Կարապետ Իբրըիլյանու
Կարապետ Իբրըիլյանու | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 23, 1871[1] |
Ծննդավայր | Տարգու Ֆրումոս, Iași County, Ռումինիա |
Վախճանվել է | մարտի 11, 1936 (64 տարեկանում) |
Վախճանի վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Մասնագիտություն | լեզվաբան, սոցիոլոգ, գրականության պատմաբան, խմբագիր, գրական քննադատ և թարգմանիչ |
Լեզու | հայերեն և ռումիներեն[2] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ալեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարան |
Garabet Ibrăileanu Վիքիպահեստում |
Կարապետ Իբրըիլյանու (Garabet Ibrăileanu, 1871, մայիսի 23 - 1936, մարտի 12) - ծագումով հայ ռումինական գրող, բանասեր, թարգմանիչ։
Ծնվել է Ռումինիայի Տրգու Ֆրումոս ավանում, հայկական ընտանիքում։ 1890 թվականից սովորել է Յաշի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժնում։ Համալսարանն ավարտելուց հետո միառժամանակ զբաղվել է ուսուցչությամբ, ապա ամբողջովին նվիրվել գրական-բանասիրական, թարգմանչական աշխատանքի։
Գրել է բազմաթիվ աշխատություններ ռումինական գրականության տարբեր հարցերի և առանձին գրողների մասին։ Առավել նշանակալից գործերից են՝ «Քննադատական ոգին ռումինական մշակույթում», «Գրողներ և հոսանքներ», «Մշակույթ և գրականություն», «Ռումինացի և օտար գրողներ» և այլն, որոնք լույս են տեսել 1910-30-ական թթ. և լայն հետաքրքրություն ստեղծել նրա անվան շուրջ։ Նրա ուսումնասիրությունները նպաստել են ռուսական և եվրոպական գրականության, մասնավորապես Լև Տոլստոյի, Իվան Տուրգենևի, Մաքսիմ Գորկու, Անատոլ Ֆրանսի, Էմիլ Զոլայի և այլոց երկերի ծանոթացմանը ռումինացի ընթերցողին։
Թարգմանել է Գի դը Մոպասանի «Սիրելի բարեկամը» և այլ գեղարվեստական ստեղծագործություններ։
Գրել է արձակ ստեղծագործություններ, որոնցից «Ադելա» վեպը տպագրվել է 1933 թվականին և արժանացել ռումինական մեծ մրցանակի։
Հետմահու՝ 1948 թվականին ռումինական կառավարությունը նրան շնորհել է ռումինական ակադեմիայի իսկական անդամի կոչում։
Կապված է եղել հայկական շրջանների հետ, իր խմբագրած «Ռումինական կյանք» հանդեսում հաճախ է անդրադարձել հայ արվեստի, գրականության հարցերին։
Նրա ծննդյան 100-ամյակը նշվել է համաշխարհային չափանիշով, ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Brockhaus Enzyklopädie
- ↑ data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 7