Կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդ
Կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդ (լատին․՝ Globodera rostochiensis), կլոր որդերով (Nemathelminthes) հարուցվող հիվանդություն: Հայրենիքը Հվարավային Ամերիկան է:
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է աշխարհի գրեթե բոլոր կարտոֆիլացան երկրներում:Հայաստանում անգամ նկատվել է 1977 թվականին Արթիկի տարածաշրջանի (այժմ` Շիրակի մարզ) Լուսակերտ, Հոռոմ և Սարատակ գյուղերի տնամերձերի կարտոֆիլի ցանքերում: Ներկայում տարածված է Արթիկի, Վարդենիսի, Կրասնոսելսկի, Արագածի, Ապարանի, Աշոցքի, Մարտունիի, Կամոյի, Սպիտակի, Տավուշի, Սևանի, Գորիսի տարածաշրջաններում:
Ընդհանուր նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վնասատուն զարգացման ընթացքում անցնում է ձու, թրթուր (չորս հասակ), հասուն (արու կամ էգ) փուլերը: Էգերն սկզբում սպիտակավուն են, այնուհետև դեղնում են և ձեռք են բերում ոսկեդեղնավուն երանգ: Էգերն ունեն նաև ցիստային փուլ (մեռած էգեր): Յուրաքանչյուր ցիստ պարունակում է 50-1000 կենսունակ ձու և թրթուր: Արուները որդանման են, անգույն, 0,9-1,2 մմ երկարությամբ և 0,031-0,046 մմ լայնությամբ: Գարնանը՝ նպաստավոր ջերմության և խոնավության պայմաններում, ինչպես նաև կարտոֆիլի արմատների արտադրած խթանիչ նյութերի ազդեցությամբ, ցիստերի ձվերից դուրս են գալիս մեծ թվով թրթուրներ և ֆիքսվում արմատների վրա: Թրթուրները, մտնելով արմատի մեջ, կորցնում են շարժունակությունը, սնվում են բջիջների պարունակությամբ և [[Վեգետացիայի շրջան|վեգետացիայ]ի ընթացքում անցնում են զարգացման 4 փուլ: 4-րդ փուլի վերջում թրթուրներից ձևավորվում են էգեր կամ արուներ: Էգը պատռում է արմատի արտաքին շերտը, գլխով սևեռվում դրան և սնվում սննդանյութերով: Արուներն անցնում են հողի մեջ, զուգավորում էգերին, որից հետո սատկում են: Վեգետացիայի ընթացքում նեմատոդը տալիս է մեկ, սակայն նպաստավոր պայմաններում կարող է զարգանալ նաև 2-րդ սերունդը: Նեմատոդը լուրջ վնաս է պատճառում կարտոֆիլին: Միաժամանակ հայտնաբերվել է նաև լոլիկի, սմբուկի և մորմազգի մի քանի տեսակ մոլախոտերի վրա: Ավելի հաճախ այդ հիվանդության օջախներ հանդիպում են տնամերձերում, հատկապես այն հողերում, որտեղ կարտոֆիլն անընդմեջ աճեցվում է նույն տեղում: Նեմատոդից վնասված բույսերը դանդաղ են աճում, ունենում են բարակ ցողուններ, մանր տերևներ, որոնք վաղաժամ դեղնում են, և հաճախ բույսերը չորանում են: Բացի այդ զգալիորեն ընկնում է պալարագոյացումը, իսկ հաճախ՝ դադարում դրանց ձևավորումը:
Կարանտինային սահմանափակումներ և պայքարի միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անապահով տնտեսություներում կարտոֆիլի և մորմազգի այլ բույսերի ներմուծման արգելում, վարակված օջախների վարակազերծում, նեմատոդադիմացկուն սորտերի օգտագործում, ցանքաշրջանառություն, նեմատոցիդների կիրառում:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |