Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 32, 2021 թ.
Ադամանդե ձեռքը, խորհրդային էքսցենտրիկ կատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Լեոնիդ Գայդայը 1968 թվականին։ Սցենարը գրել են Մորիս Սլոբոդսկին, Յակով Կոստյուկովսկին և Լեոնիդ Գայդայը։ Կինոնկարի հիմքում ընկած է պատմություն այն մասին, թե ինչպես են արտասահմանցի մաքսանենգները խորհրդային զբոսաշրջիկ Սեմյոն Սեմյոնովիչ Գորբունկովին շփոթում փոխադրող-գործակալ Գենադի Կոզոդոևի հետ։ Սյուժեն պտտվում է չարագործների՝ գիպսե վիրակապում թաքնված ադամանդները վերադարձնելու համառ, բայց անհաջող փորձերի շուրջ։ Գլխավոր հերոսի կերպարն ստեղծելիս սցենարիստները հաշվի են առել Յուրի Նիկուլինի դերասանական տվյալները, որը դերասանական կազմում ընդգրկվել է առանց կինոփորձերի։ Ֆիլմում նկարահանվել են նաև Անդրեյ Միրոնովը, Անատոլի Պապանովը, Նոնա Մորդյուկովան, Սվետլանա Սվետլիչնայան, Ստանիսլավ Չեկանը, Վլադիմիր Գուլյաևը, Նինա Գրեբեշկովան և այլ արտիստներ։ Նկարահանումներն անցկացվել են 1968 թվականի ապրիլից մինչև նոյեմբեր Սոչիում, Ադլերում, Տուապսեում, Գժատսկում, Պավլովսկայա Սլոբոդայում, Մոսկվայի նատուրալ օբյեկտներում և «Մոսֆիլմի» տաղավարներում։ «Արտասահմանյան տեսարանները» նկարահանվել են Բաքվում։ Առանձին տեսարանների վրա աշխատելիս ֆիլմի ստեղծողներն օգտագործել են համակցված նկարահանումներ, մեխանիկական հատուկ էֆեկտներ և այլ տեխնոլոգիաներ։
Սցենարի հաստատման գործընթացում և նկարահանումների ժամանակ գեղարվեստական խորհրդի առաջարկությամբ ժապավենից հանվել են մի շարք դրվագներ, վերահնչյունավորվել կամ ճշգրտվել են կերպարների առանձին խոսքեր։ Քննադատների մի մասը շատ զուսպ է վերաբերվել «Ադամանդե ձեռքի» թողարկմանը։ Գայդայի ժամանակակից գրախոսների հավանությանը չի արժանացել ռեժիսորի կողմից «հնացած հնարքների» օգտագործումը, «հին կրկեսային ռեպրիզների» հանդեպ նրա հակվածությունը, «ներդրված էստրադային համարների» ընդգրկումը ժապավենում։ Ուսումնասիրողների կարծիքով՝ «Ադամանդե ձեռքը» խորհրդային և արտասահմանյան կինոարտադրության ծաղրանմանակում է. դրանում կարելի է գտնել յուրօրինակ հղումներ «Չապաև», «Բերանբացը», «Դեպի հյուսիս՝ հյուսիս-արևմուտքով» ֆիլմերից, Ջեյմս Բոնդի մասին կինոնկարներից։ Ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպինը... Ավելին⇒