Կառլ Վին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառլ Վին
գերմ.՝ Karl Wien
Կառլ Վին.jpg
Ծնվել էսեպտեմբերի 10, 1906(1906-09-10)
Վյուրցբուրգ, Բավարիա, Գերմանական կայսրություն
Մահացել է1937
Nanga Parbat, Gilgit-Baltistan, Պակիստան
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունլեռնագնաց և գիտնական
ՀայրՎիլհելմ Վին

Կառլ Վին (գերմ.՝ Karl Wien, սեպտեմբերի 10, 1906(1906-09-10), Վյուրցբուրգ, Բավարիա, Գերմանական կայսրություն - 1937, Nanga Parbat, Gilgit-Baltistan, Պակիստան), գերմանացի գիտնական աշխարհագրության ոլորտում, գիտությունների դոկտոր, լեռնագնաց, որը նոր երթուղիներով դեպի Ալպեր մի շարք վերելքներ է կատարել, ինչպես նաև կատարել է առաջին վերելքը Պամիրո Ալայի Քաուֆմանի (Լենինի) գագաթ։ Մասնակցել է գերմանական երեք հիմալայան արշավների դեպի Կանչենջանգա (1931), Սինիոլչու (6888 մ, առաջին վերելք, 1936) և Նանգա Պարբաթ (1937, եղել է ղեկավարը) գագաթներ: Մահացել է ձնահյուսի ժամանակ ալպինիստական ամբողջ խմբի հետ միասին 1937 թվականի հունիսի լույս 15-ի գիշերը։

Համառոտ կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Վինը ծնվել է Բավարիայի Վյուրցբուրգ քաղաքում, ֆիզիկոս-գիտնականի՝ ապագա Նոբելյան մրցանակակիր Վիլհելմ Վինի ընտանիքում (ընտանիքի միակ զավակն էր)։ Մյունխենի համալսարանում բարձրագույն կրթություն ստանալուց հետո որոշ ժամանակ աշխատել է Բեռլինում՝ «Siemens & Halske»-ի տեխնիկական լաբորատորիայում[1], իսկ ավելի ուշ մայրենի բուհում դասավանդել է աշխարհագրություն և զբաղվել է գիտական աշխատանքով[2]: 1930 թվականին Ստացել է դոկտորի աստիճան[1]:

1924 թվականին Կառլ Վինը միացել է Մյունխենի լեռնագնացների ակումբին, որտեղ ծանոթացել է բազմաթիվ ականավոր գերմանացի լեռնագնացների, մասնավորապես՝ Վիլհելմ Վելցենբախի հետ, որը դարձավ իր ուսուցիչը: 1926 թվականին նրա հետ միասին Կառլն առաջին անգամ բարձրացավ Գրոսգլոկների հյուսիսային պատ, Գլոկերինի հյուսիսարևմտյան պատ[3], ինչպես նաև Այսկյոգելի հյուսիսային պատ[1]։ 1927 թվականին Կառլ Վինը մասնակցել է Գերմանա-ավստրիական ալպինիստական ակումբի կողմից անցկացվող լուսանկարաչափական ուսումնասիրություններին Ցիլերտալյան Ալպերում։ 1928 թվականին Վիլլի Ռիկմերսի և Ռիչարդ Ֆինստերվալդերի գլխավորությամբ ռուս-գերմանական գիտահետազոտական արշավախմբի կազմում ճանապարհորդել է Պամիրո Ալայով, որտեղ Օյգեն Ալվայնի և Էրվին Շնայդերի հետ միասին կատարել է պատմության մեջ առաջին վերելքը դեպի Քաուֆմանի գագաթ (7134 մ) (հետագայում վերանվանվել է Լենինի գագաթ)` Կենտրոնական Ասիայի ամենաբարձր գագաթներից մեկը[2]:

1931 թվականին Կառլ Վինը դարձավ Պաուլ Բաուերի գլխավորած գերմանական հիմալայյան արշավախմբի անդամ, որը բարձրացավ Կանչենջանգա, որի ընթացքում «տեխնիկական աշխատանքից» բացի կատարում էր տեղագրություն և կազմեց Արևելյան Հիմալայների ամենախոշոր սառցադաշտի՝ Զեմուի առաջին ճշգրիտ քարտեզները։ Սեպտեմբերի 15-ին Հանս Հարթմանը (արշավախմբի անդամ) և Կառլ Վինը հասան 7650 մետր բարձրության, որն առավելագույն բարձրությունն էր, որ հնարավոր էր բարձրանալ ամբողջ արշավի ընթացքում[4]։

Երեք տարի անց գերմանացի աշխարհագրագետ Կառլ Տրոլի հետ լուսանկարաչափական և կլիմայաբանական ուսումնասիրություններ կատարեց Արևելյան Աֆրիկայի սարահարթում՝ ներառյալ Քենիա լեռան շրջանում: Ավելի ուշ զբաղվել է Կարմիր ծովի կլիմայաբանական ուսումնասիրություններով[1][2]:

1936 թվականին Կառլ Վինը միացավ Գերմանիայի հիմալայան հիմնադրամի կողմից ստեղծված ոչ մեծ հետազոտական մի արշավախմբի դեպի Սիկիմ։ Արշավախումբը գլխավորում էր Բաուերը։ Կառլ Վինից բացի մասնակիցների թվում էին նաև Ադոլֆ Գյոտները և դոկտոր Գյունտեր Հեպը: Օգոստոս-հոկտեմբեր ամիսներին Կառլ Վինը և նրա գործընկերները զբաղված էին Կանչենջանգայի և նրա հարակից տարածքների՝ Նեպալ, Թենթ և Թվինս գագաթների, Զեմու, Սինիոլչու, Զումտու և Նեպալ սառցադաշտերի տեղագրական չափումներով և քարտեզագրությամբ։ Սեպտեմբերի 23-ին Կառլ Վինը և Ադոլֆ Գյոտները պատմության մեջ առաջին անգամ բարձրացան Սինիոլչու (6888 մ)[5]։

Արշավ դեպի Նանգա Պարբաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին Կառլ Վինը գլխավորեց երրորդ գերմանական արշավախումբը դեպի Նանգա Պարբաթ (առաջինը տեղի է ունեցել 1932 թվականին, իսկ երկրորդը՝ 1934 թվականին և ունեցել է ողբերգական ավարտ` շարունակ վատ եղանակային պայմանների արդյունքում մահացել է 9 լեռնագնաց և խարակակիր): Խմբի անդամներից յոթը լեռնագնացներ էին, որոնցից չորսը նախորդ հիմալայական արշավախմբի վետերաններն էին (Ա. Գյոտներ, Գ. Հեպ, Գ. Հարտման և Պտեր Մյուլռիտեր): 1937 թվականի հունիսի լույս 15-ի գիշերը Ռաքիոթ Փիկից մեծ ձնահյուս է ընկնում արշավախմբի միջնակա հիմնական ճամբարի վրա (ճամբար IV, 6180), որն իր տակ թաղեց վերելքին մասնակցող բոլոր 7 լեռնագնացներին, ինչպես նաև 9 խարակակիրներին (ընդհանուր առմամբ 16 մարդու)։ Կառլ Վինի մարմինը (ինչպես նաև նրա օրագրերը և անձնական իրերը) հայտնաբերվել են 1937 թվականի հուլիսին Պաուլ Բաուերի որոնողական արշավախմբի կողմից և վերաթաղվել սառցադաշտում[2][6][7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Peter Aufschnaiter։ «Wien Karl, Biografie»։ AlpinWiki։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-04-03-ին։ Վերցված է 2016-03-24 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Richard Finsterwalder, Kenneth Mason KARL WIEN, IN MEMORIAM // The Himalayan Journal. — 1938. — Vol. 10.
  3. Karl Wien WILLI WELZENBAGH I900-I934 // The Himalayan Journal. — 1935. — Vol. 07.
  4. Paul Bauer The Fight For Kangchenjunga, 1931 (eng) // The Himalayan Journal / Kenneth Mason. — 1932. — Vol. 04.
  5. Dr. Karl Wien The Ascent of Siniolchu and Simvu North Peak // The Himalayan Journal. — 1937. — Vol. 09.
  6. PAUL BAUER NANGA PARBAT, 1937(անգլ.) // The Himalayan Journal. — 1938. — Vol. 10.
  7. «Karl Wien»։ Find A Grave։ Վերցված է 2015-08-17