Խոտի դեզ Ժիվերնիում
Խոտի դեզ Ժիվերնիում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կլոդ Մոնե |
տարի | 1886 |
բարձրություն | 60,5 սանտիմետր[1] |
լայնություն | 81,5 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Ֆրանսիա[1] |
ուղղություն | իմպրեսիոնիզմ |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[1] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Խոտի դեզ Ժիվերնիում» (ֆր.՝ Une meule près de Giverny), ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից և ամենակարկառուն ներկայացուցիչներից Կլոդ Մոնեի նկարներից[2]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1886 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 60,5 × 81,5 սմ։
Այսօր «Խոտի դեզ Ժիվերնիում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում[3] (Սանկտ Պետեբուրգ, Ռուսաստանի Դաշնություն)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլոդ Մոնեն 1883 թվականին տեղափոխվել է Ժիվերնի. այստեղ հեղինակը դեզերի տեսարանով մի քանի կտավներ է վրձնել, այդ թվում և հայտնի «Դեզեր» շարքը՝ նկարած 1889-1891 թվականներին։ «Խոտի դեզ Ժիվերնիում» ստեղծագործությունը չի մտնում այդ շարքի մեջ։ Ա. Գ. Բարսկայան նշել է, որ թեպետ դեզի մոտիվները մեծ տեղ ունեն Մոնեի արվեստում հատկապես 1890-ական թվականներին, սակայն այս կտավում այն առավել քիչ է արտահայտված[4]։ Ա. Գ. Կոստենևիչը նշում է, որ նկարում պատկերված տեղանքը կոչվել է «Ամիսկուրի պարապուտ», իսկ երևացող տների հարևանությամբ Մոնեն կառուցել է իր արվեստանոցը, որտեղ էլ ստեղծել է «Ջրաշուշանների» հայտնի շարքը[5]։
Նկարի պատմության մասին տեղեկությունները քիչ են։ Հնարավոր է, որ ինչպես Մոնեի շատ նկարներ, սա ևս գնել է Պոլ Դյուրան Ռուելը և երկար ժամանակ պահել իր պատկերասրահի ֆոնդերում։ 1904 թվականին Դյուրանից նկարը ձեռք է բերում մոսկվացի արդյունաբերող և կոլեկցիոներ Սերգեյ Շչուկինը[6]։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո վերջինիս հավաքածուն ազգայնացվել է և տեղափոխվել Նոր արևմտյան արվեստի պետական թանգարան, իսկ 1930 թվականին փոխանցվել է Էրմիտաժին[4]։
2014 թվականի վերջից ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքում (403 սրահ)[7]։
«Խոտի դեզ Ժիվերնիում» ստեղծագործությունը նկարելուց մեկ տարի առաջ Կլոդ Մոնեն հենց նույն տեսարանով ստեղծում է մեկ այլ նկար՝ «Կակաչների դաշտ, Ժիվերնի» անվանումով։ Սա Էրմիտաժում պահվող նկարից տարբերվում է նրանով, որ մի քիչ ավելի մոտիկից է նկարված և դեզը բացակայում է։ Այդ բնանկարը մի ժամանակ պատկանել է ամերիկացի բանկիր և ԱՄՆ ֆինանսների նախարար Էնդրյու Մելոնին, իսկ վերջինիս մահից հետո նկարը տեղափոխել են Ռիչմոնդի Կերպարվեստի Վիրջինյան թանգարան[8]։
Էրմիտաժի Արևմտաեվրոպական կարպարվեստի բաժնի գլխավոր գիտական աշխատակից Ալբերտ Կոստենևիչն իր ակնարկում, որը վերաբերում է 19-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիական արվեստին, «Խոտի դեզ Ժիվերնիում» ստեղծագործության մասին այսպես է բնութագրել.
Բայց ինչքա՛ն գունագեղ է այն՝ Մոնեի բնությունը։ Նրա դեզերից հետո միօրինակ ու պակաս հրապուրիչ են թվում անգամ այնպիսի վարպետի դեզերը, ինչպիսին է Միլլեն։ «Խոտի դեզ Ժիվերնիում» նկարում հասունացած իմպրեսիոնիզմը արժանապատվորեն հանդես է գալիս շատ հստակորեն և, պատահական չէր, որ այս նկարի ստեղծումից հինգ տարի հետո Մոնեն վերադարձավ դեզերի մոտիվներին՝ ստեղծելով իր հայտնի շարքը։ <…> Մոնեն օգտագործել է ոչ անորոշ՝ գորշականաչադեղնադարչնավուն երանգներ, այլ մաքուր գույներ, որտեղ միմյանց են փոխարինում դեղին, կարմիր, զմրուխտ-կանաչ վրձնահարվածները[9]։ - Ալբերտ Կոստենևիչ
|
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Խոտի դեզ Ժիվերնիում» ստեղծագործությունում Կլոդ Մոնեն պատկերել է խոտի դեզ, որը գտնվում է բլրի զառիկողին։ Դաշտը պատված է կարմիր ծաղիկներով, որոնք կակաչներ են։ Դաշտի սահմանին երևում են մի քանի տներ, իսկ դրանցից հետո՝ ծառեր։ Ներքևի ձախ անկյունում հեղինակը կապույտ ներկով թողել է իր ստորագրությունը և տարեթիվը՝ Claude Monet 86:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/28486/
- ↑ «Искусство, каким вы его еще не видели». ar.culture.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Стог сена в Живерни, Клод Моне, 1886 - описание картины». Музеи мира и картины известных художников (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
- ↑ 4,0 4,1 Барская, Костеневич, 1991, էջ 313
- ↑ Костеневич, т. 2, 2008, էջ 111
- ↑ Семёнова, 2019, էջ 102
- ↑ Государственный Эрмитаж. — Моне, Клод. «Стог сена в Живерни»
- ↑ «VMFA. — Claude Monet. Field of Poppies, Giverny». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Костеневич, т. 1, 2008, էջ 184—185
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Барская А. Г., Костеневич, А. Г. Французская живопись. Вторая половина XIX — XX век. Каталог (Государственный Эрмитаж. Собрание западноевропейской живописи). — Л.: Искусство, 1991. — 473 с.
- Костеневич, А. Г. Искусство Франции. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. I. — 532 с. — ISBN 978-5-93572-295-1
- Костеневич, А. Г. Искусство Франции. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. II. — 204 с. — ISBN 978-5-93572-297-5
- Семёнова Н. Ю. Щукин. Биография коллекции. — М.: Слово, 2019. — 528 с. — ISBN 978-5-387-01554-0
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խոտի դեզ Ժիվերնիում կատեգորիայում։ |