Կենդանիների հիգիենա
Կենդանիների հիգիենա, զոոհիգիենա (հուն․՝ ζῷον – «կենդանի» և ὑγίεια – «առողջություն» ὑγιεινός — «առողջ»), գիտություն կենդանիների առողջության պահպանման մասին։ Ուսումնասիրում է կենդանի օրգանիզմի փոխհարաբերությունը շրջակա միջավայրի հետ, մշակում միջավայրի անբարենպաստ պայմանները վերացնելու եղանակներ և որոշում կենդանիների առողջության ու մթերատվության վրա ազդող՝ պահելու, կերակրելու, խնամելու և օգտագործելու պայմանները։ Կենդանիների հիգիենայի խնդիրներից են նաև սանիտարական բարձրորակ անասնաբուծական մթերքներ ստանալը, շրջակա միջավայրի պահպանումը ֆերմաների ու համալիրների կեղտաջրերով, արտադրական թափոններով աղտոտումից։ Կենդանիների հիգիենան ուղղակի կապ ունի անտթոպոզոոնոզներից և մասնագիտական հիվանդություններից մարդուն զերծ պահելու հետ։ Կենդանիների հիգիենան, որպես հիվանդությունների կանխարգելիչ գիտություն, դասվում է անասնաբուժական գիտությունների շարքը և սերտորեն կապված է կենդանիների ֆիզիոլոգիայի, անասնաբուծության, թունաբանության և այլնի հետ։
Պատմական տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է կենդանիների հիգիենայի միջոցառումների մասին, որոնք իրականացվել են Հին Եգիպտոսում, Հին Չինաստանում, Հին Հնդկաստանում, Հին Հունաստանում, Հին Հռոմում։ Կենդանիների հիգիենայի զարգացման մեջ էական թռիչք է նկատվել Անգլիայում 15-րդ դարի վերջում և 16-րդ դարի սկզբին, ինչը պայմանավորված էր գյուղատնտեսության տնտեսական վերակազմավորումով[1]։
Բաժիններ, խնդիրներ, մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբերում են ընդհանուր և մասնավոր կենդանիների հիգիենա։ Ընդհանուր կենդանիների հիգիենան ուսումնասիրում է օդային միջավայրի և հողի, ջրի ու ջրելու, կերերի և կերակրման, անասնապահության շենքերի միկրոկլիմայի, ինչպես նաև կենդանիների ամառային ու ձմեռային պահվածքի ռեժիմի խնդիրները, սահմանում է անասնաբուծության շենքերի, անասնաբուժության և անասնաբուժասանիտարական օբյեկտների նախագծման, շինարարության և շահագործման հանդեպ պահանջները, ֆերմաներն ու անասնապահության համալիրները վարակիչ հիվանդությունների ներբերումից պահպանելու հարցեր։
Մասնավոր կենդանիների հիգիենան լուծում է պահպանման ու կերակրման պայմանների նույն խնդիրները, ըստ կենդանու տեսակի, տարիքի, սեռի և նշանակության՝ հաշվի առնելով երկրի կլիմայական զոնաները։ Կենդանիների հիգիենային առաջադրված խնդիրները լուծելու համար օգտագործում են հետազոտման վիճակագրական, կլինիկաֆիզիոլոգիական մեթոդներ։ Հայաստանում մշակվել են կենդանիների հիգիենայի հիմնական ուղղությունները. ուսումնասիրվել են կենդանիների օրգանիզմի վրա կլիմայի և միկրոկլիմայի ազդեցությունը, սահմանվել են շենքերի միկրոկլիմայի նպատակահարմար նորմեր, կատարվել օդափոխության ծավալի և անասնապահության շենքերի մակերեսի ու ծավալի, տարածքի նորմի հաշվարկներ, կատարվել են կերերի որակի որոշման, նրանց թունաբանության գնահատականի և այլնի վերաբերյալ աշխատանքներ։ Գիտահետազոտական աշխատանքներ են տարվել անասնաբուժական, գյուղատնտեսական գիտահետազոտություններում, անասնաբուժական, անասնաբուժանասնաբուծական և գյուղատնտեսական առանձին ինստիտուտներում (մասնավորապես՝ ՀԱԱՀ-ում)։ Կենդանիների հիգիենանյի վերաբերող լայն հետազոտություններ են կատարվում արևելաեվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլուր։ Յուրաքանչյուր 3–4 տարին մեկ անցկացվում է կենդանիների հիգիենայի միջազգային վեհաժողով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |