Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 31, 2022 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Վանի թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։

Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Լուտիպրին մ.թ.ա. 844-834թթ., այնուհետև Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին, որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, Էրիմենան, Ռուսա Գ-ն և Ռուսա Դ-ն․․․ Ավելին