Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 6, 2022 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Վազգեն Սարգսյան, հայազգի ռազմական և քաղաքական գործիչ։ Եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը 1991-1992 թվականներին և այնուհետև՝ 1995-1999 թվականներին։ Նա նաև եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Արցախյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի միացումը Խորհրդային Հայաստանին։ 1991 թվականի վերջին նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար։ Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ռազմա-քաղաքական հրամանատարներից մեկը։

Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում՝ դառնալով Հայաստանի քաղաքականության մեջ որպես մեծ ազդեցություն ունեցող գործիչ։ 1993 թվականին նա հիմնադրեց «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպություն։ 1996 թվականի նախագահական ընտրություններում սատարել է Հայաստանի գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ 1998 թվականին վերջինին ստիպեց նախագահի պաշտոնից հեռանալ, քանի որ Արցախի հարցում համաձայն չէր նախագահի դիրքորոշման հետ։ Այնուհետև օգնեց այդ ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանին ընտրվել Հայաստանի նախագահ։ 1999 թվականին Վազգեն Սարգսյանը միավորվեց «Հանրապետական կուսակցության» հետ և դաշինք կնքեց Խորհրդային Հայաստանի նախկին կոմունիստական առաջնորդ Կարեն Դեմիրճյանի հետ։ 1999 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններում նրանց դաշինքը հաղթանակ տարավ և մեծամասնություն ձևավորեց։ Սարգսյանը դարձավ վարչապետ և դե ֆակտո Հայաստանում որոշում ընդունող, որը վերահսկում էր երկրի զինված ուժերը և օրենսդիր մարմինը։

Սարգսյանը, Դեմիրճյանը և վեց այլ պատգամավորներ ու մեկ նախարար սպանվեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից։ Սպանությունների գլխավոր մեղավորները ցմահ դատապարտվեցին։ Սակայն կազմակերպիչների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը առիթ դարձավ առաջ քաշելու տարբեր վարկածներ։ Որոշ մասնագետներ և քաղաքական գործիչներ կարծում են, որ սպանությունները նախապատրաստել էին տեղի իշխանությունները, մյուսները կարծում են, որ դրանց ետևում թաքնված են օտարերկրյա ուժեր։

Չնայած տարբեր քննադատություններին՝ Վազգեն Սարգսյանը Հայաստանի իշխանությունների և հանրության լայն հատվածի կողմից ընդունվում է որպես ազգային հերոս։ Նրան տրվել է հերոսական Սպարապետ պատվանունը, քանի որ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության և Հայկական բանակի կայացման գործում։ Վազգեն Սարգսյանին շնորհվել են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրագույն կոչումները՝ Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս․․․ Ավելին