՝ փոխադարձ ներդրումային հիմնադրամների, ապահովագրական ընկերությունների, ոսկու արժութային պաշարների, սուվերեն հիմնադրամների, հեջ ֆոնդերի և մասնավոր ներդրումային հիմնադրամների համեմատությամբ[3]։ Աշխարհում խոշորագույն կենսաթոշակային հիմնադրամն է ճապոնական Government Pension Investment Fund (GPIF)-ը, որի ակտիվները, չնայած 2010 թվականի 0,25% կորուստներին, հասնում են մինչև 1,5 տրիլիոն ԱՄՆ դոլար[4]։
Աշխարհի խոշորագույն կենսաթոշակային հիմնադրամները
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Կենսաթոշակային ֆոնդի կանոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենսաթոշակային ամեն ֆոնդ ունի իր կանոնները, որ սահմանվում են ֆոնդի կառավարչի կողմից, բայց ուժի մեջ են մտնում միայն Կենտրոնական բանկի կողմից գրանցվելուց հետո։
Ֆոնդի կանոնները սահմանում են հետևյալը՝
- Ինչպես է կառավարվելու տվյալ ֆոնդը,
- Որտեղ են ներդրվելու միջոցները,
- Ինչպես են գնահատվելու ակտիվները,
- Ինչ վճարներ են գանձվելու և որքան։
- Այլ էական պայմաններ։
Կենսաթոշակային հիմնադրամները Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում 2014 թվականի հունվարի 1-ից գործում է բազմաստիճան կենսաթոշակային համակարգ, որն ներառում է երկու բաղադրիչ՝
- Բաշխողական կենսաթոշակային բաղադրիչ (Պետական կենսաթոշակ)
- Կուտակային կենսաթոշակային բաղադրիչ (Կուտակային կենսաթոշակ)
Կուտակային կենսաթոշակային բաղադրիչը իր հերթին կազմված է պարտադիր և կամավոր մասերից։ Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի կազմում Հայաստանում գործում են երկու ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչ կազմակերպություններ.
- «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերություն[5]
- «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն[6]
Նրանցից յուրաքանչյուրն առաջարկում է 3 տեսակի կենսաթոշակային ֆոնդ, որոնցից կարող է ընտրել ՀՀ քաղաքացին՝ իր կենսաթոշակը կուտակելու նպատակով։ Կենսաթոշակային բարեփոխումների մասին բնակչությանը իրազեկելու նպատակով ստեղծված է Հայաստանի միասնական սոցիալական պորտալ կայքը[7], որի միջոցով քաղաքացիները կարող են նաև կառավարել իրենց կուտակային կենսաթոշակային հաշիվները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мошенский С. З. Рынок ценных бумаг: трансформационные процессы. — М.: Экономика, 2010. — С.114 — ISBN 978-5-282-03043-3
- ↑ «Global Investment Review». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ The Economist Jan 17, 2008 (economist.com)
- ↑ «World's Biggest Pension Fund Plans to Start Investing in Emerging Markets». 2011 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Amundi - ACBA Asset Management official site
- ↑ C-QUADRAT Ampega Asset Management Armenia official site
- ↑ «Հայաստանի միասնական սոցիալական պորտալ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.