Անասնաբուժական սանիտարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անասնաբուժական սանիտարիա

Անասնաբուժական սանիտարիա (լատ՝. sanitas – առողջություն), անասնաբուծության գիտակարգ, ուսումնասիրում է կենդանիների հիվանդությունների՝ այդ թվում՝ անթրոպոզոոնոզների, կանխարգելման, նաև կենդանական ծագման մթերքների, հումքի և կերերի ստացման եղանակների սանիտարական որակը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերտորեն կապված է մանրէաբանության, համաճարակաբանության, միջատաբանության, ճիճվաբանության, ինչպես նաև քիմիայի, կենդանահիգիենայի և այլ գիտությունների հետ։ Հետազոտության օբյեկտներն են՝ հողը, ջուրը, անասնապահական շինությունների օդը, սննդամթերքը, կենդանական ծագման կերերը և հումքը, որոնցում առկա են ախտածին ու պայմանական ախտածին միկրոօրգանիզմներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անասնաբուժական սանիտարիան գիտական հիմնավորում է ստացել XIX դարի ֆրանսիացի գիտնական Լուի Պաստյորի հայտնագործությունից հետո։ Անասնաբուժական սանիտարիայի զարգացման գործում մեծ ներդրում ունեն նաև խորհրդային գիտնականներ Պոլյակովը, Յարնիխը, Զակոմիրդինը, Տալանովը և այլ գիտնականներ։ Նրանք ուսումնասիրել են արտաքին միջավայրում ախտածին միկրոօրգանիզմների կենսակերպը, ստացել են հողի, գոմաղբի, կերակրային մնացորդների, արյան, լորձի և այլ արտաթորանքների հետ քիմիական միջավայրի փոխազդեցության տվյալներ, վերծանել ախտահանիչ միջոցների ազդեցությամբ միկրոօրգանիզմների գերնուրբ կառուցվածքի մեխանիզմի փոփոխությունները, հաստատել ախտահանման համար քիմիական միջոցների օգտագործման արդյունավետ պայմանները, ուսումնասիրել ախտածին միկրոօրգանիզմների կենսագոյատևությունն արտաքին միջավայրի օբյեկտներում, մշակել վնասակար միջատների և կրծողների ոչնչացումը քիմիական միջոցներով, առաջարկել անասնապահական օբյեկտների ախտահանումն աերոզոլային եղանակով և այլն։ Անասնաբուժական սանիտարիայի հարցերն ուսումնասիրվում են գյուղատնտեսական, անասնաբուժական գիտահետազոտական ինստիտուտներում, լաբորատորիաներում, գիտական կենտրոններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։